Որքան էլ Ադրբեջանը փորձի միջազգային իրավունքն ու մարդու իրավունքների թեման անտեսել՝ առաջնայնությունը տալով ուժի կիրառման միջոցով հարցերի լուծմանը, միևնույնն է, որոշ ժամանակ անց միջազգային իրադրության փոփոխության պարագայում արդեն միջազգային իրավունքը կարող է կիրառվել հենց իրենց դեմ։ Դրա մասին գիտակցում են նաև Բաքվում՝ մանավանդ որ Հայաստանը միացել է Միջազգային քրեական դատարանին՝ վավերացնելով Հռոմի ստատուտը։ Օրինակ՝ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ Միջազգային քրեական դատարանի կողմից տրված օրդերի հիման վրա կարող է ձերբակալվել Ֆիլիպինների նախկին նախագահ Ռոդրիգո Դուտերտեն՝ մարդկության դեմ հանցագործությունների գործով։ Ուստի, բացառված չէ, որ մի քանի տարի հետո նույնը կարող է տեղի ունենալ Իլհամ Ալիևի ու Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչների հետ, որն ամիջականորեն պատասխանատու է ցեղասպանական, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Բնականաբար, Ալիևի ռեժիմը գիտակցում է նման սցենարի հնարավորությունը։ Դրա համար էլ պատահական չէ, որ հայկական կողմի առաջ դրված պահանջներից մեկն էլ հայցերից փոխադարձ հրաժարումն է։
Բայց իրականում այստեղ խնդիրը միայն հայկական կողմի՝ միջպետական գանգատներից հրաժարվելն է։ Պարզ է, որ ադրբեջանական կողմի հայցերը հայկական կողմի համար, ըստ էության, վտանգ չեն ներկայացնում, ինչքան ցանկանում են, կարող են այդպիսի գանգատներ ներկայացնել, քանի որ դրանք շինծու են և անապացուցելի։
Փաստացի այս դեպքում գործ ունենք իրավական գործիքից միակողմանի (հայկական կողմից) հրաժարման գործընթացի հետ այն պայմաններում, երբ ադրբեջանական կողմի կատարած հանցանքները կոնկրետ չափելի ու արձանագրելի են՝ սկսած արցախցիների շրջափակումից՝ կյանքի համար անհամատեղելի պայմանների ստեղծումից, վերջացրած գերիների սպանությունով և դաժան վերաբերմունքով։
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի արդեն 4 միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ եթե գործընթացը շարունակվի, ապա կարող են նոր գանգատներ ներկայացվել նաև այլ դատական ատյաններ, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարան։ Դրա համար էլ Ադրբեջանում չափազանց շահագրգռված են, որ Հայաստանը շուտափույթ հետ կանչի իր հայցերը, քանի դեռ խայտառակ հանցագործությունների մասին փաստերն իրավական նշանակություն չեն ձեռք բերել։ Իսկ Հայաստանի այդ պարտավորությունը կարող է արձանագրվել խաղաղության համաձայնագրի շրջանակներում։ Այդ իսկ պատճառով էլ Ալիևը հայտարարում է, թե իրենց ստորագրված թուղթ է պետք։
Կարդացեք նաև
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում