Կառավարության վերջին նիստում ուշադրություն գրավեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակելու պատրվակով Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը: Նրան, պարզվում է, զարմացրել ու նույնիսկ զայրացրել է, երբ տեղեկացել է, որ ժամանակին մեծ աղմուկով հարուցված քրեական գործերը կարճվել են կամ, ավելի վատ, դեռ քննության փուլում են: Չէ, Փաշինյանի խոսքի ցուցադրական «զարմանքի» այդ հատվածն ավելի լավ է մեջբերել. «Ես զարմանքով և մի փոքր էլ զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ-աղաղակով հարուցվել են, մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք՝ այդ քրեական գործը, որ լրատվականների առաջին էջերում էր, ի՞նչ եղավ, և ստանում ենք մի կարճ տեղեկանք՝ նախաքննությունը շարունակվում է: Սա, կներեք, անթույլատրելի է, պետք է, ի վերջո, թե՛ հանրությունը, թե՛ կառավարությունը պատասխան ունենա»:
Ինչպիսի՜ անակնկալ, կամ՝ ո՜վ կարող էր պատկերացնել: Իսկ եթե առանց սարկազմի, ապա Փաշինյանն այս հարցում էլ անկեղծ չէ այն առումով, թե տարիներ անց է հետաքրքրվել ինչ-ինչ «գործերի» ընթացքով ու միայն վերջերս հանկարծակի տեղեկացել է, որ «նախաքննությունը շարունակվում է»: Հեքիաթ՝ միամիտների համար:
Նիկոլ Փաշինյանն ինքն ինքը չէր լինի, եթե անդադար չհետաքրքրվեր իր իսկ հուշումով կամ հրահանգով հարուցված աղմկահարույց «գործերի» ընթացքով: Դա շատ հեշտ է ապացուցել ու հիմնավորել. գրեթե բոլոր դեպքերում, երբ դատարանում փլուզվել են «աղմկահարույց գործերը», կամ բանն անգամ լիարժեք դատաքննության փուլին չի հասել, կամ մեղադրյալները կալանքից ազատվել են, անմիջապես հետևել են որոշակի պատժամիջոցներ նման որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ: Այսինքն, գործադիր իշխանությունը աչալուրջ հետևել է այդ գործերի ընթացքին, ավելին՝ որոշակի ճնշումներ է բանեցրել, որպեսզի իրեն ցանկալի հետևանքներ լինեն:
Ինչ վերաբերում է բուն հարցին, որի առնչությամբ, ինչպես Փաշինյանն ինքն է ասում, զայրացել է: Տեսեք-տեսեք՝ աղմուկ-աղաղակով հարուցված գործերը տարիներ շարունակ դեռ քննության փուլում են: Էհ, ո՞ւմ համար է գաղտնիք, որ այդ գործերի մեծ մասը գերազանցապես ցուցադրություն է, շոու՝ այսպես ասած: Դրանց ամբողջ իմաստն ու նպատակը հենց աղմուկն է եղել: Այսինքն, այդ «գործերը», հնչեցված մեղադրանքներն այնքան անհիմն են եղել, որ նույնիսկ փաշինյանական իշխանության նվիրյալ քննիչները «քննում-քննում», բայց այդպես էլ չեն կարողանում կոնկրետ մեղադրական եզրակացության հասնել, այնպիսի «քար ծակող» հիմնավորումներ գտնել, որ գործը հասցնեն դատարան: Դրա համար էլ «գործերը» քննիչների դարակներում «քնած» են, լինի դա Քննչական կոմիտեում, թե Հակակոռուպցիոնում: Այսինքն, այնքան թույլ են եղել մեղադրանք(ներ)ի հիմքերը, որ ոչ մի բան էլ չի հիմնավորվել:
Կարդացեք նաև
Տակը բան չկա՝ ժողովրդական բառուբանով ասած: Թեպետ, չէ, մեկ բան այդ ամենի տակ կա. այն, որ բոլոր այդ աղմուկ-աղաղակներն ինտենսիվորեն օգտագործվել ու շահագործվել են Փաշինյանի ու նրա իշխանության կողմից՝ իրենց գովաբանության, «փիարի» համար, հատկապես տարբեր ընտրություններից առաջ:
Կարճ ասած՝ դրանք նախընտրական շոուներ են եղել կամ այդ շոուների բաղկացուցիչ մաս՝ «պատին ծեփելու, ասֆալտին փռելու» տեսարանների ապահովում, ուրիշ ոչինչ:
Եվ այդ համատեքստում հասկանալի է դառնում նաև, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը հատկապես հիմա «հանկարծակի հիշել» հին, «աղմուկ-աղաղակային» գործերի մասին և հանձնարարել, որ դրանք մի հատ էլ, ինչպես հայտնի կինոյում է ասվում, «քննեն»:
Շոու է պետք: Երկիրը, կարելի է ասել, նախընտրական տրամադրությունների ու ինչ-ինչ սպասումների մեջ է: Եվ, չունենալով հանրությանն առաջարկելու ոչինչ, Փաշինյանը ավելի հնարամիտ բան չի մտածել, քան իրավապահ համակարգի տարբեր մարմինների գզրոցներում փոշու տակ մնացած «գործերը» թարմացնելն է:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում