Մինչեւ 1991 թվականն իմ հայրենիքը եւ պետությունը Խորհրդային Հայաստանն էր, դրանից հետո Հայաստանի Երրորդ հանրապետությունը: Նույնը, կարծում եմ, կարող է ասել իմ սերնդակից ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը: «Նախորդ» պետությունն ուներ սարսափելի, հրեշավոր արատներ, եւ փառք ու պատիվ մեր այն հայրենակիցներին, որոնք պայքարում էին այդ պետության դեմ: Այդ նույն պետությունը (իմ ապրած տարիներին), երբեմն՝ ի հեճուկս իր հիմնական գաղափարախոսական ձգտումների, ձեւավորել էր գիտություն, մշակույթ, որոշակի արժեքային համակարգ, որոնք նախապատրաստեցին 1988 թվականի Ղարաբաղյան շարժումը, շարժում՝ հանուն ազգային ինքնության եւ արժանապատվության:
Երրորդ Հանրապետությունը ստեղծվեց ինչպես մի պետություն, որն իր վրա պարտավորություն էր վերցրել՝ երաշխավորել Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը: 1990-ականների սկզբին այդ պետությունն ունեցավ փայլուն հաղթանակներ, որոնք 1998-ից հետո, զուտ ներքաղաքական պատճառներով, սկսեցին մերժվել: Հիմա էլ շատերն այդ մերժողականության ալիքի վրա են: Մոտավորապես այսպես՝ «իմ հարեւանի հորեղբոր տղան իր աչքով է տեսել, թե ինչպես է Լեւոնը պայթեցնում գնացքները՝ լուցկի եւ չոր սպիրտ վաճառելու համար»: Այսօրվա մորթապաշտության, նիհիլիզմի եւ անտարբերության սաղմերը, կարծում եմ, այդ ժամանակ դրվեցին:
Այժմ իմ պետությունը եւ իմ հայրենիքը դարձյալ Հայաստանի Հանրապետությունն է: Բայց դա այն հանրապետությունը չէ, որը ստեղծվել է 1991 թվականին: Այս պետությունը ոչ միայն ի վիճակի չէ եւ չի ցանկանում պաշտպանել արցախցիների իրավունքներն ու անվտանգությունը, այլեւ պաշտոնական մակարդակով ատելություն ու թշնամանք է սփռում մեր այդ հայրենակիցների հանդեպ: Այսինքն՝ ամեն ինչ գլխիվայր շուռ է եկել. այն, ինչ Երրորդ Հանրապետության գաղափարական հիմքն էր, այժմ համարվում է մի խնդիր, որը խոչընդոտում է մեր ինքնիշխանությանը:
Իսկ ի՞նչն է այդ ինքնիշխանությանը «նպաստում»: Ըստ պաշտոնական վարկածի՝ «խաղաղության համաձայնագիրը», որը, սակայն, իրականում ոչ թե բանակցված է, այլ պարզապես գրված է Ադրբեջանի կողմից: Հավանաբար, այդ ինքնիշխանությունը զորանալու է նաեւ նույն Ադրբեջանի պահանջով ՀՀ սահմանադրության փոփոխությամբ եւ ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադառնալով» (հենց այդ պահանջներն են օրակարգում): Այ, դրանից հետո հաստատ չի մնա ո՛չ հայրենիք, ո՛չ էլ պետություն:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Առաջին նախագահի օրոք տեղի ունեցած գրեթե ամեն ինչ, բացի հաղթանակից, մերժում եք, փորձում ներկայացնել որպես միֆ, բամբասանք։ Ինչու՞