Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե շենքերի տանիքների վերանորոգումը տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթն է, միանշանակ չէ. «Փաստերի ստուգման հարթակ»

Մարտ 22,2025 09:30

Կառավարության մարտի 13-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե շենքերի տանիքների վերանորոգմամբ զբաղվելը տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթ է:

«Մեր սիրելի քաղաքացիները, երբ որ նամակներ են գրում, ասում են, որ մեր շենքի տանիքը կաթում է, մեր բակում այս չկա, մեր բակում այն չկա, կներեք կառավարության գործը չի ընդհանրապես այդ շենքի տանիքներով զբաղվել, չնայած մենք ստիպված ենք զբաղվել, դա մաքուր ՏԻՄ ֆունկցիա է, իսկ ՏԻՄ-ը դրանով կարող է զբաղվել, եթե ունենա բյուջե», — նշել է Փաշինյանը:

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է «Տեղական ինքնակառավարման մասին» և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքները և պարզել, որ շենքերի ընդհանուր տարածքների, այդ թվում՝ տանիքների վերանորոգումը համայնքային պատասխանատվության շրջանակում է, եթե դա վերաբերում է համայնքային սեփականությանը կամ ենթակառուցվածքներին։  Այսինքն շենքերի տանիքների վերանորոգման հարցը բազմաշերտ է և կախված է շենքի կառավարման ձևից։

Ի՞նչ են ասում օրենքները

Այսպես, տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն, համայնքի ղեկավարը կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է համայնքի սեփականություն համարվող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը:

Համայնքի ղեկավարը նաև նախապատրաստում է համատիրությունների հիմնադիր ժողովները, աջակցում է դրանց անցկացմանը։

Նաև ապահովում է համայնքի մասնակցությունն այդ շենքերի սպասարկմանը` իր սեփականությունը համարվող բնակարանների քանակին համապատասխան. կազմակերպում է այն բազմաբնակարան շենքերի պահպանումը, որոնք չեն կառավարվում համատիրությունների կամ օրենքով սահմանված` բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից. համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանումն իրականացնելու նպատակով, օրենքով սահմանված կարգով, համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարների չափերը:

Համատիրության ստեղծումն ու պարտականությունները

«Համատիրության մասին» օրենքի համաձայն, համատիրության գործունեության հիմնական նպատակներն են` օրենքով սահմանված կարգով իրականացնել բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարումը, օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնել և պաշտպանել շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր շահերը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, դատական և այլ իրավասու մարմիններում, իրականացնել այլ խնդիրներ:

Համատիրության միջոցները գոյանում են համատիրության անդամների և շենքի այլ շինությունների սեփականատերերի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարումներից և այլ վճարումներից և օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե շենքերի տանիքների վերանորոգումը տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթն է, միանշանակ չէ, քանի որ տանիքը համարվում է ընդհանուր գույք և եթե շենքը ունի համատիրություն կամ կառավարման այլ մարմին, ապա տանիքի վերանորոգումը այդ կառավարման մարմինների պարտականությունն է, եթե չունի ապա վերանորոգումն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմինը:

Սյուզաննա ՀԱՄԲԱՐՁՈԻՄՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31