«Մինչ այդ Հայաստանը եւ, մեծ հաշվով, Ադրբեջանը հանդես են գալու որպես «մանրադրամ»։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ավելի լավ է ընկալում իրավիճակը եւ փորձում է առավելագույնը կորզել». «Առավոտի» զրուցակիցն է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ, հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը:
-ՀՀ իշխանական շրջանակները, միջազգային հանրություն կոչվածը, ոգեւորված են՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը, որը համաձայնագրի վերածվեց, պատրաստ է։ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ կստորագրի, անգամ միակողմանի, բայց Ալիեւը «վստահություն չունի» հայկական կողմի նկատմամբ, դա էլ հանգեցրել է «կիրթ» Ալիեւի ախորժակի մեծացման, հռետորաբանության կոշտացման։ Արհեստակա՞ն է տպավորությունը, որ Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակման հիմքեր է փորձում ստեղծել, թե՞ բանը դրան է հասնելու։
-Նախ՝ հարկավոր է հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում, այսպես կոչված՝ «Խաղաղության պայմանագիրը»։ Ցավոք, գոնե՝ Հայաստանում, գրեթե չկա այդ իրավական ակտի բովանդակությանը եւ կետերին ծանոթ անձ։ Եվ, պարադոքսն այն է, որ մենք, չիմանալով դրա մանրամասները, բուռն քննարկումներ ենք կազմակերպում։ Ավելին՝ կարծում եմ, որ ոչ միայն հայ հասարակությունն, այլեւ ՀՀ օրվա բարձրագույն իշխանության ներկայացուցիչները, ընդհուպ Փաշինյան Նիկոլը, մանրամասն չգիտեն, թե ի՞նչ է գրված այդ փաստաթղթում։ Ենթադրում եմ՝ աշխարհի ինչ-որ բեւեռից կամ բեւեռներից կա փաստաթուղթ ստեղծելու հանձնարարական։ Եվ փաստաթուղթը ստեղծելու ընթացքում, անընդհատ հակասություններ են առաջանում բեւեռների միջեւ։ Ընդ որում, հակասությունները կարող են նաեւ ընդհանրապես կապված չլինել հայ-ադրբեջանական հակամարտության հետ։ Օրինակ՝ Հայաստանն ու Ադրբեջանը զբաղված են պայմանագրի տեքստի «խմբագրմամբ», իսկ այդ ընթացքում ԱՄՆ-ն անսպասելիորեն ռմբակոծում է հուսիթների դիրքերը, ինչին դեմ է Ռուսաստանը։ Այդ դեպքում, ռուս-ամերիկյան շփման էպիկենտրոնը տեղափոխվում է Եմեն եւ դրանով պայմանավորված շտկվում է հանձնարարականը, քանզի հուսիթների հետ կապված բեւեռների պայմանավորվածություններն աշխարհաքաղաքական իմաստով ավելի ծանրակշիռ են։ Եվ այսպես շարունակ։ Սիրիա, Ուկրաինա, հուսիթներ, Իրան, Իրաք, Լիբիա, Համաս, Հեզբոլահ… Ադրբեջանը եւ, առավելեւս՝ Հայաստանն աշխարհում չունեն մեծ կշիռ, հետեւաբար՝ պետք է սպասեն, մինչեւ ձեւավորվի նոր աշխարհակարգ։ Քանի որ Հայաստանի օրվա իշխանությունները թե դրսում, թե ներսում չունեն վստահության պաշար, ապա նրանք շտապում են։ Շտապում են ինչ-որ թուղթ ձեռք բերել, որպեսզի գոնե այդ թղթով աշխարհին ներկայանան։ Այսօր այդ թուղթը «Խաղաղության պայմանագիրն է», որը, ինչպես ասացի, կստորագրվի միայն նոր աշխարհակարգի ձեւավորումից հետո։ Մինչ այդ, Հայաստանը եւ, մեծ հաշվով, Ադրբեջանը հանդես են գալու որպես «մանրադրամ»։ Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն ավելի լավ է ընկալում իրավիճակը եւ փորձում է առավելագույնը կորզել։
Ինչ վերաբերում է հնարավոր պատերազմին, ապա խնդիրը երկու կողմ ունի։ Նախ՝ եթե Հայաստանի օրվա իշխանությունները շարունակեն զիջումների քաղաքականությունը, ապա ի՞նչ իմաստ ունի պատերազմը։ Ադրբեջանն առանց պատերազմի կստանա այն, ինչ ցանկանում է։ Սակայն, Հայաստանի օրվա իշխանությունները, բացի զիջումների քաղաքականությունից, արտաքին աշխարհի հետ փաստացի իրագործում են երկերեսանի քաղաքականություն։ Անձամբ ինձ համար անհասկանալի է Հայաստանի օրվա իշխանության արտաքին քաղաքական վեկտորի ուղղությունը։ Երկերեսայնությունը երկար շարունակվել չի կարող, իսկ շարունակվելու դեպքում՝ պատերազմն անխուսափելի է։
Կարդացեք նաև
-Միաժամանակ, Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց N24.4259 նախագիծը՝ «Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» վերնագրով։ 46 անդամներից 29-ը կողմ քվեարկեցին նախաձեռնությանը, որով կոչ է արվում Շվեյցարիայի իշխանություններին հիմնել առանձնացված հարթակ՝ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ երկխոսության համար։ Այս նախաձեռնության նպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական եւ արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք։ Նույն միջազգային հանրության ներկայացուցիչները խոսում են արցախցիների վերադարձի մասին, ՀՀ իշխանությունը՝ լռում է։
-Շնորհակալություն Շվեյցարիային։ Կարծում եմ՝ տվյալ հարցը պետք է ուղղել արցախցիներին։ Ուշադիր՝ ոչ թե Արցախի ղեկավարությանը, այլ հենց արցախցիներին։ Արդյո՞ք միջին վիճակագրական արցախցին պատրաստ է վերադառնալ Արցախ եւ ինտեգրվել Ադրբեջանին։ Չգիտեմ։ Չեմ կարծում։ Մեծ հաշվով, Շվեյցարիայի կողմից նման հարցի բարձրացումը դրական ազդեցություն կթողնի պատմության մեջ։ Ի վերջո, հազար կամ երկու հազար տարի հետո ինչ-որ մեկը կբացի արխիվները եւ կպարզի, որ Արցախում հայեր են ապրել, ապացույց՝ Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատը՝ Կանտոնների խորհուրդը, ընդունեց N24.4259 նախագիծ։ Իրավական իմաստով, լուրջ փաստաթուղթ է, իրականում՝ անիրագործելի։ Առավելագույնը՝ այդ փաստաթղթի շրջանակներում քննարկումներ եւ սեմինարներ կանցկացվեն, ինչ-որ մարդիկ դրամաշնորհներ կստանան եւ վերջ։ Այդ առումով, ՀՀ օրվա իշխանությունը խոսի դրա մասին, թե չխոսի, ոչինչ չի փոխվի։ Ավելի լավ է չխոսի, քանզի իրենց խոսելը որեւէ դեպքում լավ բանի չի բերում։
Ի դեպ, քանի որ խոսքը Շվեյցարիայի մասին գնաց, ապա ասեմ, որ Շվեյցարիան այն պետություններից է, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացված է։ Լավ կլինի, որ օրերից մի օր Շվեյցարիայում քրեական հետապնդում իրականացվի Հայոց ցեղասպանությունը ժխտող Հայաստանի օրվա իշխանությունների ներկայացուցիչների դեմ։
-ՀՀ հերոս հարկատուների հաշվին թուրք լրագրողները եկան, հանդիպեցին Փաշինյանի հետ, եղան հայ-թուրքական սահմանի այն հատվածում, որը հայաստանցի լրագրողների համար փակ է, գնացին եւ գրեցին, որ Հայաստանը իր «հորինած» 1915 թվականի ցեղասպանության փլատակների տակ մնացած, տնտեսապես խեղճ, աղքատ ու կործանման եզրին կանգնած երկիր է, որի միակ փրկությունը Թուրքիայի հետ սահմանի բացումն է։ Տեսնո՞ւմ եք այդ չարաբաստիկ սահմանի բացման նախադրյալներ եւ ո՞ւր կտանի մեզ նման քարոզչական մեկնարկով գործընթացը։
-Այդ սահմանն ուշ, թե շուտ բացվելու է։ Խնդիրն այն է, թե ի՞նչ պայմաններով է բացվելու։ Իսկ, ինչ վերաբերում է թուրք լրագրողների ասածներին, ապա իրենք եկել էին, որ հենց դա ասեն։ Այսինքն, ի սկզբանե, որեւէ մեկը չէր կասկածում, որ թուրք լրագրողները պետք է ցեղասպանության «հորինված» լինելու վերաբերյալ խոսեն։ Ենթադրում եմ, որ ցեղասպանության «հորինված» լինելու մասին ակնարկները Փաշինյան-Էրդողան հեռու գնացող եւ լայն շրջանակ ունեցող պայմանավորվածությունների արդյունք է, ընդ որում, այդ պայմանավորվածությունների նախաբանի մի փոքր հատվածն է։ Կարծում եմ՝ նույն պայմանավորվածությունների արդյունքում, շուտով Հայաստան կգան թուրք պատմաբաններ, իրավաբաններ եւ այլք։ Այսինքն, լրագրողներով խնդիրը չի ավարտվում։
Կցանկանայի անդրադառնալ թուրք լրագրողների այն պնդումներին, որոնցով վերջիններս Հայաստանն անվանել են «տնտեսապես խեղճ, աղքատ ու կործանման եզրին կանգնած երկիր»։ Այստեղ թուրք լրագրողներին մեղադրել չի կարելի։ Ցավոք, ճիշտ են թուրք լրագրողները։ Այսպես շարունակվելու դեպքում, Հայաստանը կկործանվի։ Եվ այստեղ Էրդողանը, Ալիեւը կամ թուրք լրագրողները որեւէ մեղք չունեն։ Վերջերս զրուցում էի 27 տարեկան երիտասարդի հետ, ում նկատմամբ անարդար էին վարվել։ Երիտասարդը գիտակցում էր անարդարությունը, սակայն կտրականապես հրաժարվեց դրա դեմ պայքարել։ Վերջինս ասաց, որ «պայքարն անիմաստ է, քանզի թե թուղթն է իրենց ձեռքում, թե գրիչը»։ Պատկերացնու՞մ եք։ Ընդամենը 27 տարեկանում։ Հասկացա, որ «թե թուղթն է իրենց ձեռքում, թե գրիչը» արտահայտությունը դարձել է Հայաստանի բնակիչների ապրելաձեւը՝ կրեդոն։ Պարզից էլ պարզ է, որ այդ կրեդոյով ապրող մարդիկ «տնտեսապես խեղճ, աղքատ ու կործանման եզրին կանգնած երկրում են» ապրելու։ Այլ տարբերակ չկա։ Սերնդափոխություն է անհրաժեշտ եւ կրթություն, կրթություն ու կրթություն։
-Թրամփ-Պուտին դարակազմիկ հեռախոսազրույցից հասանելի դարձած տեղեկությունները եւ դրան հաջորդած գործընթացները ի՞նչ են հուշում, մեր տարածաշրջանում ուժերի ի՞նչ հարաբերակցություն է ձեւավորվում, եւ որտե՞ղ է Հայաստանի տեղը կամ կա՞ այն, առհասարակ։
-Ցավոք, օրվա իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում, Նոր Հայաստանն իրենից ոչինչ չի ներկայացնում։ Եթե ժամանակին մենք միջազգային ատյաններ ներկայանում էինք «թղթե շերեփով», ապա այսօր նույնիսկ այդ «թղթե շերեփը» չկա։ Որպես «թղթե շերեփ» օրվա իշխանությունները փորձում են օգտագործել «Խաղաղության պայմանագիրը», սակայն դա էլ չի ստացվում։
Կարծում եմ՝ մենք մեր մասին մեծ կարծիք ունենք։ Այդպես չէ։ Ո՞վ ասաց, որ Թրամփ–Պուտին շփումներում ընդհանրապես հիշատակվում է Հայաստանը։ Ավելին՝ եթե չլինեին սփյուռքի կուսակցական կառույցները, որոնք Հայաստանի օգտին լոբբինգ են իրականացնում, ապա Հայաստանը ոչ ոք չէր հիշի։ Հիմա, Թրամփն ու Պուտինը Հայաստանի վերաբերյալ ի՞նչ խոսեն։ Անկեղծ՝ լավ չեմ պատկերացնում։ Հայաստանն այն երկիրն է, որի բնակիչների մեծ մասը փաստացի ցանկանում են Հայաստանը դարձնել Բելառուս կամ Թաթարստան։ Հայաստանն այն երկիրն է, որի բնակիչների մեծ մասը սպասարկում է այլ պետության շահերը։ Թրամփն ու Պուտինը Հայաստանի մասին ի՞նչ խոսեն՝ Հայաստանը Բելառո՞ւս դառնա, թե՞ Թաթարստան։ Հավատացեք, Թրամփին եւ Պուտինին դա միեւնույն է։ Թրամփին՝ քանզի իր գործը չէ, Պուտինին՝ քանզի նրա համար ի՞նչ տարբերություն։ Այսինքն, ես չեմ տեսնում այն հիմքը՝ «շերեփը», որը կարող է Հայաստանն աշխարհաքաղաքական գործոն դարձնել։ Մեզ մնում է սպասել։ Նոր աշխարհակարգի ձեւավորումը կավարտվի եւ մեզ ինչ-որ տեղ կհատկացնեն։
Հայաստանի այսօրվա խղճուկ վիճակի համար պատասխանատու ենք առաջին հերթին մենք։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
21.03.2025