Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդեմ «Թեղուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հրամանի

Մարտ 22,2025 12:00

Վճռաբեկ դատարանը մարտի 17-ին որոշում կայացնելով, արձանագրեց, որ «Որպես կանոն, վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքում որոշում կայացնելիս, ՀՀ վարչական դատարանն իր տրամադրության տակ ունենում է միայն հայցվոր կողմի ներկայացրած փաստարկները, փաստերն ու ապացույցները, ինչով պայմանավորված, գործնականում չի բացառվում, որ դատարանը որոշում կայացնելիս վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատի միջնորդության քննարկման համար էական նշանակություն ունեցող այնպիսի փաստի կամ ապացույցի բացակայության պայմաններում, որին տիրապետելու պարագայում կմերժեր վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը»:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից երկու տարի առաջ տրված կատարողական թերթի համաձայն, պետք է անվարվեր ճանաչել «Թեղուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 2020 թվականի թիվ 096-Կ հրամանը, Կարեն Ղազարյանին վերականգնել ընկերության գործադիր տնօրենի պաշտոնում, ընկերությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչ նրան իր նախկին աշխատանքում վերականգնելը: Ըստ ընկերության, եթե չկասեցվի այդ գումարի հանձնումը, ապա ընկերությունը կունենա «զգալի չափի» վնաս, որը կազմում է 635.348.482 ՀՀ դրամ…

ՀՀ վճռաբեկ դատարան էր դիմել երրորդ անձ Կարեն Ղազարյանը: Նրա բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշման դեմ էր՝ վերաքննիչ բողոքը բավարարելու որոշման դեմ. վարչական գործով ըստ հայցի «Թեղուտ» ՓԲ ընկերության՝ ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Կարեն Ղազարյանի՝ «պարտապանի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Կարեն Ղազարյանը դիմել էր վարչական դատարան միջնորդությամբ, այն բավարարվել էր, իսկ վերաքննիչ վարչական դատարանը վերացրել է այդ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշումը:

Ըստ Վճռաբեկ դատարան դիմած երրորդ անձ Կ.Ղազարյանի՝ «վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննության սահմաններից»:

Վճռաբեկ դատարանը ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ «վիճարկվում է այնպիսի վարչական ակտ, որն ուղղված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման ապահովմանը»:

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի կասեցնելու որոշման իրավաչափությունը կարող է ստուգվել վերաքննության կարգով համապատասխան որոշումը բողոքարկելու միջոցով, օրենսդիրն էլ տվել է իրավական հնարավորություն այդ որոշումը վերացնելու: Վճռաբեկ դատարանը բավարարել է Կարեն Ղազարյանի բողոքը, վերացրել վերաքննիչ վարչական դատարանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31