Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստացված ժամկետից մեկ տարի անց էլ YouTube դրամայնացումը ՀՀ-ում անհասանելի է

Մարտ 22,2025 13:30

Երեկո է։ Բազմոցին նստած կամ մահճակալին պառկած, YouTube-ով լրատվական տեսանյութ, ֆիլմ կամ որեւէ հաղորդում ես դիտում։ Հանգիստ դիտում ես, եւ հանկարծ տեսանյութն ընդհատվում է գովազդով։

Հայաստանում նման բան տեղի չի ունենում, քանի որ Հայաստանում ակտիվացված չէ YouTube ալիքների դրամայնացումը։ Մինչդեռ, վերը նկարագրված իրավիճակը շատ ծանոթ է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ղազախստանի, հարեւաններ Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի եւ եւս 78 երկրների շուկաների սպառողների համար։

Ըստ YouTube-ի՝ դրամայնացումը բովանդակություն ստեղծողների համար գումար աշխատելու տարբեր միջոցներ, այդ թվում՝ ներդրվող գովազդ, ապրանքների վաճառք, վճարովի բաժանորդագրում, առաջարկող յուրահատուկ մեխանիզմ է։

Ստացվում է, որ յութուբերները, որոնց մեջ մտնում են թե՛ անհատ բլոգերներ, թե՛ լրատվամիջոցներ եւ այլ կազմակերպություններ, չեն կարողանում գումար աշխատել իրենց բովանդակության հայաստանյան դիտումներից։ Կարեւոր է նկատել, որ այդ գումարը բովանդակություն ստեղծողի համար միայն եկամուտի աղբյուր չէ, այլեւ նոր որակյալ բովանդակություն ստեղծելու դրամական միջոց։

Բանակցությունները շարունակվում են. նախարարություն

ՀՀ-ում YouTube-ի դրամայնացման ծառայություններն ակտիվացնելը «պայմանավորված է միայն «YouTube» ընկերության մասնավոր, գործարար որոշմամբ», փոխանցեցին մեզ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Գերատեսչությունից տեղեկացրին՝ «նախորդ տարիներին նախարարությունն ակտիվորեն բանակցություններ է վարել «Google» եւ «YouTube» ընկերությունների հետ՝ Հայաստանում «YouTube»-ի ծառայությունների հասանելիության ապահովման նպատակով»՝ հավելելով, որ բանակցությունները շարունակվում են։

Սա այն պարագայում, երբ 2023-ի նոյեմբերին վարչապետ Փաշինյանը հավաստիացրել էր՝ 2024-ի առաջին կեսին դրամայնացումն արդեն հասանելի կլինի։

«Եթե հույսներս դնենք դրա վրա, ոչ մի տեսանյութ չենք կարողանա պատրաստել»

«Հայկական արտադրությամբ տեսանյութերը դրամայնացվում են դրսից, օրինակ՝ Եվրոպայից եւ Ամերիկայից դիտումների հաշվին»,-բացատրում է «Առավոտ» օրաթերթի յութուբյան ալիքի մասնագետ Արթուր Դեւրիկյանը։

Նրա խոսքով՝ հայաստանյան յութուբյան ալիքները շատ քիչ երկրների շուկաների միջոցով են կարողանում գումար վաստակել։ Ռուսաստանյան դիտումներն էլ, պատժամիջոցների պատճառով, դրամայնացման ենթակա չեն։

2009-2012 թվականներին հեռարձակված «Բանակում» հեռուստասերիալի սցենարիստ Անդրանիկ Իսահակյանը նորաստեղծ YouTube ալիք ունի։ Հեռուստասերիալից հայտնի դերասաններով հաղորդումներ են նկարահանում։

«Դրամայնացումից գեներացվող գումարը շատ չնչին է»,- փաստում է սցենարիստն ու շարունակում՝ «Եթե հույսներս դնենք դրա վրա, ոչ մի տեսանյութ չենք կարողանա պատրաստել»։

Վրաստանն ավելի հարմար երկիր է YouTube-ի համար

Իսկ Արթուր Դեւրիկյանը մանրամասնեց, որ դրամայնացման բացակայությունը հայկական յութուբյան տիրույթում հանդիպող միակ խնդիրը չէ։

«Արտերկրի դիտումներից գոյացված գումարը բանկում կանխիկացնելու համար կա միջնորդավճար, որոնք բավականին բարձր է։ Եթե քո բովանդակությունը չի համապատասխանում AdSense-ի (Google-ի, որը YouTube-ի սեփականատերն է, գովազդային քաղաքականությանը -խմբ.), 30% Google-ն է պահելու։ Գումարած այս ամենին, պետությունն այժմ էլ ասում է, որ այս եկամուտը պետք է հայտարարագրես, 10% տաս պետությանը»,-մեկնաբանում է նա եւ ավելացնում՝ «դա այն դեպքում, որ պետությունը քեզ համար ոչինչ չի անելու, եթե յութուբյան ալիքիդ որեւէ բան պատահի»։

Դեւրիկյանը եզրահանգում է՝ անձի աշխատած գումարից բան չի մնում։ Առհասարակ, նա կարծում է, որ Հայաստանը հարմար երկիր չէ YouTube-ի համար՝ ի տարբերություն Վրաստանի։

«Վրաստանում YouTube-ից գեներացված գումարը կանխիկացնելու համար, կախված բանկից, միջնորդավճարը չնչին է կամ ընդհանրապես չկա, պետական գանձում եւս չկա։ Ես խորհուրդ եմ տալիս յութուբյան ալիք ունեցող հայերին դրամայնացման իրենց հաշիվները բացեն Վրաստանում, մի քանի ամիսը մեկ գնան Վրաստան, այնտեղ կանխիկացնեն գումարը»,-նշում է նա՝ շեշտելով, որ այդպես ավելի շահեկան է։

Անկատար մնացած խոստում

Դրամայնացման ակտիվացման մասին իշխանությունները ժամանակ առ ժամանակ խոսում են։

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հիմա մեզ խոստանում է, որ 2024 թվականի առաջին կիսամյակից այդ համակարգը կսկսի գործել։ Հույս ունեմ, որ իսկապես այդպես էլ կլինի», – հայտարարել էր Փաշինյանը 2023-ի վերջին՝ համոզմունք հայտնելով, որ դա կխթանի հայաստանյան ստեղծագործունակությանը եւ կրթությանը։

Այդ ընթացքում նախարար փոխվեց։ Արդյո՞ք դա կապված է ժամկետների խախտման հետ, հայտնի չէ։

2019-ին, այն ժամանակ ոլորտը համակարգող նախարար Հակոբ Արշակյանը նշել էր, որ ՀՀ-ն ընդգրկված չէ YouTube-ի գործընկերների ծրագրում (YouTube Partner Program), որն էլ դրամայնացման բացակայության պառճառն է։

«Դրա համար էլ մեր բլոգերները, այն ընկերությունները, որոնք ուզում են գումար աշխատել կոնտենտից, այլ երկրներում են գրանցվում», -ասել էր նախարարը։

Վեց տարի անց էլ պատկերը շատ չի տարբերվում։ Ստուգեցինք հայկական տասը անհատ բլոգերների, լրատվամիջոցների եւ կազմակերպությունների յութուբյան ալիքների գրանցման վայրը։ Տասն էլ ԱՄՆ-ում էին։

Իհարկե, սահմանված ժամկետում YouTube-ի դրամայնացումը չակտիվացնելը իշխանության անկատար թողած միակ խոստումը չէ, սակայն հատկանշական է, որ կառավարությունից որեւէ կոնկրետ պատճառաբանություն չեն տվել, թե ինչը խոչընդոտեց 2024-ին այն մեկնարկելու համար։

Այս հարցով նաեւ Google-ին էինք դիմել։ Մեր հարցումն անպատասխան մնաց։

Նախորդ տարվա սեպտեմբերի 18-ին ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել էր Հայաստան ժամանած Google-ի պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում «քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել գործուն մակարդակի հասցնելու հնարավորություններն, անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում «YouTube»-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաեւ «Google» քարտեզների ճշգրտման հարցերին»։

Ժամկետների մասին խոսք չկար։

Ձեռնարկվում են քայլեր. նախարարություն

Մեզ հետ զրույցում սցենարիստ Անդրանիկ Իսահակյանը հույս հայտնեց. «Այ, երբ որ Հայաստանում էլ դրամայնացումը միանա, գուցե հնարավոր լինի գումար աշխատել»։

ԲՏԱ նախարարությունից էլ վստահեցնում են՝ ձեռնարկում են համապատասխան քայլեր ՀՀ-ում դրամայնացումը մեկնարկելու մասին YouTube-ի որոշմանը հասնելու համար։

Իսկ մինչ այն չի միացել, կարող ենք շարունակել տեսանյութեր դիտել առանց գովազդային կարճատեւ ընդմիջումների։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.03.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31