Լրահոս
Օրվա լրահոսը

Չենք բացառում, որ ոչնչացվել են շատ կարեւոր հետքեր, որոնք կարող էին լույս սփռել այս ողբերգության ամբողջական պատկերի վրա. Նորիկյան

Մարտ 21,2025 23:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում այսօր շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը:

Մեղադրյալներից Եղիշե Հակոբյանն այսօր առարկեց հրապարակային դատաքննությանը, դատարանը չթույլատրեց տեսանկարահանումն ու ձայնագրումը:

Նիստից հետո տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը Aravot.am-ին ասաց, որ այսօր նիստին հարցաքննվել է գործով վկա, դեպքի վայրում հրշեջների խմբի հրամանատարը. «Այդ անձի ցուցմունքով եւս մեկ անգամ պարզ դարձավ, որ դեպքի վայրը խախտվել է: Այդ խախտումն իրականացվել է ՀՀ օրենսդրության կոպտագույն խախտումներով: Քննչական խմբին հնարավորություն չի տրվել, որ հասնի ժամանակին ու իրականացնի անհետաձգելի քննչական միջոցառումներ: Դեռ պետք է պարզել՝ քննչական մարմինը դիտավորյա՞լ է ուշ եկել, թե՞ օբյեկտիվ պատճառներից ելնելով…. թե՛ հրշեջ ծառայության, թե՛ ռազմական ոստիկանության, թե՛ քննչական մարմինների, թե՛ զորամասի զինված ուժերի համապատասխան հրամանատարական կամ ստորաբաժանումների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից կոպտորեն խախտվել են իրենց իրավասությունների շրջանակում իրենց վրա դրված պարտականությունները: Ինչի արդյունքում խախտվել է դեպքի վայրը, ինչի արդյունքում չենք բացառում, որ ոչնչացվել են շատ կարեւոր հետքեր, որոնք կարող էին լույս սփռել այս ողբերգության ամբողջական պատկերի վրա»:

Փաստաբանի խոսքով, այսօր նաեւ քննարկվել է երկու մեղադրյալներ Գոռ Ալեքյանի եւ Մառլեն Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը: Դատարանի որոշմամբ ՝ կալանքը փոխարինվել է տնային կալանքով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31