«Տպավորությունը, թե Հայաստանի սահմանի երկայնքում Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել, համենայնդեպս մենք ժամանակ առ ժամանակ տեսել ենք և դիտարկել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ և այլն: Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրել է մեր կառավարությունը, ես եմ հրավիրել և ես շնորհակալ եմ նրանց մեր այդ հրավերին արձագանքելու համար»,-Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո դիտորդները հեռանալու են Հայաստանից:
Ըստ Փաշինյանի՝ պետք է հիշել, թե ի՞նչ նպատակով է կառավարությանը Եվրամիության դիտորդներին հրավիրել Հայաստան, բնականաբար տեղակայվելու և աշխատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ որպես կայունության և ինչ-որ առումով խաղաղության միջոց և գործոն: «Եվ հիմա ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթն ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։ Այսինքն՝ մինչև այդ կետը, համենայնդեպս՝ այս հարթության մեջ, որևէ խոչընդոտ չկա, որ Եվրամիության դիտորդներն աշխատեն»,-նշեց Փաշինյանը։
«Համաձայնագրի ստորագրման արդյունքում ստանում ենք մեր սահմաններին խաղաղության և կայունության ավելի ուժեղ գործոն, ավելի հուսալի գործոն, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ խաղաղությունը չնախընտրեինք և նախընտրեինք միջանկյալ գործոնը, որը շատ կարևոր գործոն է։ Այսինքն՝ մեր նպատակն այն է, որ մեր սահմանի երկայնքով ունենանք խաղաղություն և կայունություն: Եվ երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք այլևս կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն, և այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ»,- ասաց Փաշինյանը։
Այն դիտարկմանը, թե Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին նեղություն չտալը ենթադրում է, որ նրանք հեռանո՞ւմ են երկրից, Փաշինյանը պատասխանեց. «ԵՄ դիտորդներին նեղություն չտալը նշանակում է, որ այդ նեղություն տալու անհրաժեշտությունը, ըստ էության, չկա: Եվ երկրորդ՝ նշանակում է, որ Հայաստանն ու Եվրամիությունը կպայմանավորվեն դիտորդական առաքելության հետագա ճակատագրի և գործունեության ձևերի, մեթոդների մասին։Այց հարցում դեռ որոշում չկա, բայց նաև ես կարծում եմ, որ ՀՀ տարածքում դիվանագիտական կամ երրորդ երկրների, կամ երրորդ կողմերի հետ մեր հարաբերությունները մեր ինքնիշխան հարաբերությունների հարցն է, և դրանք երկկողմ մակարդակում կքննարկվեն ու լուծումներ կստանան»,-պատասխանեց վարչապետը:
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ