Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննչական կոմիտեն բաց է թողել հստակ հնարավորություն` բացահայտելու խոշտանգման դեպք և պատասխանատվության ենթարկելու խոշտանգման հարցում մեղավորներին»․ Ռոման Երիցյան

Մարտ 21,2025 23:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նախաքննական մարմինն արդեն բաց է թողել իր հնարավորությունը բացահայտելու այս հանցագործությունը և ձեռք բերել այն բոլոր ապացույցները, որոնք բավարար կլինեին այս անձանց մեղադրանք առաջադրելու համար»,- ծեծի ենթարկված արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի և ոստիկանների հետ առերսումից հետո ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց հայտարարեց Տիգրանի փաստաբան Ռոման Երիցյանը։

Նա հայտնեց, որ առերեսում եղել է ՀՀ Լոռու մարզային վարչության պետի և Տիգրանի, ինչպես նաև Տիգրանի ու իր վկայակոչած այն ոստիկանի հետ, որն իր նկատմամբ բռնություն է գործադրել։ Տիգրան Ուլուբաբյանը նաև Քննչական կոմիտեում հիշեց, որ լրագրողների կողմից արձանագրված անձնավորությունը հանդիսանում է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի վարորդը։

Ռոման Երիցյանն ասաց, որ առերեսման ընթացքում մի քանի հետաքրքիր հանգամանք է պարզ դարձել․ «Մասնավորապես պարզ դարձավ, որ Լոռու մարզային վարչության շենքում տեղակայված են մի քանի տեսախցիկներ, բայց դրանց արձանագրությունները չեն պահպանվում, քանի որ բացառապես առցանց ռեժիմով են աշխատում: Պարզ դարձավ նաև, ինչպես մյուս կողմերն են նշում, որ Տիգրան Ուլուբաբյանը ոչ թե տարվել է ոստիկանություն, այլ ընդամենը հրավիրվել, և նա, որ այդ ամբողջ ընթացքում ազատ է գտնվել և ոչ թե ձերբակալվածի կարգավիճակում: Ինչպես նաև պարզ դարձավ, որ առկա են մի քանի արձանագրություններ օպերատիվ հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ, իսկ քննիչը առգրավել է, թե՝ ոչ, անհասկանալի է։ Նաև նշում են, որ արձանագրությունները կազմվել, ստորագրվել են, սակայն Տիգրան Ուլուբաբյանն այդ գործողություններին չի մասնակցել»։

Փաստաբանը նշեց՝ կան որոշակի տվյալներ, որոնք մեր տեսանկյունից այդքան էլ գովելի չեն․ «Այնքանով, որքանով ուշ քրեական վարույթ նախաձեռնելու հանգամանքով պայմանավորված և քննչական ակտիվ գործողություններ չձեռնարկելու հանգամանքով պայմանավորված արդեն իսկ բավականին ապացույցներ ոչնչացվել կամ անհետացել կամ առհասարակ թաքցվել են։ Մնացածն արդեն քննությամբ կպարզվի»։

Հարցին՝ խոշտանգման դրվագների վերաբերյալ ի՞նչ արձանագրվեց, Ռոման Երիցյանը պատասխանեց․ «Խոշտանգման դրվագների վերաբերյալ Տիգրանը համառորեն և վստահաբար պնդել է իր ցուցմունքը։ Այն կողմից որոշակի դրվագներ ընդունել են, բայց կոնկրետ բռնության փաստը, ծնողների հասցեին հայհոյանքներ հնչեցնելը չեն ընդունել։ Տիգրանը ներկայացրել է դեպքի այնպիսի մանրամասներ, որոնք հորինել հնարավոր չէ»։

Ռոման Երիցյանն ասաց՝ նախաքննական մարմինն իր անելիքն արդեն պետք է արած լիներ, ուստի հետագա սպասելիքների վրա հույս դնել չի ուզում։ Նա ևս մեկ անգամ պնդեց՝ Քննչական կոմիտեն բաց է թողել հստակ հնարավորություն բացահայտելու խոշտանգման դեպք և պատասխանատվության ենթարկելու խոշտանգման հարցում մեղավորներին»։

Հարցին՝ Արթուր Պողոսյանի խոստացված օբյեկտիվ քննությունը հոդս է ցնդե՞լ, Ռոման Երիցյանն այսպես արձագանքեց․ «Արդեն այդ հնարավորությունը սպառվել է։ Այսուհետ անգամ եթե հրեշտակային օբյեկտիվ քննություն իրականացվի, այն չի ծառայելու իր նպատակներին։ Ինչ պիտի արվեր, մինչև հիմա պիտի արվեր հանցագործությունը բացահայտելու և մերկացնելու ուղղությամբ,   ինչը մինչև հիմա չի արվել»։

Տիգրան Ուլուբաբյանն էլ նշեց․ «Իրենք հերքում են, որ տենց բան է եղել, որ ինձ չեն հայհոյել։ Դա սպասելի էր։ Ես հետևում եմ՝ տեսնեմ փաստաբանն ինչ է ասում, իմանամ իմ անելիքը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31