Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդաշեն» ՔԿՀ-ում Եղիշե Հակոբյանի հայտնած տեղեկատվությունը ճիշտ պահին կդարձնենք հանրության սեփականություն. փաստաբան

Մարտ 21,2025 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում այսօր շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը:

Մեղադրյալներից Եղիշե Հակոբյանն այսօր առարկեց հրապարակային դատաքննությանը, դատարանը չթույլատրեց տեսանկարահանումն ու ձայնագրումը:

Նիստից հետո տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորիկ Նորիկյանը Aravot.am-ին ասաց, որ Եղիշե Հակոբյանի խնդրանքով որոշ ժամանակ առաջ ինքը ու Հակոբյանի պաշտպանն այցելել են «Վարդաշեն» ՔԿՀ, տեղի է ունեցել մեկ ժամից ավելի տեւողությամբ հանդիպում:

«Որոշակի հանգամանքների վերաբերյալ Եղիշե Հակոբյանը տվել է որոշակի տեղեկություններ, դրանք ճիշտ պահին կդարձնենք հանրության սեփականություն: Այն քարոզարշավն ու շոուն, որ իրականացվում է Եղիշեի անձի նկատմամբ, փորձ է արվում հանրության մոտ ձեւավորել տպավորություն, որ այս գործով Եղիշեի մեղավորությունը հիմնավորված չէ: Պետք չէ չմոռանալ, որ ՀՀ-ում արդարադատությունը իրականացվում է միայն դատարանի կողմից:

Պետք է զերծ մնանք ավելորդ պիտակավորումներից, հարգենք զոհված 15 զինծառայողների հիշատակը:

Եթե ինքն անմեղ է կամ գտնում է, որ այն պաշտոնական մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը, ինքը պետք է խոսի, ասի ճշմարտությունը՝ ինչ է տեղի ունեցել իրականում:

Բայց մենք տեսնում ենք հակառակ պատկերը: Ի դեմս Եղիշեի, տեսնում ենք, իրականությունը թաքցնելուն միտված վարքագծի դրսեւորում: Եթե բան կա ասելու, ձեզ ոչ մեկը չի խոչընդոտում, որ ասեք:

Հանրությանը տրամադրվում է սխալ տեղեկատվություն, հանրության մոտ ձեւավորվում է խեղճ անձի կերպար, որը չի կարող ունենալ դրական հետեւանքներ»,- ասաց փաստաբանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31