Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում այսօր շարունակվեց Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը:
Մեղադրյալներից Եղիշե Հակոբյանն այսօր առարկեց հրապարակային դատաքննությանը, դատարանը չթույլատրեց տեսանկարահանումն ու ձայնագրումը:
Նիստից հետո տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը Aravot.am-ին ասաց, որ բավականին անհասկանալի ու անսպասելի էր Եղիշե Հակոբյանի առարկությունը:
Փաստաբանի խոսքով, երկու տարի է՝ նիստերն ընթանում են, դրանց մեծ մասը լուսաբանվել է. «Ինձ մոտ համոզմունք է ձեւավորվում, որ Եղիշե Հակոբյանը որոշակի հրահանգավորումներ է ստանում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական տարբեր հարթակներով տիկտոկյան արդարադատություն է իրականացվում, փորձելով Եղիշեից կերտել անմեղ կամ այլ դրական առումով կերպար: Խնդրում եմ՝ նկատի ունեցեք, որ այս քրեական վարույթի հրապարակայնացումը հենց առաջին հերթին Եղիշեի շահերից է բխում: Ինքը պետք է շահագրգիռ լիներ, որ այս վարույթի քննությունն ընթանա հրապարակային, հանրությունն իմանա՝ ինչ է տեղի ունեցել իրականում: Չեմ բացառում, որ նրա նկատմամբ հոգեբանական կամ այլ տեսակի ճնշում է գործադրվում: Նրա վարքագծում վերջին շրջանում շեշտակի փոփոխություններ են նկատվում, չեմ կարող ասել, թե ինչով է դա պատճառաբանվում»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ