«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նախագահությամբ այսօր Գյումրիում տեղի ունեցավ հայ-ռուսական տնտեսական կոնֆերանս՝ նվիրված Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ու «ազատ քաղաքի» կարգավիճակ տալու նախագծին։
Քննարկմանը մասնակցում էին ինչպես Հայաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչներ, տնտեսագետներ, այնպես էլ ՌԴ-ից փորձագետներ, պաշտոնատար անձինք, պատգամավորներ։ Նրանք միացել էին տեսակապով։
Կոնֆերանսին մասնավորապես մասնակցում էին ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը, ՌԴ էկոնոմիկայի զարգացման նախարարության արտաքին առևտրի համառուսական ակադեմիայի ինտեգրման պրոցեսների ինստիտուտի առաջատար գիտական աշխատակից Անդրեյ Պետրոսյանը, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը, քաղաքագետներ Երվանդ Բոզոյանը և Ստեփան Դանիելյանը։
Կարդացեք նաև
Ներկա էր նաև Գյումրիում ՌԴ հյուպատոսության հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն։
Այն անցավ աշխույժ քննարկմամբ, Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը բացման խոսքում նշեց, որ Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու ու այն «ազատ քաղաք» դարձնելու իրենց նախաձեռնությանը մեկ ամսվա ընթացքում միացել են 7700 գյումրեցիներ, սակայն եթե մի փոքր ավել ժամանակ լիներ, կմիանային 7000-ը։
Նա առաջարկեց որպես աշխատանքային լեզու՝ ընտրել ռուսերենը, որպեսզի կոնֆերանսը հասկանալի լինի նաև ռուս գործընկերներին։
Անդրանիկ Թևանյանը իր հերթին ներողություն խնդրեց աշխատանքային լեզուն ռուսերենն ընտրելու համար՝ նշելով, որ դա արվում է քննարկումն արդյունավետ դարձնելու նպատակով։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդը ներկայացրեց իրենց ծրագիրը՝ նշելով, որ «ազատ քաղաք» հասկացողությունը չինական մոդելից է վերցված, այն կամ ազատված է հարկերից, կամ հարկերը կիսով չափ են։ Անդրանիկ Թևանյանը պարզաբանեց, որ նման քաղաքները Չինաստանում անվանում են «հարկային դրախտավայր»։
Նա հիշեցրեց, որ 1988 թվականին Գյումրիում աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել, որի պատճառով երբեմնի արդյունաբերական քաղաքը վերածվել է աղքատ տեղանքի՝ հայտնվելով սոցիալ-ճգնաժամային իրավիճակում։
Սակայն քաղաքը մինչև օրս պահպանում է իր ստրատեգիական կարևոր նշանակությունը․ իր աշխարհագրական դիրքով գտնվում է Վրաստանի ու Թուրքիայի հարևանությամբ, ավելին՝ հյուսիս-հարավ ճանապարհահատվածի հանգուցային հատվածում է։
Բացի այդ, ըստ բանախոսի, այս քաղաքում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը քաղաքին տալիս է քաղաքական ու ռազմական կարևոր նշանակություն։
Մյուս կարևոր առավելությունը, ըստ Անդրանիկ Թևանյանի, այն է, որ այս քաղաքը, բացի ծովայինից ունի տրանսպորտային բոլոր միջոցները․ օդանավակայան, երկաթուղի, երկաթգծի կայարան։
Առավելություններից մեկն էլ այն է, որ Գյումրին ունի համապատասխան աշխատուժ, որն անհրաժեշտության դեպքում կարող է վերաորակավորվել։
Այս քաղաքը, ըստ ներկայացված ծրագրի, աղետի գոտուց վերածվելու է զարգացման գոտու․ օդանավակայանին կից տարածքում լինելու է լոգիստիկ կենտրոնը, իսկ Մարմաշեն գյուղի ճանապարհին՝ 3000 հեկտար տարածքում էլ կատարվելու են ներդրումները։
Ներդրողները կազատվեն շահութահարկից և ավելացված արժեքի հարկից, երբ արտահանմանն ուղղված գործողություններ կատարվեն ազատ տնտեսական գոտու հիմնումից և գործողություն ծավալելուց հետո։
Խոսվեց նաև արտադրանքը՝ ԵԱՏՄ համագործակցության շրջանակում ռուսական և այլ շուկաներ արտահանելու մասին։
Հնչեց համոզմունք, որ Գյումրիում ազատ տնտեսական գոտու հիմնումը ոչ միայն կզարգացնի այս քաղաքը, այլ ողջ Հայաստանը։
«Գյումրին կարող է լոկոմոտիվի դեր կատարել ու դառնալ Հայաստանի տնտեսական մայրաքաղաքը»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
Ծրագրի իրագործումը կարող է բերել դեմոգրաֆիկ փոփոխությունների այս քաղաքում, կստեղծվեն 15 հազար նոր աշխատատեղեր, սկզբնական փուլում կարող է լինել մոտ 500 միլիոն դոլարի ներդրում։
Ռուսական կողմի ներկայացուցիչները մասնակցում էր մեծ ոգևորությամբ՝ ևս շեշտադրելով Գյումրի քաղաքի դերակատարությունը․ այն համարեցին լեգենդար քաղաք, որը բոլոր ժամանակներում եղել է կարևոր տեղանք։ Ըստ ռուս փորձագետների, այս քաղաքն իր աշխարհագրական տեղանքով ոչ միայն կարևոր է Հայաստանի, այլ ՌԴ-ի համար։
Նրանց ասելով, այստեղ գտնվող ռուսական ռազմաբազան Կովկասյան տարածաշրջանում համարվում է կայունության գործոն։
Ռուս փորձագետները հույս հայտնեցին, որ ՀՀ կառավարությունը կաջակցի այս գաղափարն իրագործել՝ նպաստելով Գյումրիի՝ տնտեսական մայրաքաղաք դառնալուն։ Նշեցին, որ ռուսական կապիտալը ևս կուղղորդվի Գյումրի․ գործարարները շահագրգիռ են ներդրումներ կատարելու։
Անդրանիկ Թևանյանը իր հերթին նշեց, որ Գյումրու զարգացումը սոցիալ-տնտեսական առումով ձեռնտու է ոչ միայն Հայաստանին, այլ Ռուսաստանին, այն ոչ միայն կայունության գրավականն է, այլ տարածաշրջանի բարգավաճման։
«Լավ է առևտուր անել, քան պատերազմել», -ասաց Անդրանիկ Թևանյանը։
Այնուհետ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ նա հայտեց, որ
Հայաստանի և ՌԴ-ի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 13 միլիարդ դոլար, իսկ այդ հարաբերությունները պիտի էլ ավելի խորացնել։
Լրագրողների հետ զրույցում էլ Անդրանիկ Թևանյանն ասաց, որ Գյումրին Հայաստանի սոցիալապես ամենախոցելի հատվածներից է, և այս քաղաքում անհրաժեշտ է լուրջ տնտեսական առաջընթաց ապահովել, իրավիճակ փոխել, հետևաբար և շատ կարևոր է՝ ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու «ազատ քաղաքի» կարգավիճակ տալը։
«Ներդրումներ են անհրաժեշտ, որպեսզի ստեղծվեն հազարավոր աշխատատեղեր․ և մենք ունենանք իրական տնտեսական զարգացում, այս առումով մեզ համար շատ կարևոր է ԵԱՏՄ-ի և մասնավորապես Ռուսաստանի շուկան։ Ռուսների համար էլ կարևոր է հայաստանյան զարգացումը, մասնավորապես Գյումրիի զարգացումը՝ որպես ռազմաբազա ունեցող քաղաք։
Մենք համոզված ենք, որ եթե ազատ տնտեսական գոտին ներդրվի, ապա այստեղ ռուսական կապիտալի ներհոսք կլինի»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
Նա նաև ասաց, որ ավագանին տվյալ դեպքում կարող է լոբբինգ անել, պարտադրել, որ կենտրոնական իշխանությունը գնա այդ քայլին։
Նա նաև վստահություն հայտնեց, որ Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի հաղթանակի դեպքում ազատ տնտեսական գոտին իրականություն կդառնա։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդը նաև նկատեց, որ տարբեր թեկնածուներ բազմաթիվ խոստումներ են տալիս, մինչդեռ Գյումրիի բյուջեն 14 միլիոն դոլար է, իսկ այդ խոստումները մինչև 1 միլիարդ 400 հազարի հասնում են։ Իսկ դա նշանակում է, որ այդտեղ պոպուլիզմ ու խաբեություն կա։
«Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանից էլ հետաքրքրվեցինք, թե ռուս գործարարները մեր տնտեսության ո՞ր ճյուղերում են շահագրգիռ ներդրումներ անել։
«Եվ գյուղատնտեսության մեջ են ուզում, և կարի ֆաբրիկաներում, տեքստիլ արդյունաբերության մեջ, գրեթե բոլոր ոլորտներում ունեն իրենց հետաքրքվածությունը, չես կարող առանձնացնել մի ոլորտ, որտեղ ասես ուզում են, իսկ մյուսում՝ չեն ուզում։ Եվ քանի որ ԵԱՏՄ երկիր են հանդիսանում, ինչպես և մենք, և այս պահին ունեն պատժամիջոցներ, իրենց ձեռնտու է, որպեսզի այստեղ ներդրումներ կատարեն և շրջափակումը կարողանան շրջանցել»,-ասաց Կարեն Սիմոնյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ