«Ուզում եմ պատասխանել բոլոր այն մարդկանց, որոնք կոչեր են անում, որ այս հարցը քաղաքական չէ և այլ հարթակում պետք է լուծել։ Ի սկզբանե ասեմ՝ սա քաղաքական է, սա այս իշխանությունների ընտրած քաղաքականությունն է։ Առաջին դեպքը չէ, որ մենք ականատես ենք։ Բոլորս այս վերաբերմունքը տեսել ենք հունիսի 12-ին»,-ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց ի պաշտպանություն ոստիկանների կողմից ծեծի ենթարկված արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի ակցիա է անցկացվում։ Տեղի պիտի ունենա նրա և իրեն ծեծի ենթարկած ոստիկանների առերես հարցաքննությունը։ Նույնականացված ոստիկանները Քննչական կոմիտե են եկել իրենց փաստաբանների հետ։
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ Տիգրան Ուլուբաբյանին ծեծի ենթարկելը եղել է հրահանգ։
Հարցին՝ ինչո՞ւ են նման հրահանգ տալիս, պատգամավորը պատասխանեց․ «Ցանկացած մանիպուլյացիա արվում է այս իշխանության կողմից, և որևէ միջոցի առաջ չեն կանգնում։ Կխոշտանգեն, կծեծեն: Ամեն բան անելու են, որ իրենց ցանկալի արդյունքը ստանան»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարություններին, թե ՀՀ-ն իրավասու չէ հանդես գալ՝ որպես կողմ արցախցիների վերադարձի հետ կապված, Մետաքսե Հակոբյանն ասաց․ «Իրենց ղեկավարությունը 2018-ին իշխանությունը զավթելու համար հայտարարություններ էր անում, 2019-ին արդեն Արցախում՝ Նիկոլ Փաշինյանը ոնց էր գոռում-գոչյունը դրել և ճչում, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Այս իշխանությունները ստախոս են, ամեն բան անում են իրենց կաշվի համար։ Այն ժամանակ պետք էր իշխանությունը զավթել, ասում էին՝ Արցախը Հայաստան է, հիմա պետք է կատարել Ադրբեջանի պահանջները իրենց իշխանությունը երկարաձգելու համար, ասում են՝ մենք կողմ չենք։ Կողմ չեն, գոնե մեզ չխանգարեն»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ