«Տպավորություն է ստեղծվում, որ ամենաբարձր մակարդակով հովանավորչության հետ գործ ունենք»,-ՀՀ քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ ոստիկանների կողմից ծեծի ենթարկված արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի ծեծի հետ կապված հայտարարություններին։
Նա փաստեց՝ եթե միջազգային չափանիշներն ասում են, որ նման դեպքերը՝ խոշտանգման հետ կապված պետք է անհապաղ քննության առարկա դառնան, եթե միջազգային չափանիշներն ասում են՝ անձինք, որոնք առերևույթ իրականացրել են խոշտանգում, նրանց պաշտպանությունը պետք է կասեցվի, ինչո՞ւ դա մինչ այժմ չի կատարվել․ «Ինչո՞ւ է դատաբժշկական փորձաքննություն կատարվել դեպքից երեք օր անց։ Այս ամենը գալիս է ապացուցելու, որ կա որոշակի հովանավորչություն, և փորձ է արվում ծածկադմփոց անել այս արատավոր երևույթը»։
Գեղամ Ստեփանյանն ասաց՝ ակնկալիքն այն է, որ այդ ոստիկանները, որոնք նույնանակացվել են, նրանց պաշտոնավարումը կասեցվի, և ընթանա արդար նախաքննություն։
Լրագրողները փաստեցին՝ ոստիկաններն իրավունք ունեն առերեսումից հրաժարվելու, Գեղամ Ստեփանյանն արձագանքեց․ «Հրաժարվելը և չհամագործակցելը, որ հանրային հնչեղություն ստացած այս կարևոր գործն արդար նախաքննության ենթարկվի, խոսում է այն մասին, որ ինչ-որ բանից խուսափում են»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ