«Խաղաղության պայմանագիր չկա, ի՞նչ պայմանագիր, եթե երկու կողմերն իրար չեն ճանաչում։ Չկա կետ, որ իրար ճանաչում են»,- Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, շարժման համակարգող խորհրդի անդամ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի մասին հարցին։
Լրագրողի դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Հրանտ Բագրատյանը պատասխանեց․ «Բայց նա չի ճանաչել։ Ո՞ւմ հետ ենք ստորագրում, նրա, ով մեզ չի՞ ճանաչել։ Ասում ենք խաղաղություն ու ստորագրելուց հետո ասում ենք՝ եկեք սահմանները որոշենք, ու այդ ժամանակ Ադրբեջանը նորից հարձակվում է մեզ վրա։ Չէ՞, որ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանին չի պարտավորեցնում։ Այնտեղ չկա՝ որտե՞ղ է սկսվում Հայաստանը, որտե՞ղ վերջանում»,- ասաց Հրանտ Բագրատյանը։
Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ այն պատրաստ է ստորագրման, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անգամ միակողմանի է պատրաստ ստորագրել փաստաթուղթն այն բանից հետո, երբ Ադրբեջանից ՀՀ-ի նկատմամբ հայտարարություններ հնչեցին։
Հիշեցնենք, նաեւ, որ «Միասին» շարժումն այսօր, Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրել՝ առաջարկելով 200 հազար ստորագրություն հավաքել՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հանրաքվե իրականացնելու համար։
Կարդացեք նաև
Եթե Նիկոլ Փաշինյանը միակողմանի ստորագրի համաձայնագիրը, ըստ Հրանտ Բագրատյանի, դա դառնում է պատերազմի պայմանագիր․ «Որովհետեւ դրանից հետո Ադրբեջանն ասում է՝ պայմանագիրը ստորագրել ենք, եկեք սահմանները որոշենք եւ սահմաններն իրենք են որոշելու»։
Լրագրողի հիշեցմանը, որ սահմանազատման հարցն առանձնացված է համաձայնագրից, Հրանտ Բագրատյանն արձագանքեց․ «Էլ ինչների՞ս է պետք է այդ պայմանագիրը, որտեղ Ադրբեջանը հավաստիացում է ստանում, որ մենք իր սահմանները ճանաչում ենք, ինքը հանգիստ ապրում է, ստանում է ճանապարհ դեպի Արեւմուտք, Արեւելք, Հայաստանը նման պարտավորություն չի վերցնում։ Եթե այդ համաձայնագիրը ստորագրվի, ՀՀ մյուս իշխանությունը փաստի առաջ է կանգնելու։ Նիկոլ Փաշինյանը շուտով գնալու է եւ եթե ստորագրի այդ թուղթը՝ կրակն է գցելով հաջորդ իշխանությանը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ավելի ուշ, հարթակից իր ելույթում, Հրանտ Բագրատյանը հայտարարեց․ «Խաղաղության պայմանագրով Փաշինյանը միջանցք է տալիս Ադրբեջանին, մենք ըմբոշխնում ենք ոտնձգությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականության վրա։ Ադրբեջանական զորքը բեռնատարներով մտնելու է դեպի հարավ գնացող Սյունիքով հատվածը եւ մենք ոչինչ չենք կարողանալու անել։ Ժամանակակից աշխարհում գոյություն ունի ճանապարհ, գոյություն ունի տրանզիտ, այդ մարդը միջանցք է տալիս։ Ստորագրելուց 15 օր հետո Մեղրի չենք կարողանալու գնալ»։
Նա ընդդիմադիր ուժերին կոչ արեց՝ միավորվել Գյումրիի ընտրություններում եւ գործընթացները շրջել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ուղղությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ