«Ցանկացած որոշում, որը կապված է վարչական իրավախախտումների վերահսկման իրականացման հետ, այդ ծանրությունը մնում է ոստիկանության եւ տեսչական հսկողություն իրականացնող մարմինների վրա:
Եվ որպեսզի հնարավոր լինի գնահատել ոստիկանության աշխատանքի օպերատիվությունը կամ արձագանքման ընտրողականության նկատմամբ վերաբերմունքը, ես ուզում եմ երեք դրվագ առանձնացնել ոստիկանության գործողությունների՝ կապված ԱԺ տարածքում գործողության կամ անգործության հետ»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրական լուծումներ» թեմայով լսումների ժամանակ նշեց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ հարց ուղղելով ՆԳՆ փոխնախարար Արմեն Մկրտչյանին:
«Վերջերս ԱԺ էին մուտք գործել ոստիկանության ծառայողներ, որոնք տուգանեցին պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝ ծխելու կարգերը խախտելու համար: Որոշ ժամանակ առաջ ոստիկաններն ԱԺ-ում ձերբակալեցին պատգամավոր Մհեր Սահակյանին՝ ԱԺ հանձնաժողովներից մեկի նիստի ժամանակ: Բայց 2023թ ապրիլի 4-ին ԱԺ-ում մի շատ աղմկահարույց քննարկում եղավ, որի ժամանակ շատ պատգամավորներ ցուցաբերում էին ակնհայտ խուլիգանական վերաբերմունք, անհարգալից վերաբերմունք ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ՝ տապալելով ԱԺ նիստը, վիրավորանքներ եւ սպառնալիքներ հնչեցնելով ՄԻՊ թեկնածուի հասցեին: Դրա կապակցությամբ ոստիկանությունը որեւէ արձագանք չունեցավ, որեւէ կերպ չմիջամտեց, ոստիկանության ծառայողներ չեկան ԱԺ եւ կարգի չհրավիրեցին կարգազանց պատգամավորներին: Ուզում եմ իմանալ՝ ոստիկանությունը նման դեպքերում ի՞նչ մեթոդաբանություն է կիրառում, ընտրողականության ինչ դրսեւորումներ է ցուցաբերում»,-փոխնախարարին հարցրեց Էդգար Ղազարյանը:
Վերջինս հակիրճ այսպես արձագանքեց. «Ոստիկանությունը դրսեւորում է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը պահելու մոտեցումներ եւ արձագանքում է բոլոր իրավախախտումներին, որոնք տարբեր աղբյուրներից հասանելի են իրեն»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ