Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էին՝ ընդունիր, որ դու ես կազմակերպել»․ Տիգրան Ուլուբաբյանը՝ իրեն ծեծող ոստիկանների մասին

Մարտ 21,2025 18:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ոչ մի փաստ։ Ասում էին՝ ընդունիր, որ դու ես կազմակերպել»,- ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում հարցին՝ ի՞նչ էին քեզ ասում ոստիկանները, այսպես պատասխանեց ոստիկանների կողմից ծեծի ենթարկված արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր տեղի է ունենալու Տիգրան Ուլուբաբյանի և նրան ծեծի ենթարկած ոստիկանների առերես հարցաքննությունը։

Հիշեցնենք՝ փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել էր,  որ անպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք է գրանցվել ոստիկանությունում։ Նա հետևյալ գրառումն էր կատարել․ «Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։ՆԳՆ ոստիկանության Կիրովականի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»։

Ռոման Երիցյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ պրակտիկայում նման դեպքերը ձեռնարկվում են կազմակերպված խմբի կողմից և ունենում են հովանավոր՝ անձ, որն այսպես ասած ուղղորդում է՝ որտեղ է գտնվում ոսկեղենը և այլն․ «Բայց Տիգրանը դրան տվել է տրամաբանական պատասխան՝ ասելով՝ եթե ես լինեի ուղղորդողը, այդ ամենի հետ կապ ունենայի, ես շատ լավ գիտեի՝ այդ աղջիկը երբ է գտնվում տանը, երբ՝ ոչ։ Ուստի ավազակային հարձակում չէի գործի, այլ կկատարեի սովորական գողություն։ Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից իր վրա վերցնելու հիմքում դրված որևէ փաստարկներին, այսօր առերես հարցաքննության ժամանակ այդ տվյալները կպարզվեն։ Կպարզվի՝ ի՞նչ գործ ուներ Տիգրան Ուլուբաբյանը ոստիկանությունում յոթ ժամ շարունակ։ Եթե նրանք որևէ կասկած ունեին, ձերբակալման արձանագրություն կազմվե՞լ է, բացատրություն վերցվե՞լ է։ Ճիշտ կլինի՝ այդ բոլոր հարցերի պատասխանները ստանանք ոստիկաններից»։

Լրագրողների հիշեցմանը՝ միջնորդել էիք ստանալ տեսագրություններ, կրիչներ, արդյոք միջնորդությունը բավարարվե՞լ է, Ռոման Երիցյանը պատասխանեց․ «Բավարարման վերաբերյալ որևէ որոշում չեմ ստացել, բանավոր էլ չեմ իրազեկվել։ Միջնորդել եմ նաև քննիչին, որ տեսագրությունները ստանալու դեպքում դրանք զննեն մեր մասնակցությամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31