Խնդիրն արդիական է, բողոքները բազմաթիվ են` ուղղված ե’ւ մեր հանձնաժողովին, ե’ւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Խնդիրը բարձրաձայնելու, գործող իրավակարգավորումները եւ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը քննարկելու, խնդիրների կարգավորման ուղիները վերհանելու նպատակով հրավիրել ենք պետական գերատեսչությունների, ոլորտի պատասխանատուների, խնդրով հետաքրքրված քաղաքացիների: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը «Հանրային աղմուկը` որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ» թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ:
Ռուստամ Բաքոյանը հավելել է` լսումներ հրավիրելու նախաձեռնությունը եղել է ՄԻՊ-ինը: «Հանրային աղմուկին առնչվող բողոքները տարաբնույթ են Հայաստանի տարբեր բնակավայրերում: Հատկապես մայրաքաղաքում տեղակայված սննդի եւ ժամանցի կետերից հատկապես գիշերային ժամերին հնչող բարձր երաժշտություն, աղմուկով ուղեկցվող շինարարություն, տրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով առաջացող աղմուկ, ընդհանրապես համակեցության կանոնների խախտման բազմաթիվ դրսեւորումներ»,- նշել է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Նա հայտնել է, որ այժմ խորհրդարանում քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն, որի հեղինակներն են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը եւ Սերգեյ Բագրատյանը: «Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ավտոմեքենաների լրացուցիչ ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը խախտում է հասարակական անդորրը, ինչպես նաեւ դժվարացնում շչակների ձայնը լսելը, հատուկ ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների ազդանշաններին արձագանքելն ու երթեւեկելը: Փոփոխություններով նախատեսվում է, որ նման դեպքերն ունենան ավելի խիստ օրենսդրական արձագանք: Կարծում եմ` շատ կարեւոր նախաձեռնություն է եւ կարող է հասարակական անդորրը չպահպանող մեր քաղաքացիների համար իրավահպատակ վարքագիծ հանդիսանալ: Քննարկումների արդյունքում կհասկանանք` կա՞ արդյոք լրացուցիչ օրենսդրական փոփոխությունների կարիք, թե` ոչ»,- ընդգծել է նա:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանի խոսքով քննարկվող խնդիրն առնչվում է բոլորին: «Սա կարեւորում ենք, քանի որ ձայնն ազդում է բոլորիս օրգանիզմի վրա, եւ եթե ձայնը գերազանցում է գիտության կողմից որոշված նորմերին, այն կարող է բացասական ազդեցություն ունենալ մեր առողջության վրա: Դժբախտաբար, շատ տեղերում երբեմն ձայնը որպես խոշտանգման միջոց է օգտագործվում, քանի որ շատ բարձր ձայնը կարող է պարզապես օրգանիզմը կամ առողջությունը կտրուկ խաթարել»,- ասել է նա` ներկայացնելով տարաբնույթ աղմուկները, որոնք բացասաբար են անդրադառնում մարդկանց առողջության վրա:
Կարդացեք նաև
Արսեն Թորոսյանի խոսքով թեեւ արգելվել է որոշակի ժամից սկսած աղմկելը, սակայն այն հնչում է օրվա տարբեր ժամերի, հատկապես` ուշ երեկոյան:
«Պետք է հանրության իրավունքը գերակայի եւ ոչ թե` անհատի»,- ընդգծել է Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ նշել է` աղմուկը գերազանցող մակարդակի պարագայում խախտվում են մարդու մի շարք իրավունքներ: «Պարզապես անթույլատրելի են աղմուկի այն մակարդակը եւ դեպքերի ծավալը, որ ունենք Երեւանում: Խնդիրն առկա է նաեւ հանրապետության մյուս տարածքներում»,- ասել է նա: ՄԻՊ-ն ընդգծել է, որ հարցին պետք է անդրադարձ կատարել մարդու իրավունքների տեսանկյունից: «Միանշանակ, այս ոլորտի օրենսդրությունը Հայաստանում պետք է տոտալ վերափոխման ենթարկվի: Կարծում եմ, որ կա նաեւ առանձին, համապարփակ օրենք ունենալու կարեւորություն»,- ընդգծել է պաշտպանը: ՄԻՊ-ն անդրադարձել է քաղաքացիների դիմում-բողոքներին, նշել, որ նախորդ տարի ՄԻՊ գրասենյակը ստացել է բազմաթիվ ահազանգեր: Բարձրացված որոշ խնդիրներ լուծվել են ՄԻՊ գրասենյակի միջամտությունից հետո: Անահիտ Մանասյանը նկատել է, որ բողոքները հիմնականում վերաբերել են ոչ թե գիշերը` ժամը 23:00-ից հետո հնչող աղմուկին, այլ ցերեկային ժամերին հնչող աղմուկի գերազանցվող մակարդակին:
Ահազանգող քաղաքացիներից շատերն ընդգծել են, որ տարաբնույթ աղմուկը ոչ միայն խախտում է իրենց անդորրը, այլ չափազանց բացասաբար է անդրադառնում իրենց առողջության վրա:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր զեկույցում նշել է, որ մարդիկ պետք է իրազեկվեն, թե ինչպես է աղմուկն ազդում առողջության, հոգեկան անդորրի վրա` ընդգծելով աղմուկի բացասական ազդեցությունն ինչպես լսողական ապարատի, այնպես էլ նյարդային համակարգի ու ամբողջ օրգանիզմի վրա:
Նախարարը հիշեցրել է, որ նախորդ տարի ամբողջությամբ վերախմբագրվել է հանրային առողջությանը վերաբերող օրենքը, որում կարգավորումներ են ներառվել նաեւ աղմուկի վերաբերյալ: «Ենթաօրենսդրական ակտերով պետք է կարգավորվեն տարբեր վայրերում աղմուկի սանիտարահիգիենիկ նորմերը եւ թույլատրելի շեմերը, չափորոշիչները»,- ասել է նա:
Զեկուցողի խոսքով կարեւոր է նաեւ տարբերակել աղմուկի տեսակները: Ըստ նրա` անհանգստության մեծ առիթ է նաեւ զվարճանքի կենտրոններից լսվող աղմուկը: «Սանիտարական նորմերը, ձայնամեկուսացման համար անհրաժեշտ քաղաքաշինական նորմերը եւս մեկ անգամ պետք է համեմատել միջազգային ստանդարտների հետ` տեսնելու, թե ինչն է խնդիրը, որ դրանք շատ անգամ չեն պահպանվում»,- ընդգծել է Անահիտ Ավանեսյանը:
ՆԳ փոխնախարար Արմեն Մկրտչյանը ներկայացրել է աղմուկին վերաբերող օրենսդրական կարգավորումները: Նա նշել է, որ իրավախախտումները ոստիկանության մշտական ուշադրության տիրույթում են: Այս համատեքստում նշվել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասով` 2024 թվականի ընթացքում պատասխանատվության է ենթարկվել 98 անձ: 2024 թվականի ընթացքում հրագործական արտադրատեսակների կիրառման վերաբերյալ 1-02 ծառայությունից ստացվել է 64 ահազանգ: Ընդհանուր առմամբ` պատասխանատվության է ենթարկվել 29 անձ:
Փոխնախարարը, անդրադառնալով հասարակության դժգոհություններին, նշել է, որ իրավախախտման վայր հասնելու դեպքում շատ հաճախ աղմուկն արդեն դադարած է լինում, որն առաջացնում է ապացուցման լրջագույն խնդիր:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանը խոսել է առողջության վրա բարձր աղմուկի ազդեցության մասին: Համաձայն ԱՀԿ զեկույցների` աղմուկը 21-րդ դարի մարտահրավերներից է: ԱՀԿ-ի տվյալներով շրջակա միջավայրում աղմուկի տարեկան մոտ 0,5 դեցիբելով աճ է գրանցվում, ինչն այժմ բավականին խնդրահարույց ցուցանիշի է հասել: Նշվել է, որ Երեւանում աղմուկի քարտեզ չի կազմվել 1976 թվականից, 2018 թվականին Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը ներգրավվել է այդ գործընթացում: Մինչ այժմ չափումներ իրականացվել են Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նորք-Մարաշ եւ Դավթաշեն վարչական շրջաններում, այս տարի համապատասխան չափումներ են նախատեսվում Նոր Նորք վարչական շրջանում:
Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում աղմուկի նկատմամբ իրականացվող վերահսկողությունը ներկայացրել է տեսչական մարմնի պետի տեղակալ Թագուհի Հակոբյանը: 2024 թվականին 110 վարչական վարույթ է հարուցվել, որից 82-ը` դիմումի հիման վրա: Արդյունքում` 35 կարգադրագիր է տրվել, այսինքն` խախտումներ են արձանագրվել, որոնք մինչեւ վարույթի ավարտը վերացված չեն եղել: 46 վարչական վարույթ կարճվել է, 14-ը` դիմումից հրաժարվելու հիմքով, մեկ վարչական վարույթ էլ կասեցվել է: Այս շարքում գերակշիռ է շինարարական աղմուկը:
Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի տեղակալն էլ խոսել է կառուցապատման ոլորտում գործող իրավակարգավորումների վերաբերյալ:
Խնդրի հետ կապված հնչել են հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Ելույթ ունեցողները խոսել են Երեւան քաղաքում աղմուկի դեմ պայքարի ծրագրից, անդրադարձել աղմուկի քարտեզին, գիշերային ժամերին առաջացող աղմուկին, տրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով առաջացող աղմուկի ազդեցությանը քաղաքացիների առողջության վրա, պետական վերաբերելի քաղաքականությունը վերափոխելու անհրաժեշտությանը եւ այլն:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ամփոփել է լսումները` շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար:
ԱԺ