Գրաֆիկ, տրաֆիկ, գրաֆիկա, գունավոր գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա, ինֆոգրաֆիկա, մարդ, մեքենա, ռոբոտ, ՉԹՕ, ԱԹՍ, ԱԲ, Ավատար… սա 21-րդ դարն է: Մեզ ծանոթ, միջինից բարձր տարիքի գեղանկարիչներից մեկը, որ հիմա անցել է գրաֆիկական աշխատանքների, ի պատասխան մեր հետաքրքրությանը` կես կատակ-կես լուրջ ասաց, թե շատ կուզեի` առաջվա նման գեղանկարչությանս գիծը շարունակել, բայց ես այդ ժամանակը չունեմ, դիտողն էլ նույնիսկ իմ այդ կարճ ժամանակը չունի` իմ գույն ու գիծը նայելու համար: Երևի դա է պատճառը, որ հիմա ցուցահանդեսներս գրաֆիկայի ժանրում են, հիմա մարդիկ հազիվ են հասցնում ցուցահանդես գնալ, հիմա ցուցահանդեսներն էլ են համակարգչական-համացանցային: Դե ո՞նց ասեմ, դե չկա՜ ժամանակ, ժամանակ չկա՜ պարզապես, մեզ նկարիչներիս իսկի հերթ էլ չի հասնում, ծրագիր-համակարգիչը փորձում է մեր տեղը գրավել, բայց դե փառք Աստծո, որ դեռ չի կարողանում, որովհետև ոչ մի կերպ մարդ չի դառնում: Բայց դե մենք էլ արդեն գույներն ենք քիչ դնում և գծերն ենք շատ քաշում, դե` դա՜ է ժամանակը, ժամանակը մեզ չի հարցնում, նա արագընթաց է, բայց մենք էլ չենք կարող հետ մնալ և իր հետ միասին սլանում ենք առաջ:
Վերջին շրջանում մեր երիտասարդ նկարիչներից շատերն էլ գերադասում են լինել կարճ և սեղմ, ինչպիսին գրաֆիկական խտացված գեղանկարչությունն է: Ասվածի վկայությունը վերջին շրջանում իրար հաջորդող, համարյա առանց տևական ինտերվալի, գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսներն են:
Իհարկե, մենք տևական ինտերվալով անդրադառնում ենք որոշ ցուցադրություններին: Այս անգամ ներկայացնենք գրաֆիկայի ոլորտում ստեղծագործող երկու նոր անուններ` Անի Գալստյան Տեր-Կարապետյան և Արման Ասատրյան: Անին ուսանում է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում: Անցյալ տարվա վերջերին երիտասարդ աղջնակը Լիվինգ Րում սրահում հանդես եկավ առաջին, գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսով: Դատելով նույնիսկ այցելուների թվով, կարող ենք ասել, որ նրա ներկայացրած շուրջ 40 աշխատանքները հետաքրքրություն էին առաջացրել մասնագետների շրջանում:
Կարդացեք նաև
Իսկ ցուցահանդեսի ավարտից հետո առաջին քայլերն անող այս արվեստագետի անունը, քանիցս հնչեցրել են որոշ նկարիչներ մեզ հետ զրույցներում:
Ընդունված է ասել, թե գրաֆիկական կտավները բարդ են «ընթերցվում» կամ դյուրին չէ միանգամից «որսալ»` ինչ է պատկերել նկարիչը: Այս դիտարկմանն ի պատասխան ՝Անին մեզ հայտնել էր հետևյալը. «Ֆիզիկական աշխարհից փակվելով, մտքով ստեղծագործելով, ընկալելով ու դեպի ներս նայելով` նկարել եմ անգո, ոչ տեսանելի էություններ, որոնք պատկերանում են հիշողություններով: Ոչ շոշափելի են, անիրական են ու գուցե անէական, բայց զգալի ու հուշերով լի են: Ներսիս զգայությունները հանձնել եմ ֆիզիկական մակարդակին, դարձնելով անէ, քանզի դուրսն են, քանզի տեսանելի են: Անէ են, քանզի թղթերիս վրա շոշափելի են…»:
ՀՀ նկարիչների միությունում մարտի 19-ին բացվեց ԷՍՏԱՄՊ խորագրով գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես, որը կշարունակվի մինչև մարտի 23-ը: Ներկայացված են երիտասարդ և ավագ սերնդի նկարիչների շուրջ 70 աշխատանք, որոնք ընտրվել են միության Գրաֆիկայի բաժնի մասնագետների կողմից: Ի դեպ, ցուցադրությունում գերակշռում են երիտասարդ ստեղծագործողների գործերը:
Կարճատև զրույց ունեցանք Արման Ասատրյանի հետ, որին ծանոթ էինք նախկին խմբակային ցուցահանդեսներից: Նա Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի պետական քոլեջի ավարտական կուրսում է:
Իսկ թե իրեն ինչով է գրավել գրաֆիկայի ժանրը, մանավանդ, որ մեր երկրում այն վերջին տարիներին է թափ առել, երիտասարդ արվեստագետը կարճ ու կոնկրետ ասաց.
«Գեղանկարը, յուղաներկը գույների մասին է: Գույները հնարավորություն են տալիս ավելի ընթեռնելի տեսնել գործդ, իսկ գրաֆիկան` էմոցիոնալ դաշտի արդյունք է, որտեղ սև ու սպիտակով ներկայացնում ես ներաշխարհդ»: Արմանը հավելեց նաև, թե պատրաստվում է ամռանը ներկայանալ իր առաջին անհատական ցուցահանդեսով:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ