Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս պետք է կատարվեն աղմուկի ստուգաչափումները, եթե չկան այդ կառույցները. Անուշ Պողոսյանը սուր հարցեր հնչեցրեց

Մարտ 21,2025 17:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնը աղմուկի ստուգաչափման միակ լաբորատորիան է՝ առողջապահության նախարարության ենթակայությամբ…Ֆիքսենք, որ աղմուկը միայն Երևանում չէ: Այս պահին Հայաստանի Հանրապետության մարզերում աշխատակիցների կրճատումներ եւ օպտիմալացումներ են գնում՝ ձեր որոշմամբ: Եվ ունենք ընդամենը 2 գործող սանիտարական նորմ՝ աղմուկի եւ թրթռոցի հետ կապված, որոնք գործում են եւ քաղաքացիները կարողանում են դրանով դիմել ու ստանալ վարչական վարույթի շրջանակներում վերահսկողություն»,- ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրական լուծումներ» թեմայով լսումների ժամանակ նշեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը:

Անուշ Պողոսյանը՝ ձախից

Ապա մի քանի հարց ուղղեց առողջապահության նախարարին, օրինակ, ինչպե՞ս պետք է կատարվեն ստուգաչափումները, եթե չկան այդ կառույցները: «Եթե նոր աշխատողներ ենք ընդունելու, որպեսզի աղմուկի կարեւորագույն ստուգաչափումներն անեն, իսկ նրանք նաեւ մասնագիտական որակավորում պետք է ունենան, հետեւաբար ովքե՞ր են լինելու դրանք: Մի կողմից կրճատելու եք, մյուս կողմից նոր աշխատողներ ե՞ք վերցնելու, եւ ինչքա՞ն է դա նստելու պետական բյուջեի վրա»,- ի թիվս այլնի հետաքրքրվեց «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահը:

Նա մեկ այլ հարց էլ տվեց՝ տարիներով իրենց տներում նստած, բայց բյուջեից աշխատավարձեր ստացած մարդկանց մասին: «Հուշեմ՝ դրանք Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ՊՈԱԿ-ի աշխատակիցներն են, որոնց գործատուն առողջապահության նախարարությունն է»,- ասաց Անուշ Պողոսյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31