ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը «Արմենպրես» լրատվական գործակալությունում հանդես է եկել մամուլի ասուլիսով. թեման՝ «Մշակութային աճուրդների ոլորտում սպասվող փոփոխություններն ու իրականացվող ծրագրերը»:
Մշակութային աճուրդները՝ հնարավորություն արվեստագետների հանրահռչակման համար
«Մշակութային աճուրդները շատ կարևոր հարթակներ են արվեստի գործերի առքուվաճառքի իրականացման համար: Մշակութային աճուրդների կազմակերպման օրենսդրական փաթեթն արդեն հավանության է արժանացել Կառավարության կողմից: Նոր կարգավորմամբ որակական նոր մակարդակի կբարձրանա մշակութային արժեքների և արվեստի գործերի առքուվաճառքի գործընթացը: Լուրջ առավելություններ կտրվեն թե՛ գնորդին, թե՛ վաճառողին: Վաճառողը կկարողանա ձևավորել իրական գին, իսկ գնորդը վստահ կլինի, որ իր ձեռքբերած արվեստի գործը բնօրինակն է՝ կեղծ չէ: Ձևավորվող հարթակները հնարավորություն են նաև արվեստագետների համար, որոնք վաճառքներ կազմակերպելու խնդիր ունեն: Եթե կարողանանք կայացնել շուկան, վստահ ենք՝ արվեստի գործերի պահանջարկը կավելանա նաև արտասահմանյան երկրներում»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Նրա խոսքով` արվեստագետները, այդուհանդերձ, կարող են վաճառքի այլ տարբերակներից ևս օգտվել. ստեղծվող նոր հարթակը ոչ թե սահմանափակում է, այլ՝ հնարավորություն:
Կարդացեք նաև
Աճուրդի տուն. լիցենզավորված գործունեություն
Ալֆրեդ Քոչարյանի խոսքով՝ աճուրդի տունը պարտավորվելու է իրականացնել առքուվաճառքի թափանցիկ և ապահով ընթացքը, որը լինելու է լիցենզավորված գործունեություն. «Պետությունն ապահովում է առքուվաճառքի իրականացման օրենսդրական դաշտը, պայմանները, իսկ գործընթացն իրականացնում է լիցենզավորված կազմակերպությունը»: Ըստ այդմ՝ գործելու է լիցենզավորման կարգ, և այն կազմակերպությունը, որը համապատասխանում է չափանիշներին, պետության կողմից կստանա որակավորում և կիրականացնի նշված գործունեությունը: Բանախոսը հայտնել է, որ վերջերս վերականգնվել է պետության կողմից մշակութային արժեքների գնման գործընթացը, և այս հարթակը հնարավորություն կտա պետությանը մոնիթորինգ անել և հասկանալ՝ ինչ արժեքներ կան շուկայում, որոնք կարևոր են նաև պետության ձեռքբերման համար:
Միջազգային հեղինակավոր աճուրդային տների հետ համագործակցությունը՝ վերջնական նպատակ
«Մշակույթի զարգացման ռազմավարությամբ հայկական արվեստի միջազգայնացումն առանցքային թիրախ է: Մշակութային աճուրդների կազմակերպման գործընթացին առնչվող օրենսդրական փաթեթը նույնպես բխում է ռազմավարությունից»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը՝ կարևորելով միջազգային փորձն ու խորհրդատվությունը: Ըստ նրա՝ այս ուղղությամբ բանակցությունները սկսվել են:
Նա հայտնել է նաև, որ կգործի փորձագետների աշխատանքի ապահովագրական ծառայություն, ինչը կնպաստի վերջիններիս աշխատանքի որակի բարելավմանը: Նախատեսվում է վերապատրաստել փորձագիտական կենտրոնների մասնագետներին՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:
Եզրափակելով խոսքը՝ բանախոսը նշել է, որ մշակութային աճուրդների կազմակերպման նոր մեխանիզմը կսկսի գործել 2026 թ.՝ օրենսդրական բոլոր գործընթացների ավարտից հետո:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ