Լրահոս
Օրվա լրահոսը

Արփինե Սարգսյանը կանխակալ մոտեցում ունի․ Տիգրանին ծեծողները եղել են պրոֆեսիոնալ խոշտանգողներ․ Ռոման Երիցյան

Մարտ 21,2025 17:25

Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացրեց, որ քիչ անց առերեսում է լինելու Տիգրան Ուլուբաբյանի և նրան ծեծող ոստիկանների միջև։ Սակայն առերեսումը կես-մեկ ժամ ուշանում է։

Նշենք, որ այս պահին ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց իրականացվում է բողոքի ցույց:

Tigran Ulubabyan from Artsakh with his lawyer near the building of the Investigative Committee of Armenia. Yerevan, Armenia

Հիշեցնենք՝ փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել էր, որ անպատժելիության հետևանքով խոշտանգման նոր դեպք է գրանցվել ոստիկանությունում։ Նա հետևյալ գրառումն էր կատարել․ «Վանաձոր քաղաքում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել արցախցի ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը։ՆԳՆ ոստիկանության Կիրովականի բաժնի ոստիկանները դեպքի առթիվ ոստիկանության բաժին են հրավիրել տուժողի բարեկամին՝ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանին, որը սկզբում տուժողի հետ ներկայացել էր ոստիկանություն՝ որպես վերջինիս ուղեկցող։ Ոստիկանությունում Տիգրանին ուղեկցել են պետի աշխատասենյակ, որտեղ էլ հորդորել են ավազակության դեպքը վերցնել իր վրա։ Արժանանալով կոշտ ու բացասական պատասխանի՝ բաժնի պետը ոստիկաններին հրահանգել է Տիգրանին «մշակել»։

Ռոման Երիցյանն ասաց, որ այսօր Տիգրանի և երկու նույնականացված ոստիկանների հետ հաստատ առերեսում պիտի իրականացվի․ «Չգիտեմ՝ միգուցե քննիչը պարզել է այլ ոստիկանների տվյալներ և նաև պետք է այլ անձանց հետ էլ առերեսում իրականացվի։ Առնվազն առերեսում պիտի լինի Խորեն Բարխոյանի և Գոռ Խառատյանի հետ։ Լրացուցիչ զանգ քննիչից չենք ստացել, թե ինչն է պատճառը, որ առերես հարցաքննություն չեն սկսում։ Ի տարբերություն հանրությանը հետաքրքրող մի շարք այլ վարույթների, խոշտանգման վարույթները ծածուկ քրեական դատավարությամբ են վարվում։ Քննչական կոմիտեն քիչ է հանդես գալիս հրապարակային»։

Tigran Ulubabyan from Artsakh with his lawyer near the building of the Investigative Committee of Armenia. Yerevan, Armenia

Անդրադառնալով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ այս գործով անդրադարձին՝ Ռոման Երիցյանն ասաց․ «Նրա հետ երկխոսելու հնարավորություն չունեմ։ Հակառակ դեպքում մի երկու հարց կտայի՝ ՀՀ-ում քրեական դատավարության մասին։ Զարմանում եմ՝ ինչո՞ւ վերջինս չի անդրադառնում բժշկական կենտրոնից առկա բժշկական փաստաթղթերին։ Այս վարույթը նախաձեռնվել է առհասարակ բժշկական կազմակերպության կողմից դատախազությանը հասցեագրված գրության հիման վրա․ այսինքն՝ վնասվածքների հիման վրա է վարույթ հարուցվել։ Արփինե Սարգսյանը դա չի անում, որովհետև ունի կանխակալ մոտեցում, քանի որ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգում թույլ տալու հանգամանքն է քննարկվում։ Օբյեկտիվության և արդարության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ հղում չկատարեր փորձագիտական եզրակացությանը, որն ակնհայտորեն հակասում է բժշկական փաստաթղթերում տեղ գտած տեղեկություններին, համաձայն որի՝ Տիգրանի մարմնի տարբեր հատվածներում առկա են եղել սալջարդներ, կապտուկներ և հյուսվածքների կոտրվածքներ»։

Դիտարկմանը՝ Արփինե Սարգսյանը, հենց օբյեկտվությանը հղում անելով, նշում էր, որ անկախ փորձագիտական եզրակացությունը չի ֆիքսվել, որ տասը րոպե ինտենսիվ ծեծում էին Տիգրանին, հակառակ դեպքում նրա մարմնի վրա առերևույթ հետքեր պիտի լինեին, Ռոման Երիցյանն արձագանքեց․ «Հաշվի առեք, որ ծեծողները եղել են ոչ թե հասարակ քաղաքացիներ, այլ պրոֆեսիոնալ խոշտանգողներ՝ ի դեմս ոստիկանների, որոնք շատ լավ գիտեն՝ ինչպես կարելի է հասցնել վնասվածքներ, որ դրանք վառ արտահայտություն չստանան։ Մենք հո չենք նշել, որ Տիգրանին այն աստիճանի են հասցրել, որ վերջինս զրկվել է շարժվելու հնարավորությունից։ Ոչ, նա չգիտես՝ ինչ ցավեր չի զգացել, բայց այնուամենայնիվ, նա խոշտանգվել է, և դա արտահայտվել է թքելու, նրա ծնողների հասցեին վիրավորանքներ հնչեցնելու, նրա զոհված և հարազատ եղբոր հասցեին վիրավորանքներ հնչեցնելու, մազերը քաշելու, յոթ ժամ անազատության մեջ պահելու ձևով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31