2025 թվականը հոբելյանական է Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի համար․ նշվում է հիմնադրման 90-ամյակը։ Չնայած թատրոնի ծնունդը պաշտոնապես գրանցվել է 1935թ․ սեպտեմբերին, սակայն, մինչեւ այդ Կապանում, մասնավորապես հանքագործների շրջանում գործել են շրջիկ թատերախմբեր։ Կապանի թատրոնն իր գործունեությունը սկսեց Շիրվանզադեի «Չար ոգի» պիեսի բեմադրությամբ։
«Կապանում՝ թատերական կյանքը սկսվեց 19-րդ դարի վերջին։ Թիֆլիսում լույս տեսած Գրիգոր Արծրունու «Մշակ» թերթը գրել է, որ Կապանի կամ Ղաթարի հանքերում ձեւավորվել էին հանքափորների թատրոն։ Ու նամակով խնդրում էին՝ Թիֆլիսից թատերական կարկառուն գործիչներ ուղարկեն Կապան՝ մասնագիտական վերապատրաստումների նպատակով։ Ավելին՝ ըստ նույն թերթի, 1907թ․-ին, երբ Կապանի հանքափորները գործադուլ էին անում, նրանց մեջ եղել են Ղաթարի թատրոնի դերասաններ»,-ասաց Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը։
Կարդացեք նաև
Կապանի դրամատիկական թատրոնի 90-ամյա հոբելյանի միջոցառումների շրջանակում, Կապանի երկրագիտական թանգարանում բացվել է ժամանակավոր ցուցադրություն, որում ըստ ժամանակահատվածների ներկայացված է թատրոնի անցած ուղին՝ լուսանկարներում, փաստաթղթերում, լրագրային հրապարակումներում։ «Անկեղծ լինեմ ու խոստովանեմ՝ որ շատ բարդ աշխատանք էր, քանի որ թատրոնը չուներ արխիվ ու մենք տարբեր մարդկանցից փորձել ենք հավաքագրել, մեր ունեցած արխիվային նյութերի հետ ներկայացնել թատրոնի պատմությունը»,-նշեց թանգարանի տնօրենը։
Ցուցադրության մեջ ներկայացված են կապանյան թատերական կյանքին առնչվող բացառիկ մոտ 300 թանգարանային նմուշներ՝ փաստաթղթեր, լուսանկարներ, լրագրային հրապարակումներ, բեմական հագուստներ եւ անձնական իրեր, որոնք երբեւէ չեն ցուցադրվել։
Կապանի թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը նախ շնորհակալություն հայտնեց թանգարանի աշխատակիցներին՝ գիշեր-ցերեկ աշխատելու համար ու հույս հայտնեց, որ ցուցադրությունը հիմք կդառնա թատրոնի 90-ամյա պատմությանը նվիրված գիրք ստեղծելու համար։
Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն իր խոսքում կարեւորեց մարզային ենթակայության երկու մշակութային կառույցների արդյունավետ համագործակցությունը, որի հերթական դրսեւորումն է ցուցադրությունը։ «Թատրոնը, նաեւ թանգարանի աշխատանքի շնորհիվ, ոչ միայն մշակութային երեւույթ է, այլեւ Կապանի պատմության անբաժանելի մասը»,-մասնավորապես ասաց Հայկ Հարությունյանը։
Կապանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը մարզային իշխանություններին առաջարկեց՝ դպրոցներում պատմության առարկայի մի դասաժամ անցկացնել թանգարանում, որպեսզի աշակերտները ծանոթանան իրենց քաղաքի թատրոնի պատմությանը։
Ժամանակավոր ցուցադրությունը կգործի մինչեւ մայիսի 1-ը։
Նշենք, որ Կապանի թատրոնի 90-ամյա հոբելյանին նվիրված, մարտի 27-ին Կապանում կայանալու է 24-րդ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, ինչպես նաեւ կազմակերպվել է կամերային ներկայացումների փառատոն։ Թատերական միջոցառումները հնարավորություն դարձան իրականացնելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական աջակցությամբ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ