Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Ռուբեն Վարդանյանին ու մյուս հայ գերիներին Ադրբեջանում խոշտանգում են, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նրանց հոգեներգործուն միջոցներ են տվել, ի՞նչ է արել արտաքին հետախուզությունն այս հարցով։ «Ծառայությունն իր մանդատի շրջանակներում իր հիմնական գործառույթն է իրականացնում՝ հետախուզական տեղեկություններ հավաքել, ամփոփել եւ ներկայացնել քաղաքական ղեկավարությանը։ Եվ ձեր կողմից բարձրացված՝ գերիների հետ կապված հարցերը նույնպես եղել են մեր աշխատանքի թիրախում։ Ձեր հարցը հետախուզության ծառայության մանրամասների վերաբերյալ համարում եմ ոչ կոռեկտ»,- ասաց նա։
Նա նշեց, որ իր ղեկավարած ծառայության խնդիրն է գնահատել ՀՀ շուրջ արտաքին ռիսկերը եւ հանրությանը թույլատրելիի սահմաններում ներկայացնել, թե ինչպիսի ռիսկեր կան։ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ ինչ վերաբերում է իրենց զեկույցում արված շեշտադրումներին, Հայաստանի վրա հարձակման մտադրությունների մասին հարցն առաջնահերթ է հետաքրքրում հանրությանը։ «Եվ մեր խնդիրն էր հնարավորության սահմաններում օբյեկտիվորեն եւ մասնագիտական տեսանկյունից գնահատել հարձակման հավանականությունը, ինչը մենք եւ արել ենք»,- ասաց նա։
Հարցին, թե այսօր Հայաստանի վրա հարձակման վտանգ տեսնո՞ւմ է՝ հաշվի առնելով Բաքվի գործողությունները, Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ հարձակման հավանականությունը բարձր գնահատելու համար անհրաժեշտ բոլոր փաստերի եւ ազդակների համախումբը բացակայում է։ Սակայն իրավիճակն արագ է փոխվում, եւ մենք հետեւում ենք իրավիճակին»։
Նա ասաց, որ ՀՀ անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգները գալիս են մի քանի երկրից։ Հարցին, թե որո՞նք են այդ երկրները, բացի Թուրքիայից ու Ադրբեջանից, նա չպատասխանեց։
Կարդացեք նաև
Հարցին, թե ՀԱՊԿ անդամ որ պետություններն են 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել, Քրիստիննե Գրիգորյանը պատասխանեց, որ ինքը պատասխանատու է միայն այն ժամանակահատվածի համար, որի ժամանակ ծառայությունը գործել է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ