Բելգիայի Մեխելեն քաղաքը մարտի 16-ին ականատես եղավ բացառիկ մշակութային իրադարձության. «Նեմրութ» ավանդական պարի և երգի խումբը հանդես եկավ իր առաջին մենահամերգ-ներկայացմամբ։ Այս ուշագրավ միջոցառումը ոչ միայն բարձրացրեց հայկական մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքրությունը, այլև հուզեց հանդիսատեսի սրտերը՝ ազգային երգերի ու պարերի կատարումներով։
Մենահամերգի ընթացքում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու հայկական ավանդական և ազգագրական պարերի ողջ հմայքը։ Պարային համարները ներկայացրին տարբեր շրջանների ավանդական տարազներով։ Ներկայացումն ուղեկցվում էր կենդանի նվագակցությամբ, որն ապահովել էր Հայաստանից ժամանած Կարին բենդը։ Տեսարանները համալրված էին հուզիչ երգերով, որոնք ընդգծում էին հայ ժողովրդի դարավոր պատմությունն ու հոգևոր արժեքները։
Համերգ-ներկայացումը կրում էր «Հոգևոր Հայաստան» խորագիրը և, ինչպես նշեց խմբի գեղարվեստական ղեկավար Լիանա Եղունյանը, ոգեշնչվել էին Վահան Տերյանի համանուն ստեղծագործությունից։ Այն իրենից ներկայացնում էր ազգագրության թատրոն, որի հիմքը 2007թ. դրել էր Գագիկ Գինոսյանը։
Անհնար է չնշել նաև թատերական բեմականացման մեջ հարսի դերը կատարող Անուշ Տերտերյանի քնքուշ ձայնն ու առավել քան իրական խաղը, որը հանդիսատեսին փոխանցեց այն բոլոր զգացմունքները, որ կարող էր ունենալ նորահարս հայուհին՝ իր ամուսնուն պատերազմի ճամփելուց, կամ այրի երիտասարդ մայրը, իր որբացած մանչուկին ռազմի երգով օրոր ասելիս։
Կարդացեք նաև
Միջոցառման ավարտին հանդիսատեսը երկարատև ծափողջույններով գնահատեց «Նեմրութ» խմբի ջանքերը՝ մեծապես արժևորելով նրանց կատարած աշխատանքը։
«Նեմրութ» ավանդական պարի և երգի խմբի առաջին մենահամերգը մեծ նշանակություն ունեցավ թե՛ սփյուռքի հայության, թե՛ օտարերկրյա հանդիսատեսի համար՝ ներկայացնելով հայկական արվեստի ողջ խորությունը, գեղեցկությունն ու հոգևոր ուժը։
«Նեմրութ» խումբը հիմնադրվել է 2019 թվականին Մեխելենում՝ Գագիկ Գինոսյանի աշակերտ, պարուսույց Լիանա Եղունյանի կողմից։ Խմբի հիմնական առաքելությունն է պահպանել և տարածել հայկական ավանդական պարերն ու երգերը՝ նոր սերունդներին փոխանցելով հին ու հարուստ մշակույթը։ «Նեմրութ»-ի կազմում ընդգրկված են երիտասարդներ, որոնց մեծ մասը ծնվել է կամ մանկության տարիներին տեղափոխվել է Բելգիա։ Այս խումբը նրանց համար դարձել է ոչ միայն ինքնության պահապան, այլև համայնքային կապերն ամրապնդող ուժ։ Բելգիայի հայկական համայնքը խորին երախտագիտություն է հայտնում Լիանա Եղունյանի նման անձանց, ովքեր իրենց անձնվեր աշխատանքով պահպանում ու զորացնում են ազգային ոգին՝ նպաստելով դրա փոխանցմանը ապագա սերունդներին։
Արմինե ՀԱՐԵՅԱՆ