«Պաշտպանության նախարարը շատ համոզիչ պատասխան տվեց, այն է, եթե Հայաստանի հանդեպ կա մեղադրանք, մեղադրող կողմը պետք է համապատասխան ապացույցներ ներկայացնի։ Ինչո՞ւ եք կարծում, որ Հայաստանն ապացուցելու ինչ-որ բան ունի։ Մենք սպասում ենք Ադրբեջանի ապացույցներին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կեղծ քարոզչությանը։
Հարցին, թե ինչո՞ւ արբանյակների միջոցով չեն ֆիքսում ու ցուցադրում Բաքվի կեղծիքը, Մխիթար Հայրապետյանը պատասխանեց, որ արբանյակը փամփուշտի արձակումը չի կարող արձանագրել։
Նա ասաց, որ իրենք ակնկալում են շարունակել Ադրբեջանի հետ երկխոսությունը կառուցողական մթնոլորտում եւ հասնել վերջնանպատակին, այն է՝ կառուցել երկարաժամկետ խաղաղություն այս տարածաշրջանում։ «Եվ համարում ենք, որ դրա համար բավարար հիմք էր այն, որ երկու կողմն էլ հայտարարել են, խաղաղության պայմանագրի նախագծի հետ կապված աշխատանքներն այլեւս ավարտված են։ Այս իմաստով Հայաստանը հետեւողականորեն այս աշխատանքն առաջ է տանելու, իրենից կախված ամեն ինչ անելու է, որ իրավիճակը շարունակի մնալ կայուն։ Եվ նաեւ միջազգային հանրության մոտ այս ընկալումը կա, որ Հայաստանը խիստ կառուցողական է դիրքավորված։ Վարչապետի կողմից ամենօրյա ռեժիմով արվում են հայտարարություններ, որոնք միտված են իրապես բացահայտելու՝ որքանո՞վ են հավաստի տվյալ տեղեկատվությունները։ Այսինքն՝ հայկական կողմն իր հստակ պատրաստակամությունն է հայտնում, եւ միջազգային հանրությունը դա արձանագրում է։ Այս իմաստով, ես կարծում եմ, հանրությունն անհանգստանալու պատճառ չունի, առավելագույնը արվում է»,- ասաց նա։
Մխիթար Հայրապետյանն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դռնփակ ռեժիմով ներկայացնում էր կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Նիստից հետո նա լրագրողներին ասաց, որ ռազմարդյունաբերության ոլորտի ճշգրտված բյուջեի 89 տոկոս կատարողական կա, իսկ պլանավորված բյուջեի՝ 25 տոկոս կատարողական։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ