Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Բաեւ. Կովկասը ցույց է տալիս մեզ, թե աշխարհագրությունը իրականում ինչքան կարող է փոխվել, ինչքան արագ է փոխվում ուժերի հավասարակշռությունը

Մարտ 21,2025 15:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Կովկասի ինստիտուտի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան համատեղ կազմակերպած «Մոտալուտ վտանգը. Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագրով միջազգային խորհրդաժողովում Խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (Օսլո) գիտաշխատող Պավել Բաեւը նշեց, որ Կովկասի վերլուծություններում գլխավորը աշխարհաքաղաքականությունն է: «Դա այն ոսպնյակն է, որով ուսումնասիրվում եւ բացատրվում են այս տարածաշրջանում բազում գործընթացներ: Կովկասը ցույց է տալիս մեզ, թե աշխարհագրությունը իրականում ինչքան կարող է փոխվել, ինչքան արագ է փոխվում ուժերի հավասարակշռությունը, աշխարհաքաղաքական միգրացիայի կարեւոր հոսքերը եւ առևտրի հիմնական ուղիները»,-ասաց նա:

Պավել Բաեւի տեսանկյունով՝ վերջին տասը տարում Կովկասի աշխարհաքաղաքական պրոֆիլը շատ նվազում է եւ հիմնական գործոնը, որը նպաստում է դրան, հիմնական խոշոր դերակատարների ավելի ցածր մասնակցությունն է: «Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան, Արեւմուտքը փորձում են մրցակցել այս տարածքի վրա, բայց մոտիկից ուսումնասիրելով, թե ինչ տեղի է ունենում, տեսնում ենք, որ այս բոլորը, գուցե, Թուրքիայի բացառությամբ, ավելի ու ավելի քիչ հետաքրքրություն են ցույց տալիս Կովկասի նկատմամբ, այն ավելի քիչ են ընկալում որպես մարտադաշտ: Ռուսաստանի եւ Իրանի միջեւ տեղի ունեցող զարգացումները չեն կպչում Կովկասին: Իսկ այն, ինչ տեղի է ունենում Սեւ ծովի թատրոնում, խոշոր թեմա է ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում: Եվ այս աշխարհաքաղաքական չափումներում Կովկասը սկսում է կորել: Լավագույն օրինակը ԱՄՆ-ի ընթացիկ իրավիճակն է: Այս օրերին Կովկասը Վաշինգտոնի քարտեզի վրա չի գտնվում, հաշվի չի առնվում: Եվ տպավորություն է ստեղծվում, որ դա մի բան է, որը չի փոխվելու»,-ասաց բանախոսը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31