Հայաստանում իշխանափոխության նպատակով արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին տարեսկզբին խոսող ընդդիմադիր քաղաքական ուժերը, կարծես, հետ քայլ են կատարել։ Հիմա բոլորը պատրաստվում են հերթական ընտրություններին։ Ստեպ-ստեպ հնչում են փողոց դուրս գալու անհրաժեշտության մասին հայտարարություններ, սակայն անցած փորձերի անհաջողություններից առաջացած հիասթափության դառը զգացումից հասարակությունը դեռևս ամբողջությամբ չի ապաքինվել, թեև այդ ուղղությամբ «մեղավորների» կողմից ջանքեր գործադրվում են և կարելի է հույս ունենալ, որ ի վերջո հայ ժողովուրդը կվերականգնի իր արժանապատվությունը։
Մեկ տարին քիչ ժամանակ չէ, որպեսզի հետևություններ արվեին ու անհաջողության իրական պատճառները ի հայտ բերվեին։ Ընդդիմության անհաջողությունների պատճառների վերաբերյալ որոշ խնդրահարույց ենթադրություններ արվել են, դրանց մասին շատ է խոսվել։ Փողոցով իշխանափոխության հասնելը, ըստ իս, ժամանակի անիմաստ վատնում է։ Իշխանությունները դա թույլ չեն տա, որովհետև այդ կերպ իշխանափոխության դեպքում, նրանք հասկանում են, որ իրենց անվտանգությունը երաշխավորված չի լինի։
Իմ կարծիքով, այն խոսույթը, որ այս իշխանությունների ամեն մի օրը նոր դժբախտություններ է բերում Հայաստանի համար, փոքր ինչ չափազանցված է և էմոցիոնալ հայտարարությունների շարքից է։ Պետք է հասկանալ, որ գլոբալ քաղաքականության մեջ Հայաստանի հետ կապված որոշ իրադարձություններ կարող են տեղի ունենալ Հայաստանի դիրքորոշումներից անկախ։ Ըստ իս, ընդդիմությունը պետք է կենտրոնանա ներքին հազար ու մի լոկալ խնդիրներից որևէ մեկի վրա և հետևողականորեն խաղաղ ակցիաներ իրականացնի։ Հետևողական լինելու դեպքում, բնականորեն, ակցիաները աճող ձնագնդի էֆեկտ կունենան մարդկանց քանակի և բարձրացվող հարցերի առումով։
Սկիզբ հանդիսացող լոկալ հարցերից մեկը կարող է լինել, օրինակ, Հայ Եկեղեցու պատմություն առարկան նորից ուսումնական ծրագրերում ներառելու խնդիրը։ Հայ Եկեղեցու պատմություն առարկան միայն առաջին հայացքից կարող է սովորական առարկա դիտվել, իրականում այդ առարկայի դասավանդմամբ պետք է աշակերտների և ուսանողների մոտ եկեղեցասիրությունն ու հայրենասիրությունը վառ պահվեր։
Կարդացեք նաև
Չեմ վիճի այն պնդման հետ, որ այդ առաքելությունը բավարար չափով չէր իրականացվում, երբ առարկան ուսումնական ծրագրերի մեջ էր, սակայն թերությունները շտկելու և նպատակային ուսումնական ծրագրեր իրականացնելու համար հնարավորությունները ավելի քան բավարար էին և դեռևս բավարար են։ Ի վերջո` դրա համար է 1995 թվականին հիմնադրվել Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետը, ինչի համար երախտապարտ ենք նրա հիմնադիր և առաջին դեկան, բանասիրական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, երջանկահիշատակ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանին, ով նախաձեռնեց ու իրականացրեց իր իսկ մտահղացումը։ Ականատես եմ եղել, թե ինչպես էր Շահե սրբազանը համբերությամբ ու իմաստությամբ հաղթահարում բոլոր դժվարությունները, որոնք առաջանում էին պետական մարմինների հետ գործը համաձայնեցնելու ճանապարհին։
ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ներկայիս դեկանը, ով, ի դեպ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևորական է, թերևս համակերպվել է այն մտքի հետ, որ ֆակուլտետի շրջանավարտները հնարավորություն չունեն դպրոցներում Հայ Եկեղեցու պատմություն առարկան դասավանդելու։ Նկատենք նաև, որ այդպիսով զգալի չափով սահմանափակվել է նաև աստվածաբանության ֆակուլտետի շրջանավարտների մասնագիտական գործունեության շրջանակը։ Այսպիսի անտարբերության դեպքում, կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ այսօրվա իշխանությունները հարկ կհամարեն վերանայել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի գոյության նպատակահարմարության հարցը։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ