ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին հարց ուղղեց Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում խոշտանգման ենթարկված արցախցի Տիգրան Ուլուբաբյանի գործի մասին։
Արփինե Սարգսյանն ասաց, որ այս դեպքի համատեքստում տարբեր մտքեր են հնչեցվում, որ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ-ն չի պաշտպանում, թիրախավորում է, որ նրանք մենակ են, նրանց պետք է պաշտպանել ոստիկաններից, որ ոստիկանության բաժանմունքներում արցախցիների նկատմամբ կա առանձնահատուկ վերաբերմունք։
«Ես պիտի հստակ արձանագրեմ, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն առանց այդ էլ իրադարձությունների բերումով տուժել են եւ գտնվում են խոցելի իրավիճակում, տեղահանվել են, ունեն բազմաթիվ կարիքներ։ Եվ այստեղ անընդհատ փորձել էմոցիոնալ դաշտ ստեղծել նրանց համար, դա որեւէ մեկի համար օգուտ բերող պրոցես չի կարող լինել։ Հակառակը, այդպես ավելի են թիրախավորվում մեր հայրենակիցները։ Եվ կարծում եմ, որ այս պառակտչական գործողություններն ընդհանուր հանրային խոսույթում պիտի դադարեցվեն, որովհետեւ դա առնվազն բարոյական չէ։ Պատասխանատու հայտարարում եմ, որ Հայաստանում լինի ՀՀ քաղաքացի, լինի ԼՂ-ից բռնի տեղահանված անձ, եթե կա անձի իրավունքների խախտման հետ կապված հարց, չկա որեւէ տարբերություն, որովհետեւ մենք գործ ունենք մարդու հետ»,- ասաց նա։
Արփինե Սարգսյանն ասաց, որ խոշտանգման կամ մարդու նկատմամբ բռնության ցանկացած ահազանգ մտահոգիչ է։ «Իմ արձագանքը եղել է անմիջապես, հարուցվել է ծառայողական քննություն, զուգահեռ կա նաեւ քրեական վարույթ Քննչական կոմիտեում։ Իհարկե, այս երկու վարույթներում կտանք համապատասխան գնահատականներ, հատկապես քրեական վարույթի առկայության պայմաններում ես այս պահին չեմ հավակնի տալ որեւէ գնահատական»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
ՆԳ նախարարը նշեց, որ դատաբժշկական փորձաքննություն եղել, եւ ծառայողական քննության շրջանակներում երեկ ստացվել է փորձաքննության արդյունքը։ Ըստ փորձագետի եզրակացության՝ ձախ ականջախեցու եւ գլխի ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդեր ախտորոշումը հիմնավորված չէ զննության օբյեկտիվ տվյալներով, որի պատճառներով էլ որպես մարմնական վնասվածք չի ընդունվում։
«Ի՞նչ կարելի է եզրակացնել, երբ ասվել է՝ ինտենսիվ ծեծ, 8 հոգի, հարվածներ դեմքին, վերնաշապիկը հանելու պրոցես։ Սրանք ուղղակի փաստեր եմ արձանագրում, որպեսզի յուրաքանչյուրս իրավիճակին տանք օբյեկտիվ գնահատականներ, չսեւացնեն որոշակի անձանց։ Կա քաղաքացու ահազանգ, որ 10 րոպեն մեկ ինտենսիվ ծեծ է եղել, 8 հոգով ինտենսիվ ծեծել են իրեն, բայց փորձագետը չի ֆիքսել, որ կա վնասվածք։ Գործի շրջանակներում բոլոր այս հանգամանքները պետք է մանրակրկիտ քննարկվեն»,- ասաց նա։
Արփինե Սարգսյանն ասաց, որ եթե քննությամբ պարզվի՝ ոստիկանները մեղավոր են, միանշանակ կենթարկվեն պատասխանատվության։ Եվ եթե պարզվի, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ, պիտի վրա հասնի պատասխանատվություն սուտ մատնություն տրամաբանության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրագրողների հետ զրույցում Արփինե Սարգսյանը նույնպես անդրադարձավ այս դեպքին՝։ Հարցին, թե փաստաբան Ռոման Երիցյանի կողմից նույնականացված երկու ոստիկաններին կանչե՞լ է իր աշխատասենյակ, զրուցե՞լ է նրանց հետ, Արփինե Սարգսյանը պատասխանեց․ «Գիտեք, չէ՞, որ ապօրինի բան եք ասում, ծառայողական քննություն է ընթանում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ