Լրահոս
Օրվա լրահոսը

Կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները հաճախ առաջնային նշանակություն չեն ստանում. Անահիտ Մանասյան

Մարտ 21,2025 14:18

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 20-ին բացման խոսքով է հանդես եկել «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ III» ծրագրի Համակարգային խորհրդի առաջին նիստին։

Միջոցառման շրջանակում ներկայացվել է ՀԵԼՓ ծրագրի «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» դասընթացի հայերեն տարբերակը։

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է, որ լայն հանրության շրջանում կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները հաճախ առաջնային նշանակություն չեն ստանում և չեն դիտարկվում որպես մարդու իրավունքների պաշտպանության բաղկացուցիչ մաս։ Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի նախաձեռնության դերն ու նպատակը՝ ոլորտի արդյունավետ կարգավորման տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանը նաև անդրադարձել է Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման հարցին՝ շեշտելով, որ ողջունելի են այդ ուղղությամբ պետության իրականացրած քայլերը, միևնույն ժամանակ, դա չպետք է դիտարկվի որպես ոլորտի խնդիրների համապարփակ լուծման միակ նախապայման։

«Անհրաժեշտ է ապահովել համալիր և համակարգված մոտեցում՝ կենսաբժշկության և առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ կառուցակարգերի և էթիկական ստանդարտների ներդրման ու պատշաճ իրացման նպատակով։ Այս համատեքստում մասնագիտական վերապատրաստման ծրագրերը կարևոր նշանակություն ունեն՝ ուղղված ոլորտի մասնագետների իրավագիտակցության բարձրացմանն ու կարողությունների զարգացմանը։ Լիահույս եմ, որ նոր դասընթացը էական դերակատարում կունենա ոլորտի կատարելագործման գործում»,- ասել է Պաշտպանը։

Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության և ոլորտի մարտահրավերներին միասնական լուծումներ գտնելու պատրաստակամության համար՝ վերահաստատելով իր հանձնառությունը Պաշտպանի մանդատի շրջանակում շարունակել աջակցությունը և համագործակցությունը ոլորտի բարելավման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են «Հոգեկան առողջություն և մարդու իրավունքներ» դասընթացի հայերեն տարբերակը, Հայաստանում կենսաբժշկության և առողջապահության ոլորտում համագործակցության նոր ուղղությունները, ինչպես նաև Օվիեդոյի կոնվենցիայի վավերացմանն առնչվող հարցերը։

Միջոցառմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը և Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31