Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրի ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը կիրառում են ատելության խոսք, վիրավորանք, տարածում թշնամանք և թիրախավորում անձանց. «Ականատես» դիտորդական առաքելություն

Մարտ 21,2025 14:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ականատեսի օրագիր N4

ՀՀ ընտրական օրենսգիրքը արգելում է ընտրողների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության փորձերը

Civic.am լրատվական կայքը հրապարակել է Գյումրի համայնքի ընտրություններին մասնակցող թեկնածուների վարկանիշային սանդղակ՝ հիմնված սոցիոլոգիական անհայտ հարցման արդյունքների վրա։

ՀՀ ընտրական օրենսգրքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հարցումն իրականացնող կազմակերպությունը պարտավոր է նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին:

Տվյալ դեպքում լրատվականը չի մասնավորեցնում, թե ով է հարցումն իրականացնող կազմակերպությունը, որին վերաբերելի են այս պահանջները։

Տվյալների բացակայությամբ հրապարակված հարցումները խնդրահարույց են և կարող են մեկնաբանվել որպես ընտրողների կամքի վրա ազդելու միջոց։ Հավելենք նաև, որ այս իրավախախտումը պատժվում է ՀՀ վարչական օրենսգրքի 40․9-րդ հոդվածով՝ մինչև 500,000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

Ակնկալում ենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կձեռնարկի քայլեր ապահովելու օրենքի պահանջների կատարումը։

Ականատեսի օրագիր N5

Ատելության խոսքը Գյումրու ընտրություններում

Ատելության խոսույթը ուղղորդված խոսքի ձև է, որը մերժում է արժանապատվության և հավասարության իրավունքը և փորձում նսեմացնել անհատների և խմբերի դիրքը հասարակության մեջ: Այն պարունակում է ռիսկեր՝ հրահրելու ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն, այդ թվում՝ պայմանավորված քաղաքական հայացքներով։

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերը անթաքույց կերպով կիրառում են ատելության խոսք, վիրավորանք, տարածում թշնամանք և թիրախավորում անձերի։

Ներկայացնենք մի քանի դրվագ՝

1.Քարոզարշավի նախաշեմին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում իր ելույթի ժամանակ ասում է․ «Ոմանք առնետների նման դուրս են եկել փողոցներում քաղաքական արշավ են անում․․․ նրանց պետք է հետ ուղարկենք իրենց առնետային նկուղները»:

2.«Գյումրեցիները մարտի 30-ին «առնետներին» կուղարկեն համապատասխան վայրեր»։ Նշում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու թեկնածու Էմմա Պալյանը:

3.«Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ծրագրում կարդում ենք՝ «Մեր քաղաքին վայե՞լ են այսքան թափառող շներն ու կրծողները։ ՔՊ-ն մեզ հերիք չէ՞»: Նույն տեղում՝ «խաբողն ու չանողը ՔՊ-ական լինի»:

4.Նույն կուսակցության ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը մրցակից «Քաղաքացիական պայմանագրի» մասին ասում է՝ «Իրենց կողքին ադրբեջանցիներն ու թուրքերն են» ։ Մխիթարյանը նաև իր սոցցանցային էջում տեղադրում է հոլովակ, որն ատելության քարոզի տարրեր է պարունակում:

5.«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու թեկնածու Մհեր Խաչատրյանն իր սոցցանցային էջում գրում է՝ «Հայ ես, թե՞ ՔՊ-ական»:

6.«Երկիրը ղեկավարվում է անգլո-թուրքական շների կողմից»․ քարոզչական ելույթում ասում է Կոմունիստական կուսակցության ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը:

Ցավոք, դրվագների շարքը կարելի է շարունակել։ Չնայած ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր տարածելու համար, սակայն օրենքի չկիրարկումը կամ խտրական կիրարկումը, ինչպես նաև ՀՀ-ում քաղաքական բարեվարքության անկումը անխուսափելիորեն արտացոլվում են Գյումրու ՏԻՄ ընտրություններում։

«Ականատես» դիտորդական առաքելություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31