«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
«Անկախ դիտորդը» հենց նոր Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Գյումրիում «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանի կողմից (նրա անունից) ընտրողներին անվճար ծառայություններ մատուցելու վերաբերյալ:
Մասնավորապես, արձանագրել ենք, որ Մարտուն Գրիգորյանը (կամ նրա անունից) Գյումրիի ընտրողների համար իրականացրել է ճանապարհների անվճար խճապատում («շիբենապատում»)՝ դա զուգորդելով նախընտրական քարոզչությամբ, ինչով առերևույթ կատարվել է ՔՕ 221-րդ հոդվածով արգելված արարք:
Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածը նախատեսում է 3-ից 6 տարվա ազատազրկում թեկնածուների կողմից (կամ նրանց անունից) ընտրողներին գույք (կամ ծառայություններ) նվիրելու համար, ինչպես նաև քարոզարշավի ու բարեգործության մեկտեղման համար: Այս արարքը 2018 թվականին քրեականացվել է մեր նախաձեռնությամբ, քանի որ, այն, ըստ էության, ընտրակաշառքի քողարկված տեսակ է: