Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության դիտարկումը՝ մշակութային ժառանգության լայն հայեցակարգի համապարփակ շրջանակի ներքո

Մարտ 21,2025 14:11

Մարտի 20-ին Երևանում՝ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) ընթերցասրահում տեղի ունեցավ Թ․ 00․ 06․ «Մշակաբանություն» մասնագիտությամբ պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսության պաշտպանություն։

ՀԱԻ-ին կից գործող ԲԿԳԿ 007 «Հնագիտություն և ազգագրություն» մասնագիտական խորհրդի նիստին «Մշակութային ժառանգության պահպանությունը. տեսական մոտեցումները, միջազգային փորձը և Արցախի մշակութային ժառանգության պահպանության խնդիրները» խորագրով թեկնածուական ատենախոսության պաշտպանությամբ հանդես եկավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի Մշակութաբանության ամբիոնի ասպիրանտ Արմինե Տիգրանյանը։

Արմինե Տիգրանյան

Ներկա էին ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանը, տարբեր բաժինների աշխատակիցներ, ուսանողներ, թեմայով հետաքրքրվողներ։

Ատենախոսության առաջատար կազմակերպությունն է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը։

Պավել Ավետիսյան

ՀԱԻ կից գործող ԲԿԳԿ 007 մասնագիտական խորհրդի նիստի նախագահ պ․գ․ դ․, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը կարևորեց ատենախոսության թեման։

Արսեն Հարությունյան

Ներկաներին ողջունեց Մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար Արսեն Հարությունյանը։ Նշեց՝ ատենախոսության թեման հաստատվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում։

Համլետ Պետրոսյան

Գիտական ղեկավարն է պ․ գ․ դ․, պրոֆեսոր Համլետ Լենսերի Պետրոսյանը, պաշտոնական ընդդիմախոսներն են բ․ գ․ դ․, դոցենտ Թամար Լազարի Հայրապետյանը և պ․ գ․ թ․, դոցենտ Արսեն Աշոտի Հակոբյանը։

Թամար Հայրապետյան

Ներկայացրեց նաև ատենախոսի կենսագրականը։

Արմինե Տիգրանյանը եւ Համլետ Պետրոսյանը

Ատենախոս Ա․ Տիգրանյանը ներկայացրեց աշխատանքը՝ կարևորեց թեմայի արդիականությունը։ Տեղեկացրեց՝ Արցախի Հանրապետության տարածքում 2020թ․ սեպտեմբերի տվյալներով գրանցված է 4000 հուշարձան, որոնց մեծ մասը 4-19-րդ դարերի հայկական քրիստոնեական ժառանգություն է։ Ներկայացրեց իր կատարած հետազոտության առարկան՝ Արցախի մշակութային ժառանգությունը և օբյեկտը՝ մշակութային ժառանգության միջազգային սկզբունքները և պահպանության արդի համակարգը։

Տեղեկացրեց՝ հետազոտության նպատակն է ուսումնասիրել մշակութային ժառանգության պահպանության տեսական մոտեցումները, միջազգային փորձը (ժառանգության պահպանությանը միտված միջազգային կոնվենցիաները, հռչակագրերը, կանոնակարգերը, ոլորտի միջազգային կառույցների ընդհանուր քաղաքականությունը, բանաձևերը, որոշումները և այլն), որպեսզի վեր հանվի Արցախի մշակութային ժառանգության պահպանության արդի խնդիրները և գտնվեն ժառանգության հնարավոր պաշտպանության մեխանիզմները:

Անդրադարձավ հետազոտության խնդիրներին, որոնք 10-ից ավելի են։ Հետազոտության գիտական նորույթը, ըստ ատենախոսի, երկուսն է՝ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության դիտարկումն է մշակութային ժառանգության լայն հայեցակարգի համապարփակ շրջանակի ներքո, և մշակութային ժառանգության ոչնչացումները, պատերազմական հանցագործությունները, մշակութային ցեղասպանությունը, էթնիկ զտումները և տեղահանությունը որպես մեկ համակարգ դիտարկելը։

Ներկայացրեց հետազոտության տեսական հիմքն ու մեթոդաբանությունը, աշխատանքի գործնական նշանակությունը, թեմայի ուսումնասիրությունը և ատենախոսության հիմնական բովանդակությունը։

Այնուհետև ելույթ ունեցան գիտական ղեկավարը, ընդդիմախոսները։ Ըստ ընդդիմախոսների՝ աշխատանքում կան որոշակի բացթողումներ, օրինակ՝ Արցախում 2020թ․ պատերազմից հետո հաշվառվել է ևս 1000 հուշարձան, որ թեմային առնչվող ոչ բոլոր տպագիր աշխատություններն է հետազոտված և այլն։ Սակայն դրանք էական ազդեցություն չեն թողնում, որ ատենախոսությունը պաշտպանվի։

Ելույթներից հետո եղավ քվեարկություն, և Մասնագիտական խորհրդի միաձայն որոշմամբ Ա․ Տիգրանյանին շնորհվեց պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Կարևորվեց նաև այն հանգամանքը, որ մեր պատմագիտությանն անհրաժեշտ են ոլորտին վերաբերող արհեստավարժ մասնագետներ:

Ա․ Տիգրանյանը շնորհակալություն հայտնեց իր գիտական ղեկավարին՝ գործադրած մեծ ջանքերի և այս ճանապարհը իր համար կայացնելու համար։ Իր ֆեսբուքյան էջում գրել է․ «Շնորհակալ եմ հարգարժան ընդդիմախոսներին` բանասիրական գիտությունների դոկտոր Թամար Հայրապետյանին և պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանին՝ մասնագիտական խորհուրդների, խիստ կարևոր դիտարկումների և առաջարկությունների համար, որոնք միմիայն կօգնեն իմ հետագա գործունեությանը։ Իմ խորին շնորհակալությունը գիտական խորհրդի նախագահ Պավել Ավետիսյանին, հարգարժան խորհրդի անդամներ` Հայկուհի Մուրադյանին, Աղասի Թադևոսյանին, Լևոն Աբրահամյանին և Արմեն Պետրոսյանին։ Շնորհակալ եմ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտին` որպես առաջատար կազմակերպություն արժեքավոր կարծիքի և մասնագիտական դիտարկումների համար։ Երախտիքս գիտական քարտուղար Արսեն Հարությունյանին անբասիր աշխատանքի և մեծ աջակցության համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կողքիս էին այս ճանապարհին»:

Աղասի Թադևոսյան

 Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31