Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունը առաջին անգամ անցկացվելու է Երեւանից դուրս՝ Կապանում

Մարտ 21,2025 13:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կապանի դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը՝ թատրոնի 90-ամյա հոբելյանը աննախադեպ նշելու համար անցած տարի դիմում է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանին։ Քննարկման արդյունքում որոշում են «Արտավազդ-2025»-ի մրցանակաբաշխությունը կազմակերպել Կապանում։

Տիգրան Աթայան

Սակայն սա այնքան էլ հեշտ չէր․ ֆինանսական միջոցների խնդիր կար։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին ներկայացնում են առաջարկը, վերջինս էլ խոստանում է՝ միջոցներ կգտնվեն։ «Այ հենց այդ պահին՝ զգացինք, որ մեր նախաձեռնությունը իրականություն է դառնալու, մարզպետի հետ հանդիպումից հետո հասկացանք, որ կարող ենք ռիսկի գնալ»,-ասաց թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանը։

Մինչեւ մրցանակաբաշխությունը՝ մեկ շաբաթ Կապանում կամերային ներկայացումների փառատոն է լինելու, որը նույնպես առաջին անգամ է կազմակերպվում։

Արայիկ Մարգարյան

Ընդհանուր բյուջեն 30 մլն դրամ է, որն հատկացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ «Ցանկությունս է՝ Սյունիքի մարզը եւ Կապանը աշխարհաքաղաքական, անվտանգային թեմաներից դուրս, մոտ 10 օր էլ բարի ու մշակութային տարբերակով հայտնվի լրատվական հոսքերում»,-նշեց կոմբինատի լրատվության ու հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը։

Հայկ Հարությունյան

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն էլ նշեց, որ մշակութային ոլորտի զարգացման համար կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր ունեն։ Համոզված է՝ մարզը կարող է մշակութային կենտրոն դառնալ, նաեւ զբոսաշրջությունն ու հյուրանոցային տնտեսությունը կզարգանա, ինչին նպաստում են նման միջոցառումները։

«Կապանում կազմակերպելը՝ մարզկենտրոնը ավելի ընկալելի է դարձնում, բայց ամբողջ մարզի մասշտաբով էլ է ճանաչելի դարձնում, ավելացնում զբոսաշրջիկների թիվը։ Ինչ վերաբերում է հյուրանոցային ու հյուրատնային տնտեսություններին, ապա դրանք բավական չեն շարունակաբար նման փառատոններ ընդունելու համար։ Այդ իսկ պատճառով նոր հյուրանոցներ են կառուցվում, իսկ մարդիկ էլ սկսել են հյուրատների թիվն ավելացնել»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց Սյունիքի մարզպետի տեղակալը։

Հակոբ Ղազանչյան

2002թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության կողմից անցկացվող «Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունը առաջին անգամ անցկացվելու է Երեւանից դուրս՝ Կապանում։ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը հավաստիացնում է՝ մրցանակաբաշխության ձեւաչափը չի փոխվելու։ «Միայն տեղն է փոխված, մնացածը լինելու նույն

ձեւաչափով, բոլոր անվանակարգերով»,-նշեց Հակոբ Ղազանչյանը։ Ի դեպ, վերջինս ապրել ու աշխատել է Կապանի թատրոնում, ու Սյունիքի մարզկենտրոնը, Ղազանչյանի դիտարկմամբ՝ մի առանձնահատուկ վայր է իր համար։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31