«Իրենք չեն ցանկանում ու չեն կարողանում թաքցնել այն մեթոդները, որով եկել են իշխանության եւ որով պահում են այդ իշխանությունը, Հայաստանի քաղաքացու կյանքն ու արժանապատվությունը ոչ Նիկոլի, ոչ էլ իր հանցավոր խմբակից որեւէ մեկի համար ընդհանրապես արժեք չունի»,- «Հայելի» ակումբում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նրա խոսքով. «Այն պետության պարագայում, որի պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է, որը բացառապես զբաղված է ասֆալտի «ատկատներով», մեկ էլ Նոր տարուց Նոր տարի տոնածառի մոտ ֆոտոսեսիաներ անելով, բնական է, որ ագրեսոր Ադրբեջանը կլկտիանա, բա ի՞նչ պետք է անի: Այն դեպքում, երբ այս երկրում արտաքին գործերի նախարար են անվանում մեկին, որը թուրքի գործակալ է՝ «Օմեգա» մականունով, մենք մտածում ենք, որ ինքը պետք է հայկական շա՞հը պաշտպանի: Դրա համար պետք է մեզ պատերազմի, կապիտուլյացիայի թուղթը ներկայացնեն որպես խաղաղություն, մենք էլ պիտի դրան չարձագանքենք, որովհետեւ մի կողմից չունենք պաշտպանության նախարար, մյուս կողմից չունենք արտաքին գործերի նախարար, եւ պետությունը զավթած դավաճան Նիկոլ ունենք: Այս տրամաբանության մեջ է պետք ամեն բան հիմա դիտարկել»:
ԱԺ ընդդիմադիր պատգամավորը հավելում է, որ «խաղաղության համաձայնագիր» կոչվածն իրականում ոչ մի կապ չունի խաղաղության հետ. «Մեզանից գաղտնի են պահում այդ թղթի էությունը, բովանդակությունը: Մենք չգիտենք, թե ինչ է պարունակում այդ փաստաթուղթը, բայց շատ լավ գիտենք Նիկոլի պարունակությունը: Այս 7 տարիների ընթացքում Նիկոլի պարունակությունն ամբողջականությամբ բացահայտված է՝ իր հակահայկականությամբ, իր դավադրություններով՝ կազմակերպված հայկական բանակի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ մեր երկրի տարածքային ամբողջականության դեմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ