«Աղմուկի գերազանցող մակարդակի պարագայում մարդու մի շարք հիմնարար իրավունքներ են խախտվում, պարզապես անթույլատրելի է այն մակարդակը եւ դեպքերի այն ծավալը, որն ընդհանրապես ունենք մեր հանրապետությունում»,-ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ, գործող իրավական կարգավորումներ: Օրենսդրական լուծումներ» թեմայով լսումների ժամանակ նշեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:
Նա փաստեց, որ խնդիրը չի սահմանափակվում միայն Երեւան քաղաքով, եւ աղմուկի հետ կապված մի շարք դեպքեր կան հանրապետության այլ տարածքներում եւս:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ խնդրի քննարկումը կարեւոր է եւ լայն շրջանակի հետ է առնչվում.«Շատ դեպքերում մեզ մոտ աղմուկի հետ կապված ոչ պատշաճ վարքագիծը այնքան տարածված է, որ դա դժվարացնում է դրա նկատմամբ կոնկրետ վարչարարություն իրականացնելը… Նման լսումները նաեւ օգնում են մեր քաղաքացիներին, հանրությանը տեղեկացնել, թե ինչպիսի ազդեցություն ունի աղմուկը մարդու օրգանիզմի, առողջության, հոգեկան անդորրի եւ կենսագործունեության վրա»:
Անահիտ Ավանեսյանի խոսքով. «Ապացուցված է, ոչ աղմուկն ունի կոնկրետ ազդեցություն ինչպես մարդու լսողական ապարատի, այնպես էլ ամբողջ նյարդային համակարգի եւ օրգանիզմի վրա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աղմուկի ազդեցության վերաբերյալ ունի հստակ ցուցումներ եւ սահմանված ստանդարտներ, որոնք պետք է պահպանվեն՝ ապահովելու համար մարդու նորմալ կենսագործունեությունը»:
Կարդացեք նաև
Նախարարը նշեց, որ 2024թ Հանրային առողջության մասին օրենքն ամբողջությամբ վերանայվել է, որտեղ նաեւ կարգավորումներ են ներառվել աղմուկի վերաբերյալ. «Դրանից հետո կոնկրետ ենթաօրենսդրական ակտերով պետք է կարգավորվեն տարբեր վայրերում աղմուկի սանիտարահիգիենիկ նորմերը, թույլատրելի շեմերը, չափորոշիչները… Ինչպիսի՞ն պետք է լինեն ձայնը, երաժշտությունը, տեխնիկայից եկող աղմուկը, թրթռումը: Բոլոր այս մասերով մենք պետք է ենթաօրենսդրական ակտերը նույնպես փոփոխությունների ենթարկենք»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ