Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Օրբելյան. «Սահմանադրությունը կոպտորեն խախտվել եւ խախտվում է անընդհատ, եւ նոր սահմանադրություն գրելով՝ փորձ է արվում թաքցնել եւ, պայմանական ասած, այդ էջը շրջել՝ ասելով, թե ինչ եղել է՝ եղել է». «Հրապարակ»

Մարտ 21,2025 11:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակ»-ի զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանն է:

– Օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, մեկնաբանելով Փաշինյանի հայտարարությունը, թե նոր սահմանադրությունը պետք է «տարածաշրջանային բնույթ» ունենա, ասել էր, թե դա նշանակում է, որ այն չպետք է հակասի «խաղաղության պայմանագրին» եւ «խաղաղության կառուցման» գործընթացին: Ի՞նչ կապ ունի երկրի Սահմանադրությունը խաղաղության ապահովման հետ:

– Ես մի քանի անգամ ասել եմ՝ արհեստական օրակարգեր են ձեւավորում՝ ինչ-որ խելոք բառեր ավելացնում ու ոչ մի բան չասող նախադասություններ ասում: Ես դեռեւս չեմ տեսել որեւէ վերլուծություն այն մասին, որ գործող Սահմանադրությունը չի նպաստում կամ խոչընդոտում է խաղաղությանը, այսինքն՝ եթե Սահմանադրության մեջ ինչ-որ բան պետք է փոխել, նախ պետք է հասկանալ, թե որն է խնդիրը: Ժողովուրդը միշտ կարող է Սահմանադրություն փոխել, բայց դա ինքնանպատակ չէ, հենց ժողովուրդը պետք է ցանկություն ունենա այն փոխել, պետք է հասկանա, որ որոշակի խնդիրներ կան, որոնց լուծումն առանց այդ փոփոխության հնարավոր չէ, եւ պետք է հասկանա, թե որ շրջանակում կարող են լինել այդ փոփոխությունները: Հիմա վերադառնանք՝ ի՞նչ խնդիր է բարձրաձայնվել, որը չենք կարողանում լուծել գործող սահմանադրաիրավական կարգավորումների շրջանակներում, եւ դրա համար Սահմանադրությունը պետք է փոխվի: Արձանագրենք մեկ պարզ բան՝ Սահմանադրությունը կոպտորեն խախտվել եւ խախտվում է անընդհատ, եւ նոր սահմանադրություն գրելով՝ փորձ է արվում թաքցնել եւ, պայմանական ասած, այդ էջը շրջել՝ ասելով, թե ինչ եղել է՝ եղել է: Գործող Սահմանադրությունն այնքան լավն է, որ իշխանությունների ցանկացած հակապետական գործունեության արդյունքում խախտվել է, այսինքն՝ այն խախտելու միջոցով են հակապետական ու հակահայկական գործողություններն իրականացվել: Սահմանադրությունը հստակ ունի իշխանությունների տարանջատման տրամաբանությունը, բայց, ի հեճուկս այդ բոլոր կարգավորումների, գործող իշխանություններն իրենց համար լիազորություններ են ավելացնում, պակասեցնում են քաղաքացու իրավունքները եւ մյուս պետական մարմինների՝ իրենց բալանսավորելու հնարավորությունները։ Հետեւաբար, Սահմանադրության փոփոխության հանրային որեւէ պահանջ չկա, ժողովուրդը Սահմանադրությունը փոխելու պահանջ չի առաջադրել: Ժողովուրդը բարձրացրել է հարկերի հետ կապված խնդիր, դատարանների մատչելիության, ենթակառուցվածքների, կոռուպցիայի եւ այլ հարցերի հետ կապված, որոնց լուծման փոխարեն տեղի է ունենում ինչ-որ պրոցես, որի շրջանակում, բավական չէ, որ չկա Սահմանադրության տեքստը փոխելու անհրաժեշտություն, որպեսզի դա էլ թաքցնեն, որոշում են նաեւ հայեցակարգ չմշակել, որովհետեւ հայեցակարգով պետք է հստակ ցույց տալ, թե ինչ խնդիր կա: Մենք տեսել ենք մի քանի սահմանադրական հանձնաժողովներ, որոնք վերջնական որեւէ բան չեն կարողացել մշակել, ինչո՞ւ․ որովհետեւ չկա դրա հանրային պահանջը: Երբ հանրային պահանջ է լինում, հայեցակարգային փաստաթուղթը շատ հստակ է ձեւակերպվում: 2015-ին շատ հստակ ձեւակերպվել է, որ պետք է լինի պառլամենտարիզմ: Այն ժամանակ եղել է այդ հանրային պահանջը, թե ինչ ձեւով, ինչ ծավալով, որ իրավունքն ինչպես ձեւակերպել՝ դա արդեն մասնագիտական աշխատանքային  գործունեության դաշտում է: 2018-ին եղել է որոշակի մասնագիտական՝ ոչ հանրային պահանջ՝ ուղղված դատավորների անկախության հետագա երաշխավորմանը, եւ ստացել է իր հայեցակարգային ձեւակերպումը:

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31