Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկմանը մասնակցել են նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլը համակարգողները. «Հրապարակ»

Մարտ 21,2025 10:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկմանը մասնակցել են նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործադուլը համակարգող խորհրդի անդամ Վահե Մխիթարյանը եւ եւս 4 հոգի, որոնք աշխատում են կոմբինատում։

Կոմբինատի գործադուլի առաջին օրերից տեղեկություններ էին հասնում, որ խժդժությունների ետեւում իշխանությունն է կանգնած, եւ ակցիան ուղղված է ռուսների դեմ, ինչին դժվար էր հավատալ, որովհետեւ ՀՀ կառավարությունը ԶՊՄԿ 23 տոկոսի բաժնետերն է, եւ կոմբինատն ահռելի հարկեր է վճարում բյուջե: Սյունիքից փոխանցում էին, որ գործադուլավորների հետ ինտենսիվ կապի մեջ են ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը։ Ի դեպ, 5 օր առաջ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել կապանցիներին` վարչապետի առաջարկին ընդառաջ, 70 հոգանոց խումբ ձեւավորել եւ նրան հյուրընկալել Կապանում՝ «իրական Հայաստանի» նախագիծը քննարկելու։ Սա եւս մատնում է, որ ՔՊ-ականները նախաձեռնողականություն են դրսեւորում Փաշինյանի առաջ քաշած օրակարգով։ Եվ, վերջապես՝ որպես կանոն, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնություններին մասնակցում են նրա համակիրներն ու գաղափարակիցները, որոնց մինչեւ յոթը պորտը նախապես տնտղում են, նոր միայն հրավիրում նրա հետ հանդիպման, որ տհաճ անակնկալների չբախվեն։

Կարելի է փաստել, որ Հայաստանի թիվ 1 հարկատուի աշխատանքը 11 օր խափանած եւ օրական կոմբինատին 400 միլիոն դրամի վնաս տված նախաձեռնությունը գործող իշխանությունների սրտով է։ Վահե Մխիթարյանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ խոր անվստահություն ունի «հարգարժան» վարչապետի եւ գործող իշխանությունների նկատմամբ։ Ասաց, որ «իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի քննարկմանը մասնակցել են շատ պատահականորեն` վարչապետի էջում կարդացել են հրավերը, դիմել, եւ, ի զարմանս իրենց, հաստատել են հայտը։

Ներկայացնում ենք մեր զրույցը Մխիթարյանի հետ։ Հիշեցնենք, որ գործադուլավորները պահանջում էին աշխատավարձերի 40 տոկոս բարձրացում, 8 հեռացված աշխատակցի վերականգնում եւ կոմբինատի արհմիության փոփոխություն:

– Ինչպե՞ս եք իմացել քննարկման մասին։

– Իր էջից կարդացել ենք, մեր անունները գրել ենք, որ ուզում ենք մասնակցել, մի քանի օր հետո մեյլով պատասխանեցին, մենք էլ էինք զարմացել, կարծում էինք՝ չէին հրավիրի։

– Ի՞նչ եք խոսել, ինչ-որ բան հարցրե՞լ եք։

– Նախ առաջինը՝ պետական համակարգը զրո արդյունավետությամբ է աշխատում, որի արդյունքները մենք տեսանք: Տեսանք, որ ո՛չ գործարանը, ո՛չ պետությունը չունեն հակաճգնաժամային կառավարման որեւէ մեխանիզմ․ 11 օր կանգնել էր թիվ 1 հարկատուն, եւ որեւէ միջամտություն չկար, չկա մշակված մեխանիզմ, թե ինչպես հարթել խնդիրը։ Եվ հետո մեր հարգարժան պարոն Փաշինյանին ասել ենք՝ մեր վարչապետ, այդ պաշտոնը զբաղեցնող, երկրի պետական ապարատն առաջնորդող մարդ, ինչպե՞ս է ստացվում, որ մենք 11 օր աղաղակում ենք մարդու արժանապատվության եւ առողջության հետ անհամատեղելի աշխատանքային պայմանների մասին, բայց աշխատանքի տեսչությունը ոնց որ տեղից իրար չի գալիս։ Մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ դա կարող է լինել վատ կառավարում կամ  հսկայական կոռուպցիոն ռիսկ։ Անձամբ ես եմ աշխատանքային տեսչության մասին հարց տվել, տեղեկացրել եմ, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարը գործադուլից մի քանի օր հետո մասնակցել է պարոն Խուդոլիի ծննդյան տարեդարձին, խոսքը Պետրոս Մարտիրոսյանի մասին է, որը վերջերս թեկնածություն էր առաջադրել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնի համար:

– Իսկ Փաշինյանը պատասխանե՞ց հարցին:

– Դե, ասաց, որ կճշտեմ, եւ, օգտվելով իր առաջարկից, որ 70 հոգանոց խմբեր եթե հավաքեք, ինքը կգա․․․ հրավիրել ենք, սպասելու ենք Քաջարանում եւ այս երկխոսությունը տանելու ենք հանրային հարթակ: Իսկ երեկվա հավաքին մասնակցել ենք 5 հոգով՝ ես, Շավարշը՝ Մարգարյան, եւս 3 հոգի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31