Ո՞րն էր թիմերի միջև հիմնական տարբերությունը. Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր, մենք դեռ պետք է աճենք, այս արդյունքն օրինաչափ է: Այս մասին Վրաստանի հետ խաղից հետո ասել է Հայաստանի հավաքականի մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը:
«Մեր թիմերի միջև հիմնական տարբերությունը այն է, որ Վրաստանի հավաքականն ավելի հասուն էր։ Կարծում եմ՝ արդյունքն օրինաչափ է։ Մենք թույլ տվեցինք ոչ պարտադիր սխալներ երեք գոլերի դրվագներում, բայց սա այն իրավիճակն է, որում այժմ գտնվում է Հայաստանի հավաքականը։
Կարծում եմ, որ բոլոր խաղացողները շատ հարմարավետ էին զգում իրենց գնդակով։ Դժվար է առանձնացնել որևէ մեկին. ուղղակի բարդ էր փորձել հասնել այն խաղամակարդակին, որն այսօր ուներ Վրաստանի հավաքականը։
Կարդացեք նաև
Մեր կողմից եղան անհատական սխալներ, և այն թիմի դեմ, ինչպիսին Վրաստանի հավաքականն է, արդյունքն այսպիսին պետք է լիներ։ Սակայն թիմում նաև դրական ազդակներ տեսա։ Դեռևս վաղ է խոսել պատասխան խաղից, բայց հավանաբար նոր խաղացողներին էլ խաղաժամանակ կտրամադրենք։
Շատ ուրախ եմ, որ Տիգրան Բարսեղյանը երկար ընդմիջումից հետո վերադարձավ հավաքական, ցույց տվեց լավ որակ և պայքարելու ցանկություն։ Նրան ասացի, որ շատ գոհ եմ իր խաղից։ Էդգար Սևիկյանը նույնպես լավ ֆուտբոլ խաղաց, ցուցադրեց բարձր վարպետություն, բայց չէի ցանկանա շատ անուններ տալ։
Մենք երեք անհատական սխալ գործեցինք, և դրա հետևանքով երեք գոլ բաց թողեցինք։ Այս թիմը պետք է աճի, հասնի այն մակարդակին, ինչպիսին, օրինակ, Վրաստանի հավաքականն է։ Երկրպագուները պետք է համբերատար լինեն։ Ինչպես երկրպագուները, այնպես էլ ֆուտբոլիստները պետք է շարունակեն պահպանել իրենց հավատը այս գործընթացում։
Որպես թերություն կարող եմ նշել գնդակի կորուստը կարևորագույն պահերին։ Սա մի գործոն է, որի վրա պետք է աշխատենք, ինչպես նաև փորձենք ընտրել ավելի ճիշտ խաղացողներ և նրանց հետ շարունակել աշխատանքը։ Դժվար է դրական արդյունք ակնկալել, երբ խաղացողներն անհատական սխալներ են գործում․ 3 անհատական սխալ, 3 գոլ», – ասում է Ջոն վան’տ Սխիպը հետխաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների միջև։ Խաղն ավարտվեց Վրաստանի ընտրանու վստահ հաղթանակով՝ 3-0:
Հավաքականների միջև պատասխան հանդիպումը կկայանա երեք օրից՝ մարտի 23-ին, Երևանի ժամանակով 18:00-ին։