Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԴՀ նախագահ Շթայնմայերի Հայաստան պետական պաշտոնական այցի ամենամեծ բացթողումը Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը չներառելն է. «Ազգ»

Մարտ 21,2025 09:30

Մարտի 30-ից ապրիլի 2-ը ԳԴՀ նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը տիկնոջ՝ Էլքե Բյուդենբենդերի հետ կայցելի Հայաստան եւ Ադրբեջան, ինչպես մարտի 13-ին ծանուցել էր ԳԴՀ նախագահի գրասենյակը: Նա դաշնային առաջին նախագահն է, որ ժամանելու է Հայաստան եւ Ադրբեջան:

…Գերմանիայի նախագահի այցը Հայաստան եւ Ադրբեջան կազմակերպում են տեղի երկու երկրների դեսպանությունները: Չենք կարող կռահել, թե ո՛ր կողմն է թերացել իր պարտականությունների մեջ, սակայն նախագահ Շթայնմայերի Հայաստան պետական պաշտոնական այցի ամենամեծ բացթողումը ՀՀ պետական արարողակարգի ծառայության մասին 2002 թվականի մարտի 16-ի օրենքով սահմանված պետական արարողակարգի անբաժան մաս համարվող Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելությունը չներառելն է: Այցն իհարկե կայանում է կողմերի համաձայնությամբ, ո՞ր կողմն է որոշել այն ստորադասել՝ այլ միջոցառումների նախապատվություն տալով:

Ինչպես գիտենք, Հայաստան այցելող պատվիրակությունների համար նախատեսվում է հետեւյալ օրակարգը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը՝ հուշահամալիրում ծաղիկներ կամ ծաղկեպսակ խոնարհելը, շրջայցը թանգարանում, պատվավոր հյուրերի հուշամատյանում գրառում կատարելը եւ Հիշողության պուրակում եղեւնի տնկելը:

Շթայնմայերը Հայաստանում եղել է 2014-ի հոկտեմբերի 23-ին, երբ Գերմանիայի դաշնային հանրապետության արտգործնախարարն էր: Նա այցելեց Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, ինքն էլ խոնարհվեց, թեպետ Հայոց ցեղասպանություն իրավական ձեւակերպումից մինչեւ օրս հրաժարվում է մասնագիտությամբ իրավաբան Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը:  2014-ին նա կիրառում էր Massaker (կոտորած, եղեռն) ձեւակերպումը, որ նվազեցնում է ոճրագործության բնույթը, սակայն նույնին հավատարիմ մնաց 2015-ին, երբ իր երկրի նախագահ Յոահիմ Գաուքը Բեռլինի Մայր տաճարում ապրիլի 23-ին արտասանեց՝ «ցեղասպանություն էր»:

Գերմանական մամուլն էլ, մասնավորապես «Շպիգելը», 2015-ի ապրիլի 17-ին նկատել էր տվել արտգործնախարար Շթայնմայերի «դիվանագիտական շպագատը»՝ չի ճանաչում ցեղասպանությունը, բայց այցելում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

2016-ի հունիսի 2-ի նիստին, երբ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանության բանաձեւը, Շթայնմայերն իր ղեկավարի՝ Անգելա Մերկելի հետ չէր մասնակցում, եւ դրանից հետո էլ հավատարիմ մնաց իր բառընտրությանը՝ մեկնաբանելով, թե գործադիրի համար օրենսդիր մարմնի բանաձեւը պարտադիր բնույթ չունի:

2014-ին արտգործնախարար Շթայնմայերը Հայաստանում հայ-թուրքական հաշտեցման ծրագիրն էր հետապնդում, այդ պատճառով հանդիպեց նաեւ հասարակական կազմակերպությունների մի շարք ղեկավարների հետ, որոնք, սիրալիր հանձնառությամբ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին փորձում էին հաշտեցնել ոճրագործի եւ զոհի ժառանգներին: Շթայնմայերը գիտի, որ իր հոր եւ պապերի սերունդը ոճրագործի իր վարկը մաքրել է մեղքի ճանաչմամբ, հատուցմամբ: Շոայի, Ողջակիզման պարագայում Շթայնմայերը գիտակցում է, որ այն կարող է կրկնվել, եթե ինքը՝ որպես ԳԴՀ նախագահ չերաշխավորի հրեաների ազատությունն ու անվտանգությունն իր երկրում, Իսրայելի գոյության իրավունքը, Իսրայելի պետական շահն անտեսի:

Նախագահ Շթանմայերը հրաշալի հռետոր է, զգայուն՝ իր երկրի քաղաքացիներին ուղղված գրավոր հաղորդագրություններում: Որեւէ անգամ ապրիլի 24-ին չի դիմել իր երկրում բնակվող հայերին, Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին, վերապրողներին ուղղված գթասրտության որեւէ խոսք չի լսվել նրա շուրթերից:

Մարտի 30-ին Երեւան ժամանելով՝ նախագահ Շթայնմայերը կարող էր սրբագրել ուրացողի իր վարկը, եթե Հայոց ցեղասպանության 110-ամյա տարելիցի նախօրեին Ծիծեռնակաբերդում խոնարհվեր զոհերի հիշատակի առջեւ, այցելեր թանգարան- ինստիտուտ, ծանոթանար գերմանացի ականատեսների վկայություններին, եղեւնի տնկեր Հիշատակի պուրակում, որ հայ մարդը խնամելով, կանաչ պահելով կնորոգեր գերմանացի եւ հայ ժողովրդի դարավոր ուխտը՝ քրիստոնյա մշակույթների հարազատությունը:

Ի դեպ, Շթայնմայերի այցի ծրագիրը կազմողները մասամբ մոռացել են, որ Գերմանիան աշխարհիկ պետություն լինելով կարեւորում է հոգեւորի դերը: Բաքվում հոգեւոր առաջնորդների հետ Շթայնմայերը հանդիպելու է, իսկ ու՞մ կամքով է  Հայաստանում ԳԴՀ նախագահը զրկվում նորոգությունն ավարտած Սուրբ Էջմիածին այցից, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպումից, մանավանդ որ Գարեգին Երկրորդը 1975-ին  գերմանահայ համայնքի հոգեւոր հովիվ է նշանակվել,  միաժամանակ Վիեննայում ստացած իր աստվածաբանական կրթությունը շարունակել Բոննի համալսարանում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Լուսանկարում՝ ԳԴՀ արտգործնախարար Շթայնմայերը 2014 թվականի հոկտեմբերին սպիտակ մեխակներ է խոնարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31