Ինչո՞ւ են մարդիկ ձգտում դառնալ իշխանական պատգամավոր կամ կառավարության պաշտոնյա: Շատերը, բնականաբար, իրենց նյութական վիճակը բարելավելու համար՝ տարբեր բիզնեսներին ձեռք գցելու, Հայաստանում եւ արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու եւ կյանքի այլ բարիքներից օգտվելու համար:
Բայց մարդը բարդ էակ է, եւ ինքնահաստատման զուտ նյութական ձեւը նրան չի կարող բավարարել: Նրանք կարիք ունեն ամեն օր ապացուցելու, որ իրենք ինչ-որ բանի են հասել բացառապես իրենց աներեւակայելի տաղանդների եւ այլ չտեսնված արժանիքների պատճառով: Ոչ թե քծնելու եւ մանր խարդավանքների շնորհիվ: Իսկ դրա համար անհրաժեշտ է անընդհատ «վերխ հավաքել» որեւէ մեկի վրա: Ապացուցել, որ իրենք ընտրյալ են եւ գրեթե օծյալ, իսկ մենք՝ մնացածներս, լավագույն դեպքում՝ «Օփել քշող համբալներ»:
Ինչի մասին է երազում ստրուկը; Սովորաբար, այդ հարցին իր պատասխան, մարդիկ պատասխանում են՝ «ստրուկը երազում է ազատություն մասին»: Դա սխալ պատասխան է: Եթե մարդը ստիպված է ստորանալ (իսկ առանց ստորանալու Հայաստանում հնարավոր չէ լինել իշխանական պատգամավոր կամ բարձրաստիճան պաշտոնյա, որովհետեւ մեր երկրում փաստացի միապետություն է), ապա, որպես փոխհատուցում, նա ձգտում է ստորացնել, վիրավորել բոլորին, ում հնարավորություն ունի: Եվ նա կարծում է նաեւ, որ հնարավորությունից բացի, իրավունք էլ ունի, որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, պատրանք ունի, թե իր դիրքին է արժանացել Աստծո կողմից տրված շնորհների պատճառով:
«Հաբռգածության» բարձր մակարդակը ես նաեւ վերոնշյալում եմ տեսնում, ոչ միայն ցածր կուլտուրայի եւ ընտանեկան վատ դաստիարակության մեջ: Լակմուսի թուղթն այստեղ լրագրողների հանդեպ վերաբերմունքն է, որը չի փոխվել այս 34 տարիների ընթացքում: Լրագրողների հետ լկտիավարի շփվելը հենց այն ագրեսիան է, այն ինքնահաստատման մարմաջը, որով իշխանավորները փորձում են քողարկել իրենց թերարժեքության բարդույթը:
Խորհուրդ գործընկերներիս: Արձագանքե՞լ, թե՞ չարձագանքել լպիրշ իշխանավորների պահվածքին, իհարկե, ձեր գործն է: Կարեւոր է, որ նրանց ասածները պետք չէ չափից դուրս լուրջ ընդունել: Արդեն ներկայացրեցի, թե ինչու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ձախողումները բոլոր բնագավառներում այնքան ակնառու են, որ լակմուսի թղթի անհրաժեշտությունը շուտվանից վերացել է։ Համաձայն եմ մեր լպիրշ իշխանավորների ներկա վարքը պայմանավորող բոլոր գործոնների հետ, որ նշում եք վերևում։ Լրագրողների հանդեպ վերաբերմունքի հիմքում էլ դրանք են․
1, Ցածր կուլտուրան ու անբարոյական կերպարը (տես այստեղ․ https://www.youtube.com/shorts/gdLJpRnqVtg);
2, Ընտանեկան դաստիարակությունը (տես այստեղ․ https://news.am/arm/news/700552.html);
3, Ապիկարությունը (վերնագիրը կարդալը բավական է․ https://www.aravot.am/2025/03/13/1475116/)
Այդ դրսևորումներնը սրվում ու հետագայոմ էլ՝ սրվելու են, քանի որ, իրենք, ինչքան էլ սահմանափակ լինեն մտավոր ունակությունները, սկսել են գիտակցել իրենց ոչնչությունը ու մարդկանց՝ իրենց նկատմամբ ունեցած ատելության չափը։
Վերևի մեկնաբանության մեջ անունս նորից մոռացել էի։
Խմբագրականը կարդալէս ետք գտայ եւ դիտեցի տեսանիւթը:
Միւս, կին լրագրողներից ոե՛ւէ մէկը, նուազագոյն չափով իսկ, չպաշտպանեց յարձակումի ենթարկուած իրենց գործընկերուհիին..
Բայց ինք շատ լաւ տնօրինեց կացութիւնը: Ինքնազուսպ եւ զօրեղ կերպով: Ափսոս, որ այլեւս չի աշխատում այս թերթում: Ինչպէս նաեւ բազմաթիւ այլ, լաւ լրագրողներ: Կ’ենթադրեմ որ վարչակարգին չհաճոյանալու – եւ միաժամանակ, ընդդիմութեան չծառայելու – ֆինանսական գինն է, պատճառը:
Մ. Հայդուկ Շամլեան