«Ժողովրդավարություն եւ անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում մանրամասն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամության մասին մեկ օրվա ընթացքում նույն բովանդակությամբ մի քանի անգամ համացանցում գրառում կատարելու դրդապատճառներին, ասաց, որ իր համոզմամբ նա դա անում է միայն այն բանի համար, որպեսզի Ադրբեջանի նոր էսկալացիայի դեպքում մեր հանրությանը հերթական անգամ մանիպուլացնի, թե ինքը ամեն բան արեց խաղաղության համար եւ պատերազմի համար ինքը մեղավոր չէ:
Անդրադառնալով նաեւ խաղաղության համաձայնագրի ադրբեջանական նախապայմաններին՝ տիկին Զոհրաբյանը նշեց, որ առաջին պահանջը Սահմանադրությունը փոխելն է, երկրորդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, երրորդը՝ միջազգային բոլոր ատյաններից Ադրբեջանի դեմ ուղղված հայցերը հետ կանչելը եւ վերլուծեց երրորդ պահանջի բուն էությունը:
«Ալիեւի պահանջը միջազգային բոլոր ատյաններից, տվյալ դեպքում՝ ՄԻԵԴ-ից եւ Հաագայի դատարանից հայցերը հետ կանչելն է: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. եթե Նիկոլ Փաշինյանը համարձակվի առանց հանրաքվեի, առանց արցախցիների մեջ հարցում անցկացնելու միջազգային բոլոր կառույցներից Ադրբեջանի դեմ ներկայացված հայկական հայցերը հետ կանչելու միանձնյա որոշում կայացնել, որոնք բոլոր շանսերը ունեն հաղթելու, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի սահմանադրությամբ կկատարի հերթական պետական դավաճանությունը: Նույն Նիկոլ Փաշինյանն էր 2019 թվականին հայտարարել, որ իրավասություն չունի Արցախի հարցով որեւէ քննարկման մասնակցելու, որովհետեւ արցախցիները իրեն նման մանդատ չեն տվել:
Եվ հիմա հարց է առաջանում: Որ արցախցիները քեզ մանդատ չեն տվել իրենց վերաբերյալ բանակցություն վարելու, այդ ո՞ր արցախցին է քեզ մանդատ տվել, որ դու հետ կանչես, օրինակ, Հաագայի դատարանի հայցը, որի որոշումը այլեւս կա եւ որոշման մեջ գրված է, որ Ադրբեջանը պարտավոր է ստեղծել բոլոր պայմանները արցախցիների ապահով վերադարձի համար: Եվ ասում եմ. սիրելի հայրենակիցներ, թույլ չտաք, որ Նիկոլ Փաշինյանը մեր փոխարեն որոշում կայացնի միջազգային ատյաններից հետ կանչելու բոլոր հայցերը ռազմական հանցագործ Ադրբեջանի դեմ, հետ կանչելու ցեղասպանական հայցերը, հետ կանչելու մեր որդիներին կենդանի գլխատելու հայցերը, հետ կանչի 2023 թվականի սեպտեմբերին Արցախի էթնիկ զտման հայցը, հետ կանչի քիմիական զենք ֆոսֆորով մեր զինվորներին եւ քաղաքացիական անձանց սպանելու հայցերը: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի սահմանադրությամբ նման որեւէ իրավունք չունի եւ միջազգային ատյաններից Արցախի վերաբերյալ որեւէ հայց հետ կանչելու իրավասություն չունի:
Կարդացեք նաև
Ի՞նչ կլինի, եթե այնուամենայնիվ, չհասցնենք նրան հեռացնել եւ թույլ տանք, որ Նիկոլ Փաշինյանը հայցերը հետ կանչելու որոշում կայացնի: Արդյունքում կլինի այն, որ մենք որպես պետություն ընդունում ենք, մեզանից յուրաքանչյուրը որպես ՀՀ քաղաքացի ընդունում է, որ Ռամիլ Սաֆարովը ճիշտ է արել, որ Բուդապեշտում մորթել է խաղաղ քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որ Ադրբեջանը ճիշտ է արել՝ երեք օրում դատարկելով Արցախը: Դա կնշանակի, որ Արցախի եւ արցախցիների վերադարձի թեման ընդմիշտ փակված է:
Պատկերացնո՞ւմ եք՝ Շվեյցարիայի Դաշնային Խորհուրդը ընդունում է բանաձեւ՝ կոչ անելով արցախցիներին եւ ադրբեջանցիներին՝ ստեղծել հարթակ, նստել եւ բանակցել արցախցիների վերադարձի վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանը ասում է. «Ոչ: Ես հետ եմ կանչելու միջազգային բոլոր հայցերը»: Նա դրանով փակում է երբեւէ արցախցիների վերադարձի թեման Արցախ ու Արցախի հարցը ընդհանրապես»,-ասաց տիկին Զոհրաբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ