Սկիզբը՝ այստեղ:
Արցախցիների վերջին օրերն իրենց բնօրրանում դաժան ավարտ ունեցան: Բենզինի պահեստի պայթյունը կարծես 2020-ից ի վեր արցախցիների՝ դրամայի վերածված կյանքի պատմության ապոգեյն էր, ծանրագույն հանգուցալուծումը:
Այդ պայթյունն ավելի շատ կյանք խլեց, քան 2023թ. պատերազմը։
Այս պայթյունի զոհ դարձած մարդկանց պատմություններն ինքնատիպ ու ցավագին են:
Կարդացեք նաև
Հրանտ Հովսեփյան
Պատմում է Հրանտի կինը՝ Արեւիկը
Վառելիքի պահեստի մոտ Հրանտիկից հետո մի տղա էր կանգնած։ Նա կենդանի մնաց ու ինձ հետո ասաց՝ հայտնվել էի հրի մեջ։ Հակասական բան կար Հրանտի՝ այնտեղ գնալու մեջ. մենք բավական բենզին ունեինք, ու նա իր ընկերոջն ասել էր՝ ես բենզինի հերթ չեմ կանգնի։ Հետո ինձ ՍՄՍ գրեց, թե գնում է Հայկազովի պահեստը։ Ես նույնիսկ չպատասխանեցի ՍՄՍ-ին, չզանգեցի, ինչպես միշտ էի անում։ Առավոտից ինձ վատ էի զգում, հղիությանս նախավերջին ամիսն էր։ Ուզում էի բլոկադայի վանդակից պրծնել։ Մտավախություն ունեի, որ քրոջս ամուսնուն կարող ա Հակարիում ձերբակալեն։ Մամայենց տանը միասին վերջին անգամ սուրճ խմեցինք, երեխային կերակրեցինք, ես մոտեցա իմ սուրբ անկյունին, ասացի. «Տեր Աստված, շնորհակալ եմ ամենի համար, ինչ որ ապրել եմ այս քաղաքում», մեր մնացող ունեցվածքը աչքիս չէր երեւում։ Հրանտին ասացի. «Ինկայի՝ մեծիս, օրորոցը վերցրու, որ երեխան ծնվի, նորը ստիպված չլինենք գնել»։ Հրանտը փակեց դուռը, բանալին էլ վերցրեց։ Ասացի՝ բանալին ինչի՞ ես վերցնում, մեկ ա՝ հետ չենք գալու։
Հետո գնացինք Հրանտի եղբոր տուն, որ միասին դուրս գանք։ Ինքը ասաց, ինչ-որ գործեր ունի ու դուրս եկավ։ Հետո Ֆեյսբուքում կարդում եմ «Ստեփանակերտում նոր աղետ է, բենզինի պահեստի պայթյունի հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ»։
Ես փորս քթիս տնկած, դուրս թռա փողոց, մեքենա կանգնեցրի, ինձ տարավ մանկական հիվանդանոց։ Վառված ու գորշաշագանակագույն դեմքով մարդիկ էին, բժիշկ չէին գտնում, որ իրենց նայի։ Հրանտը չկար։ Գնացի Հանրապետական հիվանդանոց, մտնելն արգելված էր, մի կերպ խցկվեցի, բժշկուհիներից մեկին թվաց, թե տեսել է Հրանտիկին։ Ես չորս հարկը վեր ու վար եմ անում։ Վառած մարմնի հոտ էր գալիս, մի տեղ ոտ էին կտրում, արյուն չէր գալիս։ Բոլոր վառվածները իրար նման էին՝ շագանակագույն ուռած դեմքով ու ձեռքով, կիսամերկ խանձված մարմիններով, անշարժ պառկած կամ կանգնած, կամ ուրախությունից իրենց գիրկը մտած կանանցով։ Չէի ուզում, որ Հրանտը նրանց նման անմարդկային տեսքով լիներ, բայց նա չկար։ Ասացին, դիահերձարանում նայեմ, բայց այնտեղ վեց հոգի էին, ինքը նրանց մեջ չէր։
Ու քանի որ Ստեփանակերտից արդեն այրվածներին ու մասունքները տեղափոխում էին ուղղաթիռով Երեւան, ես էլ ուղղաթիռով Երեւան մեկնեցի։ Նրանք պառկած էին պատգարակների վրա, աչքերը խուփ։ Մի քանիսը աչքերը թարթում էին, մնացածը կյանքի նշաններ ցույց չէին տալիս։ Պատկերացնում էի, որ հանկարծ ուղղաթիռում, հիվանդների մեջ կհանդիպեմ Հրանտիկին, կգրկեմ իրեն։ Երեւանում էլ նրան երկար փնտրել եմ։
Աստծուց նեղացել էի, որովհետեւ Հրանտիկը շատ մարդու էր օգնել՝ բլոկադայի ժամանակ խանութի ապրանքից առանց կտրոնի բաժին էր հանում անհայր երեխաներին, չունեւորներին։
Լուրեր էին տարածվել, որ վառվածներից մի քանիսը թուրքերի մոտ են, Կիրովաբադում ու ինձ համոզում էին դրանում։ Մարդիկ իրենց ուզածը իրականության տեղ են դնում, ու ինձ մոտ ուժ չկար նրանց հակաճառելու։ Ես պատուհանից նայեցի Կոմիտասի Ս. Խաչի գմբեթին ու ասացի. «Տեր Աստված, եթե այս տղաներից որեւէ մեկը ողջ է, թո՛ղ դա Հրանտիկը լինի։ Եթե ոչ, թո՛ղ նրա մարմինը գտնվի»։ Այդ նույն օրը նրա ԴՆԹ-ի արդյունքները հաստատվեցին։ Ես արդեն չէի չարանում։ Հրանտի եղբայրը դեպքի վայրում տեսել էր ամբողջ ընտանիքներ, որ եկել էին բեզին վերցնելու ու Երեւան ճանապարհվելու ու մնացել էին էդտեղ՝ Հայկազովում։ Այնտեղ մի հղի կին էլ էր ընկած, չէր շնչում։
Այս ամենը հասկանում եմ, բայց ամեն անգամ իր նկարին նայելիս, երեկոյան երեխաների հետ մենակ մնալիս, սիրտս մղկտում է։ Բոլորը կերազեին նման ամուսին ու հայր ունենալ։ Ինկային՝ աղջկաս, չէի կարողանում գրկել, միշտ աչքիս առաջ էր գալիս, թե նա ոնց է գրկում, երգով քնացնում նրան։ Երբ Ինկան հիվանդ էր, քմահաճ էր սննդի հարցում, Հրանտը գիշերն ապրանք ստանալիս, ամեն ինչ թողնում, գալիս էր, նրան կերակրում էր։ Բլոկադայի ժամանակ երեխային տանում էր զբոսայգի, չնայած ասում էի՝ բլոկադան վերջանա, երեխային դրսում մի ավելի հետաքրքիր տեղ կտանենք։ Ինկայի հետ նստում էր մանկական գնացքը, որ երեխան ուրախանա։ Հրանտիկի ոտքերը նույնիսկ չէին տեղավորվում՝ այնքան բարձրահասակ էր։
Երկրորդ երեխաս ծնվեց Հրանտի քառասունքի օրը։
Լեռնիկ եւ Եղիշե Մնացականյաններ
Պատմում է Լեռնիկի եւ Եղիշեի մայրը
2020թ. պատերազմից հետո, երբ գրավված տարածքներից ժողովուրդը հոսում էր Ստեփանակերտ, մենք չէինք ափսոսում կորցրած ունեցվածքը, կարեւորը, ասում էինք, մարդկային կորուստներ չունենք։ Բայց ամեն պատերազմ չէ, որ խնայում է մարդկանց։ Վերջին պատերազմում կորցրեցինք ե՛ւ մեր ամբողջ ունեցածը, ե՛ւ երկու տղաներիս։
Ստեփանակերտ էի եկել գյուղից, որ տղայիս ու աղջկաս ընտանիքների համար մի-մի պարկ ալյուր բերեմ։ Օր առաջ երկու տոննա ցորեն էինք աղացել։ Երկրորդ պարկը չհասցրի տուն բարձրացնել, գմփոցներ, դղրդյուն… ես էլ հետ գյուղ՝ Խաչմաչ չգնացի։ Փաստաթղթերս, հետ գցած գումարս, երեխաներիս ոսկին, որ 2020թ.-ից պատրաստ պահել էի, թողեցի էնտեղ։ Հարսս հազիվ հասցրեց երեխաներին նկուղ իջեցնել՝ գյուղի գլխի Կարաքենդից էին խփում մոտ գյուղի աշխարհազորի պահեստի վրա։ Հարսս շվարել էր. բանալին ավտոտնակի դռան վրա, բանալին չէր տեսնում, տանն էր փնտրում, փաստաթղթերի տոպրակն էլ կողմ գցեց, թե չէ, սա մեզ պետք չի, ու հետո կողպեքը ջարդեց, որ մեքենան հանի։ Հետո ամուսինս դիրքերից եկավ, ինքը նստեց ղեկին ու մեքենայի լուսարձակները անջատած, մեջը լիքը երեխաներ՝ վարեց։ Գյուղում մի մեքենայով չորս ընտանիք էին տեղափոխում, մարդիկ լցվում էին բեռնատարների մեջ, բենզինը գյուղապետը մեծ մեքենաներին էր տալիս։ Տղամարդիկ եւ ում համար տեղ չկար՝ ստիպված էին ոտքով, անտառով անցնել։
Զինադադարից հետո տղաներս Ստեփանակերտ եկան։ Ձմերուկ էին բերել մոտակա գյուղից ու բաժանում էին խաչմաչցիներին։ Հետո ասացին, որ Հայկազովում բենզին կա, ու նրանք գնացին էնտեղ։ Սպասում էինք իրենց, մեկ էլ պայթյունի գվվոց եկավ, հետո՝ պայթյունի լուրը։ Ոտաբոբիկ վազեցինք հիվանդանոցները, դիահերձարանները։ Բոլոր պալատներում պառկածներին ցույց էինք տալիս տղաներիս նկարը, հարցնում՝ եղբայրներին չե՞ք տեսել։ Մեկն ասաց, որ այն տեղից, որտեղ տղաս կանգնած է եղել, շատերը կենդանի են մնացել։ Բայց նրանք չկային։
Նրանց փնտրում էինք Ասկերանի ու Խոջալուի հիվանդանոցներում, ռուսական զորամասում։ Ռուսների ցուցակում նման անունով մարդ չկար։ Լսեցինք, որ Աղդամ էլ հիվանդներ են տարել։ Հաջորդ առավոտյան, երբ ամուսինս գնացել էր դեպքի վայր՝ օգնելու, մարդիկ դեռ մխում էին։ Դիերը իրար վրա դարսված էին։ Սա տեսնելուց հետո ամուսնուս մոտ դիմամկանի կծկում առաջացավ։
Աստիճանաբար հիվանդանոցները դատարկվում էին. ռուսները նրանց ուղղաթիռներով տեղափոխում էին Երեւան։ Քաղաքն էլ էր դատարկվում, ու մեր բարեկամները մեզ համոզեցին, որ մենք էլ մեկնենք։
Հակարիի կամրջին աղջիկս մեքենայից դուրս եկավ, մոտեցավ ադրբեջանցի մի գեներալի, հարցրեց պայթյունի զոհերի մասին։ Ես գույնս գցել էի, ասում էի՝ հիմա քեզ երեխաներիդ հետ պատանդ կվերցնեն։ Աղջիկս էլ ասաց՝ եղբայրներս որ չկան, թող ինձ էլ վերցնեն։ Թուրք գեներալը շատ սիրալիր արձագանքեց, ասաց, որ երեսունից-երեսունհինգ վառվածի տեղափոխել են Եվլախ։ Երեխաներին էլ ջերմուկ ու թխվածքաբլիթներ բաժանեց։
Հաջորդ օրը Երեւանում բոլորս ԴՆԹ-ի նմուշ հանձնեցինք բոլոր դիահերձարանները։ Մեր տղաներից ոչ կոշիկ, ոչ հեռախոս, ոչ մի մասունք չի գտնվել, դրա համար մեզ մոտ հույս է առկայծում, որ միգուցե կենդանի են։ Դիմեցինք ՄԻՊ-ին, միջազգային կառույցներին, արտասահման։ Ոչ մի լուր։
Ամառը պայթյունից անհետացած մի տղա իր նշանած աղջկան զանգել, ասել էր, որ Շուշիում են, մի քանի հոգով, բայց իրար չեն տեսնում։ Այս աղջիկը հետ զանգեց, բայց չպատասխանեցին։ Խեղճին հետո տարան անվտանգություն, հարցաքննեցին, հեռախոսը ձեռքից վերցրեցին ու մինչեւ հիմա հետ չեն տվել։ Պայթյունի՝ ադրբեջանցիների մոտ պահվող գերիների մասին վկայում է նաեւ մի ծառայող, որ Գետավան էր գնացել դիերի փոխանակման։ Ազերիները նրան ասել էին՝ եթե մենք այդքան վատը լինեինք, այդքան այրված մարդ չէինք փրկի։ Տալս գերի էր ընկել գյուղում, ջահել ազերիները ուզում էին մատները կտրեին, մի տարիքով ադրբեջանցի չի թողել, ասել է՝ ջահելների մատները կտրեք, որ մեր դեմ ավտոմատ են բարձրացրել։ Տալիս ականջից փորձել են օղերը հանել, ասել ա՝ ամուսնուս հիշատակն ա, ասել են՝ դե լավ, թող մնա, բայց մեզ համար ճաշ եփի։ Մի քանի որ ճաշ էր եփել դրանց համար։ Բայց ինքը գերությունից փրկվելուց, Հայաստան գալուց հետո անկողնային է դարձել։ Իմ ուղեղն էլ մի տեսակ մթագնել է։
Երկու թոռներիս հոգեբանի մոտ էինք տանում։ Հոգեբանն ասաց, որ երեխաների ներկայությամբ լաց չլինեմ, դե գիշերն եմ լաց լինում, որ չտեսնեն՝ սավանս թաշկինակ եմ դարձրել։
Որպես անհայտ կորածների ընտանիք՝ որեւէ օգնություն չենք ստանում։ Նույնիսկ նրանց աշխատավարձերը չկարողացանք ստանալ, որովհետեւ փաստաթղթեր չունեինք։ Երեք տարուց հետո, միայն, երբ անձին մահացած կհամարեն, օգնություն կարող ենք ակնկալել երեխաների համար։
Ջրավանում մեզ մի դահլիճ ցույց տվեցին, որի դուռը դեպի գոմ էր բացվում, ասացին՝ 100 000 արժի ամսվա վարձը։ Մյուս պատահած տանտիրոջ հետ պայմանագիր կնքեցինք, ու երբ մի ամիս փոխհատուցման գումարները ուշացրին, նա քիչ էր մնում մեզ դուրս հաներ։ Մեր բարեկամները մեզ շատ օգնեցին՝ լվացքի մեքենայով, սառնարանով, շորերով։ Հարսս գյուղից դուրս է եկել մի ճղած ջինսով, որով մոշի էր գնում։ Բլոկադայի ժամանակ մոշը ծախում էր, որ երեխայի համար դպրոցական շորեր առնի։
Մեր տունը Խաչմաչի ամենասիրուն տներից էր, գյուղը նկարելիս միշտ մերն էին նկարահանում։ Անասնաֆերմա ունեինք, մի քանի մեքենա, բլոկադայի ժամանակ պտղատու այգի էինք գցել, բայց դե պտուղները չվայելեցինք։
Մանվել Ավետիսյան
Քաղաք Աբովյանի գերեզմանոցը վերջին տարում ընդլայնվել է արցախցիների գերեզմաններով։ Այստեղ պատերազմին ու պայթյունին, տնանկությանը, անարդարությանն ու կորստին չդիմացած արցախցիներն են ննջում։ Նրանցից մեկը Նարինեն է, որը չորս երեխա ունի, բենզինի հերթում է զոհվել։
Բոլոր գերեզմանները չեն բարեկարգ, շատերի գրունտը հարթեցված չէ, ու չունեն ցանկապատ ու աստիճաններ։ Նրանցից առանձնանում է մեկը՝ ծաղիկների մեջ կորած, գրանիտե հղկված ճաղերով եզերված ու տաղավարով ծածկվածը։ Այս գերեզմանի բարեկարգության ու շքեղության մեջ հուսահատություն կա։ Սա տիկին Մարիետայի հուսահատությունն է, որ այս կերպ է միայն շարունակում հոգալ իր զավակների մասին։
Այստեղ է ամփոփված միայն կրտսերը՝ Մանվելը, կողքին ավագ որդու ու ամուսնու հիշատակ-մահարձաններն են կանգնեցրած, որ նրանց վրա սգալու տեղ ունենան։
Պատմում է Մանվելի մայրը՝ տիկին Մարիետան
«Իմ հիմնական լինելու տեղն է, -ցույց է տալիս գերեզմանները տիկին Մարիետան, -էն հանրակացարանի սենյակը գնում եմ գիշերելու։ Այնքան եմ գերեզմանում մնացել, որ տապաններ մշակող ընկերությունը ինձ գործի է վերցրել, ասել են՝ մեկ է, ամբողջ օրն այստեղ ես։
Երկու անգամ հոգեբուժարան եմ ընկել, մի անգամ, երբ Մանվելն ու թոռս պայթյունից մահացան, ու տասը տարի առաջ, երբ որդիս դիվերսիայի ժամանակ զոհվեց։ Մի կոշիկը ուրիշ էի հագնում, մյուսն՝ ուրիշ։
Մանվելը սկզբից պառկած էր Երեւանի այրվածքաբանականում, ոչ ոքի ներս չէին թողնում։ Հետո ճնշումս բարձրացավ, ես ինձ հոգեբանորեն վատ սկսեցի զգալ ու բարեկամներս ինձ մոտեցան, որ բան հայտնեն։ Ես չէի ուզում, որ մոտենային, գիտեի, որ Մանվելի մասին բոթ են գուժում։ Հետո ինձ չեմ հիշում, մենակ թաղմանն եմ գնացել։ Մանվելի քառասունքին աղջկաս որդին՝ Գոռս մահացավ։ Արդեն ուզում էի ինձ պատշգամբից գցել։
Պայթյունից հետո Ստեփանակերտի հիվանդանոցներում Մանվելին չէինք գտնում։ Թոռանս գտել էին վառված ոտքերով։ Հետո Մանվելը զանգեց, ասաց Խոջալուում է, որ իր համար շորեր բերենք, հագինը վառվել էր։ Ասաց՝ լավ եմ, բայց հարսնացուին ասել էր, որ վիճակը լուրջ է։ Պարզվում է՝ թոքերը, ներսի օրգանները հրդեհից վնասվել էին:
Մանվելը երեխայի նման կապված էր մեքենային։ Ուզում էր մեքենան Երեւան բերեր, որ տաքսի քշեր, մի կտոր հաց վաստակեր։ Դուրս գալիս՝ Խոջալուի մեր տնից գրեթե բան չվերցրինք։ Մանվելը հետ-հետ էր նայում, բայց ես իրեն սրտապնդում էի, որ թողածը չափսոսա, առաջ նայի, ասում էի՝ Երեւանում էլ կստեղծենք։
Աբովյանում եմ մնում, որովհետեւ տղաներս ինձ սպասում են, իրենց մոտ պիտի գամ ամեն օր։ Հետո քնելու եմ գնում նախկին հանրակացարանի 10 քմ-անոց մի սենյակում, որի համար 80 000 եմ վճարում։
Մանվելը իմ շարունակությունն է, յոթ տարեկանից վատառողջ էր, զբաղվել եմ իր առողջությամբ։ Երբ վատացավ, գյուղից ձիով տարանք Հադրութի հիվանդանոց, դե պատերազմը նոր էր վերջացել։ Այնտեղ չհասկացան, ոտքը գիպսում դրեցին, թե թող ամիսներով անշարժ մնա։ Երեւանում վերջապես ճիշտ ախտորոշեցին ու վիրահատեցին արտասահմանցիները։ Այն մութ ու ցուրտ տարիներին մեր ձեռքին փող չկար, ամուսինս էլ մեզ խանգարում էր, ասում էր՝ թող մնա ոնց կա, մի գնա Երեւան։ Գումար էլ չուներ, որ ուղարկեր։ Առանց հաց էինք մնում։ Մի օր ես կողքի պալատի մահճակալի սեղանիկից մի կտոր հաց գողացա, տվեցի Մանվելին։ Հաջորդ օրը բժիշկը տեսավ, որ լաց եմ լինում, հասկացավ՝ ինչ է եղել։ Հետո բուժաշխատողները հերթով ինձ համար ճաշ էին բերում մինչեւ գյուղի հարեւաններս ամուսնուս հասկացրին, որ հորթը վաճառի, գումարն ուղարկի մեզ։
Երեխային քաղաքում բուժելու համար գյուղից տեղափոխվել էի Խոջալու՝ Իվանյան։ Տնտեսություն էի ստեղծել, Ստեփանակերտում էլ բանջարեղենի կրպակ էի բացել՝ հենց կոլցեվոյում։
Տարելիցի հոգեհացին կային իմ համագյուղացիները, հարեւանությամբ աշխատող խանութպաններն ու բանկի աշխատողները»։
Տապանների վրա տիկին Մարիետայի բանաստեղծություններն են։ Շքեղ գրանիտե գերեզմանաքարից ժպտում է կրտսեր տղան՝ Մանվելը, մյուսից եղբայրն է նայում՝ Գարիկը։
Գարիկին
Հերոս որդիս, փառքդ միշտ վառ,
Արեւի պես լույս իմ պայծառ,
Հայրենիքի սուր ու վահան,
Հավերժական դու պահապան։
Իմ հեռավոր կարոտ անհաս,
Իմ քաջ զավակ, իմ սրտի զարկ։
Աստղերն ի վեր ճախրող արծիվ,
Առյուծասիրտ դու իմ Գարիկ։
Մանվելին
Երբ երկնքում արեւ չկա,
Իմ արեւը դու ես, Մանվել։
Երբ քաոս է կամ խանդավառ,
Իմ անդորրը դու ես, տղաս։
Երբ հույսերիս ծովն է մարած,
Իմ նավակը դու ես, տղաս։
Երբ արցունք է, թախիծ ու ճիչ,
Իմ ժպիտը դու ես, տղաս։
Թե մոլորվեմ մութ անտառում,
Արահետս դու ես, իմ կյանք։
Ու թե չկա լույսի նշույլ,
Հույս-հավատս դու ես, Մանվել։
Վերջաբանի փոխարեն
Ու այսպես էլ ապրում են, ոմանք՝ հանուն երեխաների, ոմանք էլ ապրելու նոր իմաստ դեռ չեն գտել ու ապրել չեն ուզում, երրորդները՝ հավատում են դավադրության տեսություններին ու իրենց կորածներին կենդանի գտնելու հույս ունեն։
Պայթյունի մեղքը մեկը բարդում է Արցախի կառավարության, մյուսը՝ իր, երրորդը՝ ադրբեջանցիիների, մեկ ուրիշը՝ մարդկանց անկազմակերպության վրա։
Պայթյունի զոհերի ընտանիքները մեկուսացել են աշխարհից։ Կանայք իրենց մեջ ուժ են գտնում ու հույսն իրենք իրենց վրա դնում. պետության օրակարգում նրանց հարցը տեղ չի գտել։
Մեր պատմությունների հերոսները մնացել են իրենց հարազատների սրտում, մտովի Արցախում սովորեցնում են երեխաների դասերը, ճամփորդում են, բլոկադայի ժամանակ միասին հաց հայթայթում։
Լուսինե ՎԱՆՅԱՆ
Արմինե ՎԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.03.2025