Սկիզբը՝ այստեղ:
Միջազգային հանրությունից դրական արձագանքներ եւ շնորհավորանքներ հնչեցին` ուղղված Երեւանին ու Բաքվին
Պաշտոնական Երեւանի ու Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին մարտի 13-ին արված հայտարարությանը միջազգային հանրությունն անմիջապես դրական արձագանքեց:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը, մասնավորապես, գրել է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ այլեւս չկան, ինչը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»։ Մարտի 16-ին տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Մակրոնի հետ։ ՀՀ կառավարությունից հայտնում էին. «Վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկացրել է «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին»։
Կարդացեք նաև
Միացյալ Նահանգները նախ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մակարդակով ողջունեց Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության «պատմական պայմանագրի» շուրջ բանակցությունների ավարտը։ «Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ խաղաղության հանձնառության, պայմանագրի ստորագրման եւ վավերացման, Հարավային Կովկասի մարդկանց համար բարգավաճման դարաշրջանի հռչակման ժամանակն է», – ասվում էր Պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում։
Իսկ մարտի 16-ին ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը X-ում նշեց. «Հարավային Կովկասում հակամարտությունը պետք է ավարտվի: Այս շաբաթ ես խոսեցի պարոն Հիքմեթ Հաջիեւի հետ, որը Ադրբեջանի նախագահ Ալիեւի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է: Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանը եւ Հայաստանը մեծ քայլ են արել առաջ եւ համաձայնել են խաղաղության պայմանագրի: Ես նրան ասացի, որ մենք պետք է հիմա ավարտենք խաղաղության այս գործարքը, ազատ արձակենք գերիներին եւ միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու համար: Ամերիկայի Ոսկե դարը խաղաղություն եւ բարգավաճում կբերի աշխարհին, եւ մենք չենք դադարի աշխատել, մինչեւ դա տեղի ունենա»:
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան շնորհավորելով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ խաղաղ պայմանագրի շուրջ ձեռք բերված համաձայնության կապակցությամբ, նշել էր. «Ես ձեզ քաջալերում եմ առաջ շարժվել՝ շուտափույթ ստորագրելու խաղաղության համաձայնագիրը: ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը եւ անվտանգությանն ուղղված բոլոր քայլերին»։ Եվրամիությունը ողջունելով կողմերին տեքստի վերջնականացման ուղղությամբ ճանապարհ հարթելու համար, նշել էր. «Այս հայտարարությունները վճռորոշ են տարածաշրջանում տեւական խաղաղության եւ անվտանգության ուղղությամբ։ Կարեւոր է պահպանել այս դինամիկան եւ ապահովել գործընթացի անխոչընդոտ ավարտը՝ նույն հեռանկարային եւ փոխզիջումային մոտեցմամբ՝ երկու կողմից էլ»։ Ընդգծելով իր աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ ԵՄ-ն հայտարարեց, որ պատրաստ է լրացուցիչ աջակցություն տրամադրել, եթե կողմերը նման ցանկություն հայտնեն։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի հայտարարությունները Խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների վերջնականացման վերաբերյալ, նշել էր. «2001-ին անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ երկու երկրները հանձն են առել աշխատել խաղաղ համագործակցության ուղղությամբ։ Այս Համաձայնագրի նախագիծն այդ ներուժն իրականացնելու եւ տարածաշրջանում կայուն ու տեւական խաղաղություն կառուցելու՝ երկու երկրների կամքի ապացույցն է։ Այժմ անչափ կարեւոր է պահպանել այս ընթացքը եւ ապահովել գործընթացի սահուն ավարտը՝ բարիդրացիական հարաբերությունների ոգով եւ երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով»։ Եվրախորհուրդն ամբողջությամբ սատարում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացումը եւ կշարունակի աջակցությունը երկու անդամ երկրներին՝ հատկապես մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերիշխանության նկատմամբ լիակատար հարգանք ապահովելու նպատակով, նշվել էր հայտարարության մեջ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շեշտել է, որ աջակցում է բոլոր չլուծված խնդիրները լուծելու կողմերի ջանքերին՝ ի շահ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության։
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու մասին լուրերը հուսադրող են, նկատել էր Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը, հավելելով. «Երկար բանակցություններից հետո Հայաստանի համարձակ զիջումները սա դարձնում են վերջին քայլն այն ճանապարհին, որի ընթացքում մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Կոչ եմ անում երկու կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիրը»։ Թե ինչ զիջումների մասին է խոսքը՝ Բերբոքը չէր մանրամասնել։
ՆԱՏՕ-ն ողջունել է Երեւանի ու Բաքվի միջեւ բանակցությունների ավարտը։ «Մենք ողջունում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը եւ անհամբերությամբ սպասում ենք պայմանագրի ստորագրմանը եւ վավերացմանը: Սա նշանակալի քայլ է կարգավորման գործընթացում եւ օգուտ տարածաշրջանային անվտանգության համար»,- ասվում էր հաղորդագրության մեջ։
Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար
Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության միջպետական փաստաթղթի հնարավորինս շուտ ստորագրումը կնպաստի Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը, հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը։ Կազմակերպությունը ողջունել էր բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի հայտարարությունները:
Մոսկվան` Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մակարդակով ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, շեշտեց. «Աջակցում ենք այս կարեւոր քայլին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020-2022թթ. եռակողմ պայմանավորվածություններով: Վերահաստատում ենք մեր առաջարկը՝ ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման եւ հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ողջ շրջանակում»։ Զախարովան ընդգծել էր, որ Մոսկվան նպատակ ունի նպաստել Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, ինչպես նաեւ աջակցել ընդհանուր սահմանի սահմանազատման եւ հումանիտար հարցերի հետ կապված հարցերում՝ գործընկերների համար ընդունելի չափով եւ ձեւով։ «Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով ՌԴ արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Ի.Ա.Խովաեւը պատրաստ է այցելել Բաքու եւ Երեւան՝ համապատասխան խորհրդակցություններ անցկացնելու համար։ Մենք հաստատում ենք մեր առաջարկը՝ ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակի, ինչպես նաեւ խաղաղության պայմանագրի ստորագրման համար», նշվում էր ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ։
Մարտի 14-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որին տեղեկացրել էր «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Նաեւ հայտնի դարձավ, որ Փաշինյանն ընդունել է ՌԴ նախագահի հրավերը եւ հաստատել է իր մասնակցությունը մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին: Ըստ Կրեմլի` Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը միշտ աջակցել եւ շարունակում է աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Այս նպատակներին հասնելու համար եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը միշտ կարող են հույս դնել ռուսական կողմից ցանկացած հնարավոր աջակցության վրա, նշել էր ՌԴ նախագահը։ Փաշինյանն ու Պուտինը քննարկել էին նաեւ տարածաշրջանային եւ երկկողմ հարաբերություններին վերաբերող այլ հարցեր։ Կրեմլի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Ի դեպ, մարտի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, որոնք համատեղ ոչ պաշտոնական հանդիպում էին անցկացրել, հեռախոսով կապ էին հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Կրեմլի հաղորդագրության համաձայն` տեղի էր ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում ղեկավարները քննարկել էին միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հրատապ հարցեր։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ։
Արձագանք հնչեց նաեւ Պեկինից: «Չինաստանն անկեղծորեն հուսով է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կլուծեն փոխադարձ հակասությունները եւ տարաձայնությունները երկխոսության եւ խորհրդակցությունների միջոցով եւ կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղության, զարգացման եւ բարգավաճման ապահովմանը», նշել էր Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Չինաստանը դրական է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում առաջընթացը։ Նա Երեւանին եւ Բաքվին անվանել էր` «Չինաստանի լավ բարեկամներ եւ գործընկերներ»։
Հարեւանները նույնպես ոգեւորված են հայ-ադրբեջանական բանակցությունների ավարտով
Պաշտոնական Թեհրանը դրական որակեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության պայմանագրի շուրջ փոխըմբռնումը»։ Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղայը ողջունելով երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի դրույթների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության մասին հայտարարությունը, այն համարել էր անհրաժեշտ եւ կարեւոր քայլ՝ Հարավային կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։ ԱԳՆ խոսնակը հույս էր հայտնել, որ երկխոսության եւ դիվանագիտական ճանապարհով տարաձայնությունները լուծելու կողմերի ջանքերի շնորհիվ շուտով ականատես կլինեն երկու երկրների միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը եւ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։
Մարտի 16-ին տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Հայկական կողմը տեղեկացրել էր «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագծի տեքստի համաձայնեցման եւ նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Հարեւան Վրաստանի ԱԳՆ-ն նույնպես ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը խաղաղության պայմանագրի բոլոր տասնյոթ կետերի վերաբերյալ։ «Սա պատմական քայլ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ», – ասվում էր գերատեսչության հայտարարության մեջ X-ի սոցիալական ցանցի էջում: Ավելի ուշ, մարտի 18-ին Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին նշել էր, կարեւոր է Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունն, ընդգծելով, որ Թբիլիսին մշտապես աջակցել է Երեւանի եւ Բաքվի ջանքերին՝ Բոճորիշվիլին շեշտել է, որ խաղաղության պայմանագրի կնքումը չափազանց կարեւոր է ողջ տարածաշրջանի համար։
«Մենք ուրախ ենք, որ նրանք գտել են խաղաղության ուղին եւ հայտարարել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին, ինչը չափազանց կարեւոր է ողջ տարածաշրջանի համար», – նշել էր Վրաստանի ԱԳ նախարարը։
Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին էլ իր հերթին ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը, սոցցանցում գրել էր. «Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ համաձայնագիրը կարեւոր քայլ է հարավկովկասյան տարածաշրջանում կայուն կայունության ճանապարհին։ Այս պատմական ձեռքբերումը խաղաղության եւ համագործակցության համար նոր հնարավորություններ է բացում»։
Անկարան պաշտպանում է Բաքվի պահանջները
Ինչպիսի՞ն էր Թուրքիայի իշխանությունների արձագանքը… Անկարան ամբողջությամբ պաշտպանեց Բաքվի դիրքորոշումը: Առաջին արձագանքը Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչի կողմից հնչեց` մարտի 13-ին: Նա ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշեց, որ Թուրքիայի եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացման համար «ներկա իրավիճակում նախադրյալներ չկան»։ «Ստեղծված իրավիճակում այս հարցը քննարկելու նախադրյալներ չկան։ Եվ ես դրա վերաբերյալ տեղեկություն չունեմ։ Ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ մեր դիրքորոշումն այս գործընթացի վերաբերյալ հայտնի է՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի», ասել էր Էրդողանի գլխավոր խորհրդականը։
Նա միաժամանակ խոսել էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի դիրքորոշման մասին. «Մեզ համար Ադրբեջանի անվտանգությունը եւ նրա տարածքային ամբողջականությունը ամենակարեւոր գործոններն են։ Խոսելով այս դիրքից՝ մենք ուշադիր հետեւում ենք ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցող գործընթացին, խաղաղության պայմանագրի խնդրին եւ դրան համապատասխան քայլեր ենք ձեռնարկում։ Բնականաբար, քննարկումների մեջ ենք Հայաստանի հետ։ Կան միջազգային կառույցներ, որոնցում ներկայացված են Ադրբեջանը, Թուրքիան եւ Հայաստանը։ Մենք աշխատում ենք լավագույն լուծումը գտնելու, միասին առաջ շարժվելու եւ խաղաղության մեջ ապրելու ուղղությամբ»։
Մարտի 18-ին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը իր հերթին նկատել է, թե խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված համաձայնությունը գոհացուցիչ է, սակայն միեւնույն ժամանակ ընդգծել է Երեւանի կողմից Բաքվի պահանջների կատարման կարեւորությունը՝ «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նոր թափ հաղորդելու համար»։ «Հայաստանի համար կարեւոր կլինի փոխել որոշ օրենքներ կամ սահմանադրական հոդվածներ, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ։ Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրանք այլեւս անելիք չունեն, նրանք չեն նպաստել խնդրի լուծմանը։ Երբ սրանք տեղի ունենան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ կստանա», ասել է թուրք պաշտոնյան։
Երեւան-Բաքու` նոր մեղադրանքներ
Մինչ միջազգային հանրությունը ոգեւորված շնորհավորում էր Երեւանին ու Բաքվին, Ադրբեջանը ընդամենը օրեր անց սկսեց ապատեղեկատվություն տարածել: Մարտի 16-ից սկսած Հայաստանի ՊՆ-ն ստիպված է լինում պարբերաբար հերքելու Բաքվի ապատեղեկատվություններն այն մասին, իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացում սահմանագոտու հարավ եւ արեւելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Մարտի 18-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը հանդես եկավ հայտարարությամբ, որում անդրադառնում էր մարտի 16–18–ը Ադրբեջանի ՊՆ-ի 6 հաղորդագրություններին` Հայաստան–Ադրբեջան սահմանին Հայաստանի բանակի կողմից իբրեւ թե հրադադարի ռեժիմի խախտումների մասին։ Արձանագրել էին, որ Ադրբեջանից Հայաստանին չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։ Հայկական կողմն արձանագրում էր, որ ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի, որ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է խաղաղության օրակարգով եւ որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը եւ տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը կարեւորագույն քայլ է։
Հայտարարության մեջ նշվում էր, որ 2025թ. հունվարին Հայաստանը գրավոր կերպով Ադրբեջանին է փոխանցել Ադրբեջանի արեւմտյան շրջաններից ՀՀ տարածքով դեպի ՆԻՀ, հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ, եւ ՀՀ հյուսիս–արեւմտյան շրջաններից Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ հարավային հատված, հակառակ ուղղությամբ եւ դեպի երրորդ երկրներ երկաթուղային բեռնափոխադրումների խնդրի լուծման առաջարկ, ինչպես նաեւ սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։
Նույն օրը Բաքուն պատասխանեց ՀՀ վարչապետի աշխատակազմի նշյալ հայտարարությանը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարեց, որ Բաքուն կտրականապես մերժում է մարտի 18-ի ՀՀ վարչապետի գրասենյակի հայտարարությունը, քանի որ այն «ոչ միայն անհիմն մեղադրանքներ է պարունակում Ադրբեջանի հասցեին, այլեւ խեղաթյուրում է տեղում տիրող իրավիճակը եւ սահմանամերձ շրջաններում հրաձգության դեպքերը»։ Նա նաեւ ասել էր, թե խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունն է։ Հաջիզադեն նշել էր, թե, չնայած «այդ պահանջը վաղուց է ներկայացվել», Հայաստանը շարունակում է «անտեսել այն»։ «Կրկին ընդգծում ենք Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը. համաձայնեցված տեքստի ստորագրման գլխավոր պայմանն է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը, որոնք կվերացնեն Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ որեւէ հավակնություն։ Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում պաշտոնապես լուծարել հնացած եւ ոչ ֆունկցիոնալ ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ դրա հետ կապված կառույցները»,–ասվում էր հայտարարության մեջ։ Հաջիզադեն նաեւ նկատել էր, թե հայկական կողմը «բարի կամք դրսեւորելու եւ սադրանքներից հրաժարվելու փոխարեն՝ առաջարկում է բարդ եւ գործնականում անիրագործելի նախաձեռնություններ»։
Բաքվից կրկին մեղադրանքներ են հնչել ՀՀ հասցեին սպառազինման վերաբերյալ՝ «այդ թվում սահմանամերձ շրջաններում հարվածային զինատեսակների տեղակայման առումով»։ «Ինչ վերաբերում է հաղորդակցությունների բացմանը, ապա, չնայած Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման գրավոր եւ ստորագրված պարտավորություններին, Հայաստանը չորս տարի շարունակ չի իրականացրել դրանք։ Փոխարենը, առաջարկում է անտեղի, իրագործման առումով բարդ եւ խիստ երկար երթուղիներ՝ փորձելով շեղել ուշադրությունը գործընթացից եւ իր պարտավորություններից։ Եթե հայկական կողմը իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից եւ պետք է ձեռնարկի գործնական քայլեր՝ նոր տարածաշրջանային իրողություններին համապատասխան», նշել էր նա։
Չնայած Բաքվի մեղադրանքներին` պաշտոնական Երեւանը դարձյալ վերահաստատեց՝ իրադրությունն էսկալացնելու խնդիր եւ նպատակ չունի եւ շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն՝ արձագանքելով Հաջիզադեի հայտարարություններին՝ շեշտել է՝ ՀՀ բանակը կառավարությանը ենթակա մարմին է եւ գործում է հենց այս տրամաբանությամբ։
Այսպիսով, Ալիեւն կամ փորձում է առհասարակ արգելափակել Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումը` մեղքը բարդելով Հայաստանի վրա, կամ` հիմք ընդունելով Հայաստանում ընդդեմ համաձայնագրի ստորագրման բացասական տրամադրությունները` ռազմական գործողությունների սպառնալիքով, վախի մթնոլորտ ապահովելով, ձգտում է պաշտոնական Երեւանից ստորագրություն կորզել` Բաքվի մյուս բոլոր պահանջների պարտադիր կատարմամբ:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.03.2025