«Գաթա Բենդ» համույթի հիմնադիր, «Սասուն» ազգագրական երգի-պարի խմբի ղեկավար, սարկավագ Անդրանիկ Մանուկյանը (ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյան) դիմել էր Սահմանադրական դատարան 2025 թվականի փետրվարի 17-ին: Ներկայացնելով թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ դիմումատուն նշել է, որ անհատական դիմումով վիճարկվող իրավադրույթները, ինչպես նաեւ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը հանգեցրել են իր՝ դատարանի մատչելիության, դատական պաշտպանության, արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու, վարույթի արդարացիության ապահովման եւ սեփականության պաշտպանության՝ Սահմանադրությամբ եւ միջազգային փաստաթղթերով երաշխավորված իրավունքների խախտման:
Դիմողը խնդրել է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի» 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որը համակարգային կապի մեջ է 361-րդ հոդվածի 1-ին մասի հետ, իրավակիրառ պրակտիկայում դրանց՝ դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ եւ 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին հակասող եւ անվավեր, այնքանով, որքանով, որ ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների եւ միջազգային առաջադեմ չափորոշիչների, Անդրանիկ Մանուկյանը զրկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 17-ի որոշումը վիճարկելու դատարանի մատչելիության եւ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքներից:
Դիմողի ներկայացուցիչը հայտնել էր նաեւ, որ Անդրանիկ Մանուկյանը (Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/4 հասցեի բնակիչ) զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանները ցեսիայի պայմանագրի հիման վրա ընդունելի են համարել դատավարական իրավահաջորդությամբ սեփականության ձեռքբերման վաղեմության իրավունքի փոխանցումը եւ սկզբնական hայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինել են պատասխանող Լեւոն Օրդուխանյանով, այն դեպքում, երբ հիշատակված քաղգործով հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որեւէ իրավունք պահանջվող գույքի նկատմամբ եւ օրենքով նախատեսված չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի փոխանցման հնարավորություն:
Դիմողը, որը կորցնում է իր սեփականությունը ազատ տնօրինելու իրավունքը (այդ մասին տասնյակ հրապարակումներ ենք ներկայացրել «Առավոտում»-Ռ.Մ.)՝ բարձրացրել էր հետեւյալ հարցը. «Արդյո՞ք, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 187-րդ հոդվածն ու իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 80-րդ եւ 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին: Դատարանների կողմից ձեռքբերման վաղեմության ուժով «օրենքով սահմանված դեպքերի» խախտմամբ Անդրանիկ Մանուկյանի գույքի նկատմամբ ճանաչվել է Լեւոն Օրդուխանյանի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ Լ. Օրդուխանյանը երբեւէ չի բնակվել կամ հաշվառվել նշված տարածքում. «Սեփականության իրավունքի ճանաչման պահին՝ պահանջվող գույքը եղել է քանդված՝ Լ. Օրդուխանյանի բիզնես ծրագրի իրականացման նպատակով»:
Կարդացեք նաև
Դիմողը նշել է, որ սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինել են պատասխանող Լեւոն Օրդուխանյանով այն դեպքում, երբ սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որեւէ իրավունք պահանջվող գույքի նկատմամբ:
Սահմանադրական դատարանի դատական կազմը մարտի 14-ին ՍԴԴԿՈ-10 որոշմամբ որոշել է այս գործով դատավարությանը մասնակից ճանաչել ՀՀ Ազգային ժողովին, Անդրանիկ Մանուկյանի գործն ընդունել քննության: Ըստ ՍԴ-ի՝ դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝ ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից, բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել են վիճարկվող դրույթները, գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները (բարձրացված հարցերի համատեքստում) կիրառվել են դատարանի վերջնական ակտով, դ) Դիմողը (բարձրացված հարցերի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, 3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.03.2025