Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ թե 106 միլիոն դրամի, այլ նույնիսկ 106 դրամի վատնման մասին խոսք լինել չի կարող, ինչը մենք կապացուցենք». Գեւորգ Ալթունյանի պաշտպան

Մարտ 20,2025 23:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ այսօր կայացավ ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության նախկին պետ Գեւորգ Ալթունյանի եւ նրա հետ փոխկապակցված Արտավազդ Բաղդասարյանի, Սուրեն Ալոյանի, Կարո Պողոսյանի, Արթուր Ավագյանի գործով երրորդ դատական նիստը: Ըստ մեղադրանքի, նրանք պետական բյուջեից երեք տարվա ընթացքում վատնել են ավելի քան 106 մլն. դրամ:

Պաշտպանության կողմը միջնորդություններ ներկայացրեց քրեական հետապնդումը դադարեցնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին, սակայն դատարանը դեռեւս որոշում չի կայացրել՝ միջնորդությունների քննարկումը հետաձգելով հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց ապրիլի 9-ին, ժամը 09:30-ին:

Դատական նիստի ավարտին Գեւորգ Ալթունյանի պաշտպան Գոռ Սաղոյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Գեւորգ Ալթունյանին ի սկզբանե մեղադրանք էր ներկայացվել առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու շինծու մեղադրանքով: Տեսեք, ըստ էության, ինչում է կայանում մեղադրանքի փաստական կողմը: Գեւորգ Ալթունյանը մեղադրվում էր, այսպես ասած, ինչ-որ հանցավոր խումբ ձեւավորելու մեջ եւ իր լիազորությունները չարաշահելով՝ պետությունից առանձնապես խոշոր չափի, կոնկրետ՝ 106 միլիոն դրամ գումար հափշտակելու մեջ: Ըստ վարույթ իրականացնող մարմնի, խարդախությունը դրսեւորվել էր նրանով, որ Գեւորգ Ալթունյանը ենթադրյալ հանցանք կատարելու ժամանակ զբաղեցնում էր ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը, իբրեւ թե գոյություն չունեցող ծրագրի իրագործման՝ ձեռք բերման եւ ներդրման համար պետությունից հափշտակել էր առանձնապես խոշոր չափի գումար:

Առաջին իսկ օրվանից մենք պնդում էինք, որ ծրագիրը իրականում կա, գոյություն ունի եւ ծրագրի լինելու փաստը պարզելը շատ հեշտ է: Ընդամենը մեկ-երկու օրվա եւ մի քանի գործողությունների մասին է խոսքը: Չնայած դրան, քրեական վարույթը մեկ տարուց ավելի ձգվեց եւ վարույթն իրականացնող մարմնից մոտավորապես մեկուկես տարի պահանջվեց՝ պարզելու, որ այդ ծրագիրը իրականում գոյություն ունի:

Հիմա հարց է առաջանում: Եթե ծրագիրն իրականում գոյություն ունի, ի՞նչ խարդախության մասին կարող է խոսք լինել: Իմ գնահատմամբ, այս պարագայում արդեն վարույթ իրականացնող մարմինը, տվյալ պարագայում՝ զինվորական դատախազությունը պետք է հարմարվի, այսպես ասած, նոր մեղադրանքին: Քրեական գործով նշանակված փորձաքննությունով հաստատվել էր, որ ծրագիրը կա եւ համապատասխանում է այն չափորոշիչներին, ըստ որոնց կատարվել էր գնման գործընթացը, որ ծրագիրը առկա է եղել վաղուց, այլ ոչ թե նոր է ստացվել: Ի վերջո, փորձաքննության եզրակացությամբ վարույթ իրականացնող մարմինը եւս համոզվեց, որ այս ծրագիրը կա, ստեղծվել է ճիշտ ժամանակին:

Երկար ժամանակ չէին կողմնորոշվում, թե ինչ վերջնական մեղադրանք պետք է լինի: Եվ կայացվեց հաջորդ աբսուրդային որոշումը: Մեղադրանքը փոփոխվեց, եւ Գեւորգ Ալթունյանին մեղադրանք ներկայացվեց առանձնապես խոշոր չափերի գումարի վատնման համար: Այսինքն, հիմա էլ պարզվում է, որ այո, ծրագիրը կա, բայց այն պիտանի չի եղել, հետեւաբար, Գեւորգ Ալթունյանը նախաձեռնել կամ իրագործել է անպետք ծրագրի ձեռք բերումը եւ դրա համար վճարվել է 106 միլիոն դրամ»:

Պաշտպանը նշեց, որ ոչ թե 106 միլիոն դրամի, այլ նույնիսկ 106 դրամի վատնման մասին խոսք լինել չի կարող, ինչը իրենք կապացուցեն:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31