ՀՀ Քննչական կոմիտե այսօր լրացուցիչ հարցաքննության հրավիրված Վանաձորի ոստիկանության բաժանմունքում խոշտանգման ենթարկված Տիգրան Ուլուբաբյանին սատարող քաղաքացիներն այսօր որոշեցին ի նշան բողոքի փակել կոմիտեի շենքի հարակից փողոցը: Այս որոշմանը նրանք եկան, երբ հարցաքննության ավարտից հետո Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնեց, որ գործի օբյեկտիվ քննության նախադրյալներ չի տեսնում ու թեեւ բոլոր հիմքերը կան ոստիկանների ձերբակալության, սակայն կոմիտեում հրաժարվում են այս պահին նրանց ձերբակալել:
Նախքան փողոց փակելը ոստիկանի ու փաստաբան Ռոման Երիցյանի միջեւ լեզվակռիվ եղավ: Փաստաբանը պնդեց, որ քաղաքացիներն իրավունք ունեն այդ կերպ հայտնել իրենց բողոքը. «Եթե ուզում եք բախումների տանել, մենք խնդիր չունենք»:
Կարդացեք նաև
Ի վերջո, ցուցարարները փողոց փակեցին 10 րոպեով ոստիկանների հետ գալով համաձայնության, որ 10 րոպեից հետո կհեռանան տարածքից: Պայմանավորվածությունը գործեց, ցուցարարները խաղաղ հեռացան դեպքի վայրից:
«Հարգելով ոստիկանների ցուցաբերած կառուցողական մոտեցումը՝ 10 րոպեով ճանապարհ փակելու գործողությունը իրականացնելու թույլտվության հանգամանքը՝ մենք պետք է ցուցաբերենք փոխադարձ մոտեցում: Ցույց տանք, որ չենք եկել այստեղ ոստիկանների հետ վիճելու, խոշտանգման նոր զոհեր դառնալու եւ բախումներ կազմակերպելու: Մենք չենք շարունակում մեր այս գործողությունները՝ ճանապարհ փակելու հետ կապված: Մեր հաջորդ գործողությունները պետք է կազմակերպել վաղը՝ այն ժամանակ, երբ այստեղ են ներկայանալու Տիգրանին խոշտանգած ոստիկանները նրա հետ առերես հարցաքննվելու համար» ,- բողոքի ցույցն այս խոսքերով ավարտին բերեց Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Երիցյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ