Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ծրագրերի ղեկավար Լևոն Բարսեղյանը, որը Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է «Եվրադաշինքով», Կենտրոնական Ընտրական հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների մասին հայտարարագրում նշել է, որ ունի 94,38 քառ․ մետր մակերեսով բնակելի տուն և 44,32 քառ․ մետր մակերեսով հողամաս Գյումրու Մադոյան փողոցում։
182 քառ․ մետր մակերեսով հողամաս ու շինություն էլ ունի Գյումրու Թբիլիսյան խճուղում, քաղաքի այդ նույն հատվածում համասեփականատեր է նաև 400 քառ․ մետր մակերեսով հողամասի։
Թեկնածուն մոտ 2 հա հողամաս էլ ունի Լոռու մարզի Վահագնի գյուղում։
Նա որպես եկամուտ հայտարարագրել է «Ասպարեզ» ակումբի իր աշխատավարձը՝ մոտ 4մլն․ 534 հազար դրամ, «Լևոն Բարսեղյան» ԱՁ-ից մուտքը՝ 9 մլն․ 651 հազար դրամ։
Կարդացեք նաև
Լևոն Բարսեղյանը հայտարարագրել է նաև YouTube-ի գովազդից ստացված եկամուտը՝ 1․736 ԱՄՆ դոլար և նվիրատվությունները․ Արմեն Բարսեղյանից ստացել է 3 մլն․ 650 հազար ՀՀ դրամ և Սամվել Ազիկյանից՝ 400 հազար ՀՀ դրամ։
Թեկնածուն երեք ավտոմեքենա ունի, երեքն էլ՝ «Ֆորդ» մակնիշի։
Նրա դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են 29 մլն 140 հազար ՀՀ դրամ, 4200 եվրո, 3530 ԱՄՆ դոլար, 58 ֆիլիպինյան պեսո։
Ամենաուշագրավը «Թեկնածուի թանկարժեք գույք» բաժնում լրացրած տեղեկատվությունն է։
Նա որպես թանկարժեք գույք՝ հայտարարագրել է իր սեփական գծանկարների հավաքածուն, որի արժեքը 22 մլն․ դրամ է, գրքերի հավաքածուն ու գրադարանը՝ 18,5 մլն․ դրամ արժողությամբ, հնաոճ իրերի հավաքածուն՝ 9 մլն․ դրամ արժողությամբ և մետաղադրամների հավաքածուն, որի արժեքը կազմում է 8 մլն․ դրամ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ