Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Մանասյանը դատապարտելի է համարում հանրային գործիչների, պաշտոնատար անձանց կողմից էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով վերջին օրերին լայնորեն տարածվող՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված խոսույթը

Մարտ 20,2025 19:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դատապարտելի է համարում հանրային գործիչների, պաշտոնատար անձանց կողմից էթնիկ կամ ազգային պատկանելության հիմքով վերջին օրերին լայնորեն տարածվող՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելուն ուղղված խոսույթը։

Պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները վկայում են, որ նման խոսքը վերջին օրերին ստացել է լայն տարածում։

Հատկապես ակնառու է առանձին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ինչպես նաև ներկայում ընթացող ՏԻՄ ընտրական գործընթացների շրջանակներում նման խոսույթի օգտագործումը։

Պաշտպանը հիշեցնում է, որ Հայաստանում տարածված էթնիկ և ազգային պատկանելության հիմքով ատելության խոսքին անդրադարձ է կատարել նաև Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը՝ արձանագրելով այդ ոլորտում Հայաստանում առկա խնդիրները, նման խոսքի բացառման ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ ընդգծելով կրթության միջոցով հասարակությունում բազմազանության նկատմամբ հարգանքի արմատավորման, ինչպես նաև ցանկացած անձի կամ անձանց խմբի նկատմամբ էթնիկ կամ ազգային ծագման հիմքով խտրականության կանխարգելման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը։

Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ մի շարք դեպքերում կոնկրետ էթնիկ կամ ազգային պատկանելությունն օգտագործվում է որպես վիրավորանք պաշտոնատար անձանց և հանրային գործիչների կողմից։ Ավելին, նման խոսույթ լայնորեն տարածում են նաև զանգվածային լրատվության միջոցները։

Պաշտպանն ընդգծում է, որ թե հանրային իշխանության ներկայացուցիչները, թե հանրային գործիչները և թե զանգվածային լրատվության միջոցները պետք է ակտիվ դերակատարություն ունենան ոչ թե պարզապես նման խոսույթն իրենց կողմից բացառելու, այլ այդպիսի խոսքին հակազդելու տեսանկյունից։

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում զերծ մնալ ատելություն ու խտրականություն պարունակող խոսույթից՝ ընդգծելով հասարակությունում բազմազանության նկատմամբ հարգանքի արմատավորման, ինչպես նաև ցանկացած անձի կամ անձանց խմբի նկատմամբ էթնիկ կամ ազգային ծագման հիմքով խտրականության կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ և բավարար քայլեր ձեռնարկելու կարևորությունը։

Պաշտպանն ընդգծում է նաև Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրական դրսևորումների բացառման կարևորությունը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31